16 մայիս, 2016 11:44

Մայրական մահացություն. Հայաստանի ցուցանիշը 5 անգամ մեծ է եվրոպական միջինից

Screenshot 2016-05-16 11.41.31Հայաստանում մայրական մահացության ցուցանիշը կազմում է 25՝ 100 000 կենդանի ծնվածի հաշվով. այս ցուցանիշը գրեթե 5 անգամ բարձր է եվրոպական միջինից: Մայրական մահացության ցուցանիշի վերջին գնահատականների համաձայն՝ Հայաստանում յուրաքանչյուր 1900 կնոջից մեկը հնարավոր է՝ մահանա հղիության, ծննդաբերության կամ հետծննդյան շրջանի բարդություններից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «մայրական մահացությունը» բնորոշում է որպես հղիությամբ պայմանավորված կնոջ մահ՝ անկախ հղիության տևողությունից, որը վրա է հասել հղիության ընթացքում կամ նրա ավարտից հետո 42 օրերի ընթացքում, հղիության հետ կապված որևէ պատճառից, բարդացած վերջինիս առկայությամբ կամ վարման գործընթացով, բացառությամբ դժբախտ պատահարի կամ հանկարծակի առաջացած պատճառի:

Ամեն օր աշխարհում շուրջ 830 կին է մահանում հղիության և ծննդաբերության հետ կապված պատճառներից, որոնք հնարավոր էր կանխարգելել: Չնայած սրան՝ 1990-2015 թթ. ընթացքում մայրական մահացությունն աշխարհում կրճատվել է մոտ 44%-ով: Մայրական մահացության դեպքերի 99%-ը տեղի է ունենում զարգացող երկրներում: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը նշում է՝ փաստերը ցույց են տալիս, որ նորածինները, որոնց մայրերը մահացել են, ավելի հավանական է, որ չհասնեն իրենց երկրորդ տարեդարձին, քան այն նորածինները, որոնց մայրերը կենդանի են:

Մայրական մահացության դեպքերի առավել տարածված պատճառները, որոնք կազմում են մահերի մոտ 75%-ը, հետևյալներն են.

  • արյունահոսություն (առավել հաճախ՝ արյունահոսություն ծննդաբերությունից հետո),
  • ինֆեկցիաներ (սովորաբար՝ ծննդաբերությունից հետո),
  • հղիության ընթացքում արյան բարձր ճնշում  (նախաէլամպսիա և էկլամպսիա),
  • ձգձգված ծննդաբերություն,
  • անապահով աբորտներ:
2015թ. աշխարհում ամեն 100 000 ծնունդից գրանցվել է 216 մայրական մահացություն:

Հայաստանում մայրական մահացության ցուցանիշը, Համաշխարհային բանկի համաձայն կազմում է 25՝ 100 000 կենդանի ծնվածի հաշվով. այս ցուցանիշը գրեթե 5 անգամ բարձր է եվրոպական միջինից:

Screenshot 2016-05-16 11.41.36

Պետք է նշել, որ Հայաստանը մայրական մահացության ցուցանիշը նվազեցնելու տեսանկյունից վերջին 20 տարիներին հաջողություններ է գրանցել:

ԱՀԿ-ի ցուցումների համաձայն, եթե երկրի բնակչության թիվը նվազ է 5 միլիոնից, ապա մայրական մահացության ցուցանիշի դինամիկան ավելի հավաստի է և իրական` միջին եռամյա ցուցանիշների համեմատության մեջ (պոպուլյացիայի այդպիսի փոքր թվերի դեպքում ցուցանիշի տարեկան տատանումները մեծ են լինում, իսկ միտումները չեն արտացոլում իրական պատկերը): Միջին եռամյա տվյալները վկայում են, որ Հայաստանում մայրական մահացության ցուցանիշը շարունակաբար նվազել է՝ 100 000 կենդանի ծնվածի հաշվով 2000-ի 40,8-ից 2014թ. դառնալով 20,4:

 

Համաձայն ՀՀ առողջապահության նախարարության վիճակագրության՝ 2014թ. Հայաստանում գրանցվել է մայրական մահացության 8 դեպք, 2015թ.՝ 5 մահացություն:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը նույնպես իր դերն ունի մայրական մահացության կրճատման գործում. ՄԱԲՀ օգնությամբ Հայաստանում ստեղծվել են «Շրջիկ գինեկոլոգիական ծառայության» և «Շտապ մանկաբարձական օգնության» համակարգերը՝ դժվար հասանելի և աղքատ շրջանների բնակչության համար:

Մայրական մահացության ցուցանիշի վերջին գնահատականների համաձայն՝ Հայաստանում յուրաքանչյուր 1900 կնոջից մեկը հնարավոր է՝ մահանա հղիության, ծննդաբերության կամ հետծննդյան շրջանի բարդություններից: Լիլիթ Աբովյան

Աղբյուրներ՝

http://www.who.int/gho/child_health/mortality/neonatal_infant_text/en/

http://data.worldbank.org/indicator/SH.STA.MMRT

http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=57984

http://www.who.int/healthinfo/statistics/indmaternalmortality/en/

http://www.childinfo.org/maternal_mortality_countrydata.php