16 մայիս, 2016 13:12

Հայաստանի հետ մեր համագործակցությունը ռազմավարական չէ. Խիդաշելի

Khidasheli GabalaՀայաստանի ընտրությունը պայմանավորում է նրա հետ մեր համագործակցության մակարդակը՝ բարեկամական, առանց ռազմավարական համագործակցության. Գաբալայում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Վրաստանի ՊՆ ղեկավար Թինա Խիդաշելին:

Վերջինս հստակեցրել է, որ Վրաստանի նպատակը եվրաատլանտյան ինտեգրումն է, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, հետևաբար այդ հանգամանքը պայմանավորում է վրաց-թուրքական համագործակցությունը, մինչդեռ Հայաստանի դեպքում այդ հանգամանքը բացակայում է:

«Մենք չենք ընտրում, ընտրություն չենք կատարում: Ես Երևանում էի 2016թ. հունվարին, որտեղ ասել եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերներն են: - «Գրուզիա օնլայն» կայքը մեջբերում է Խիդաշելիին: - Վրաստանն ունի բազմաթիվ ընկերներ, գործընկերներ: Մենք աշխատում ենք շատերի հետ: Այսօր Վրաստանի համար կարևորը խաղաղությունն է տարածաշրջանում: Մենք աշխատում ենք Հայաստանի հետ, նա մեր հարևանն է, և մեր միջև խնդիրներ չեն լինի: Մինչդեռ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, Վրաստանը ցանկանում է դառնալ դաշինքի անդամ, ինչն էլ պայմանավորում է մեր ռազմավարական գործընկերությունը: Հայաստանն այլ ընտրություն է կատարել՝ մտնելով Եվրասիական միություն, որտեղ մենք չենք ձգտում: Դա էլ պայմանավորում է մեր համագործակցությունը Հայաստանի հետ՝ բարեկամական, առանց ռազմավարական գործընկերության»:

Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Վրաստանում կա մեծ հայկական համայնք, այդ պատճառով հարաբերությունները Հայաստանի հետ նույնքան կարևոր են Վրաստանի համար, որքան Ադրբեջանի հետ:

Խիդաշելին նաև հայտարարել է, որ հանուն խաղաղության Վրաստանը պատրաստ է աշխատել բոլորի, «այդ թվում՝ Ռուսաստանի հետ, եթե Վրաստանն ընդունվի որպես անկախ երկիր»:

***

Մայիսի 15-ին Գաբալայում տեղի է ունեցել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը: Ի թիվս այլ հարցերի՝ երկկողմ և եռակողմ հանդիպումներում քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորումը:

Փետրվարի 1-ին Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների ղեկավարներ Սեյրան Օհանյանն ու Թինաթին Խիդաշելին Երևանում ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2016թ. ռազմական համագործակցության ծրագիրը:

Երևանում կայացած մամուլի ասուլիսին Թինաթին Խիդաշելին հայտարարել էր, որ Թուրքիան «շատ մեծ նշանակություն ունի» իր երկրի համար, և ի դեմս Անկարայի՝ Թբիլիսին ունի ՆԱՏՕ-ի անդամ հարևան երկիր, որին «շնորհակալ է նախաձեռնությունների և աջակցության համար»: