23 մայիս, 2016 11:58

«Թուրքիայի նոր վարչապետը օգնում է Էրդողանին վերածնել Օսմանյան փառքը»

Yildirim AKPԹուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը խոստացել է խթանել ջանքերը նոր սահմանադրություն ընդունելու և նախագահական համակարգի անցնելու ուղղությամբ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահանջներին համապատասխան:

«Ամենակարևոր բանը, որ պետք է անենք այսօր, այս դե ֆակտո իրավիճակը իրավականորեն ամրագրելն ու խառնաշփոթին վերջ դնելն է: Դա կարելի է անել նոր սահմանադրության և դրանում ամրագրված նախագահական համակարգի միջոցով»,- ասել է Յըլդըրըմը մայիսի 22-ին «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության (ԱԶԿ) համագումարին: Ահմեդ Դավութօղլուին փոխարինող Բինալի Յըլդըրըմը ԱԶԿ-ի նոր նախագահի միակ թեկնածուն էր, որը մայիսի 22-ին Դավութօղլուի հրաժարականից հետո նախագահից նոր կառավարություն ձևավորելու մանդատ է ստացել:

Ինչպես նկատում է Hurriyet Daily News պարբերականը, չնայած համագումարի նպատակը Յըլդըրըմին որպես ԱԶԿ-ի նոր նախագահ ներկայացնելն էր, սակայն ամեն ինչ ձևավորված էր՝ ընդգծելու, որ իշխող կուսակցության իրական և անվերապահ առաջնորդը Էրդողանն է:

Համագումարին ուղղված իր ուղերձում Էրդողանը հայտարարել է, որ «հնարավոր է՝ 2014թ. օգոստոսի 27-ին նախագահ ընտրվելուց հետո իրավական կապն իր կուսակցության հետ կտրվել էր, սակայն իր սերն առ կուսակցություն երբեք չի կտրվել և չի կտրվի»:

Ստանձնելով իր պաշտոնը՝ ԱԶԿ-ի նոր նախագահը, հավատարիմ մնալով ընդհանուր ոճին, իր ելույթն սկսել է ողջունելով Էրդողանին՝ որպես «առաջնորդ և պայծառ Թուրքիայի ճարտարապետ»:

«Առաջին բաներից մեկը, որ պետք է անել երկրում, դա սահմանադրությունը փոխելն է,- ասել է Յըլդըրըմը՝ հարց ուղղելով լսարանին: - Արդյոք դուք պատրա՞ստ եք նոր սահմանադրության, նախագահական համակարգի»:

Թուրքիայի իշխող կուսակցության նոր առաջնորդն իր ելույթում անդրադառնալով Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ պայքարին՝ խոստացել է շարունակել այն «նույն ոգով»:

«Այդ գործողությունները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև PKK-ն, որի ձեռքերն արյունոտ են, կդադարեցնի իր հարձակումները: Մենք կվերացնենք ահաբեկչական այս աղետը Թուրքիայի օրակարգից»,- ասել է Յըլդըրըմը:

Խոսելով զուգահեռ պետության [Իսլամական հայտնի քարոզիչ և Էրդողանի հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած գյուլենական շարժումը համարվում է «զուգահեռ պետություն», որի դեմ Թուրքիայի նախագահը պայքար է մղում - ՍիվիլՆեթ] դեմ պայքարի մասին՝ Յըլդըրըմն ասել է, որ «երկրում կա մեկ պետություն, և դա Թուրքիայի Հանրապետությունն է»:

Նոր վարչապետը օգնում է Էրդողանին վերականգնել «Օսմանյան փառքը». Ջենգիզ Չանդար

Թուրքիայի նոր վարչապետի՝ Էրդողանին ծառայելու պատրաստակամությանն անդրադարձել է թուրք հայտնի լրագրող Ջենգիզ Չանդարը: Նա կարծում է, որ ի տարբերություն Դավութօղլուի, Յըլդըրըմը հաջողակ տեխնոկրատ է, կատարող, որը շոշափելի արդյունքներ է ցուցաբերում առանց դրսևորելու գեթ մի կաթիլ էգո:

«Նա արդյունավետ է, սակայն երբեք չի փորձում խամրեցնել իր ղեկավարին: Նա արդեն մեկ քառորդ դար անշեղորեն հավատարիմ է Էրդողանին»,- գրում է Չանդարը՝ հավելելով, որ ԱԶԿ-ի իսլամիստական հիմնական ընտրազանգվածի նպատակը «ի դեմս Էրդողանի Օսմանյան փառքը վերածնելն է»:

Ակնարկ

Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի կառավարման համակարգը խորհրդարանականից նախագահականի փոխելու ջատագովն է, թեև մայիսի 7-ին հայտարարել է, որ դա «իր անձնական ցանկությունը չէ, այլ անհրաժեշտություն Թուրքիայի համար նրա զարգացման ներկայիս փուլում»: Էրդողանը կոչ է արել չվախենալ այդ փոփոխություններից և հույս հայտնել, որ բոլորը «կսսատարեն դրանց, ու նոր սահմանադրությունն ու նախագահական համակարգը ուժի մեջ կմտնեն»:

Թուրքիայի ընդդիմությունը բացասաբար է տրամադրված նախագահական համակարգի անցման գաղափարին՝ մտավախություն ունենալով, որ նախագահը կօժտվի անսահմանափակ լիազորություններով և Թուրքիայում վերջնականապես կհաստատվի ավտոկրատ վարչակարգ:

Ստելլա Մեհրաբեկյան