17 մայիս, 2016 15:32

Տեր-Պետրոսյանը կարևորել է շփման գծում մշտադիտարկման մեխանիզմներ ներդնելու որոշումը

levon-ter-petrosyan12Մայիսի 17-ին Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հետ:

Ինչպես հաղորդում են Հայ ազգային կոնգրեսի մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակին, Ընտրական օրենսգրքին և հատկապես ղարաբաղյան կարգավորման ներկա պահին վերաբերող հարցեր:

«Թե՛ Տեր-Պետրոսյանը, թե՛ դեսպան Քիսլերը կարևորել են երեկ Վիեննայում կայացած համաժողովի որոշումը` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մշտադիտարկման մեխանիզմների կիրառման մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

***

Մայիսի 16-ի ուշ երեկոյան Վիեննայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևիհանդիպումը, որին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության համաձայն` համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Հանդիպումից հետո համանախագահ երկրների նախարարները հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ ԼՂ խնդիրը չունի ռազմական լուծում: