23 մայիս, 2016 09:00

Ապրիլյան պատերազմը՝ Սերժ Սարգսյանի ձախողումների արդյունք

Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանը շքանշան է շնորհում եղբորը՝ Լևոն Սարգսյանին (մարտ, 2016թ.): Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանը շքանշան է շնորհում եղբորը՝ Լևոն Սարգսյանին (մարտ, 2016թ.):

Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, թե ինչի են հանգեցնում տարբեր ոլորտներում երկար տարիների քաղաքական ձախողումները։ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանը բազմաթիվ ոլորտներում ձախողումներ է ունեցել, ինչն էլ հանգեցրել  է Հայաստանի թուլացմանը, և Ադրբեջանի մոտ համոզմունք է ստեղծվել, թե պատերազմի միջոցով հնարավոր է լուծել Արցախի խնդիրը։

Սարգսյանի արտաքին քաղաքական բոլոր նախաձեռնությունները տապալվել ու բացասական ազդեցություն են ունեցել Հայաստանի համար։

Պաշտոնը զբաղեցնելուց հետո Սերժ Սարգսյանը նախաձեռնեց հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը, որը ոչ միայն խնդիրներ առաջացրեց Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, այլև տապալվեց: Հայ-թուրքական արձանագրությունների արդյունքում Թուրքիան հնարավորություն ունեցավ միջամտելու Արցախի խնդրի կարգավորմանը։

2010թ. Սերժ Սարգսյանը նախաձեռնեց Եվրոպական Միության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրման գործընթացը: Նա ամբողջ պետական համակարգը լծեց այդ գործին՝ ԵՄ հետ համապարփակ պայմանագիր պատրաստելու համար: Երեք ու կես տարի Սարգսյանի կառավարությունն աշխատեց Ասոցացման պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ, սակայն 2013թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը: Մաքսային միությանն անդամակցելու որոշումը Սարգսյանի թիմը հիմնավորում էր անվտանգության երաշխիքներ ստեղծելու նկատառումով, սակայն ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ավելի շատ մարտահրավերներ են ստեղծվել։

2008-ից Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական բացարձակ ֆիասկոն հանգեցրեց նրան, որ Հայաստանը կորցրեց հնարավոր դաշնակիցներին և վատթարացրեց հարաբերությունները գործող դաշնակիցների հետ, ինչն էլ թուլացրեց Հայաստանի դիրքերը՝ ճանապարհ հարթելով պատերազմի համար։

Սերժ Սարգսյանի՝ որպես քաղաքական գործչի ձախողումները շարունակվեցին նաև ներքաղաքական ոլորտում: Նրա կառավարման ժամանակաշրջանում տնտեսության վիճակը վատթարացավ: 2009 թ. Հայաստանի տնտեսությունը ռեկորդային անկում է ունեցել, իսկ մինչև հիմա տնտեսության զարգացման շոշափելի որևիցե արդյունք չի գրանցվել։ Թե որքան արդյունավետ են հաղթահարվել սոցիալական խնդիրները, ցույց են տալիս վիճակագրական տվյալները. 2008թ. Հայաստանում աղքատությունը կազմում էր բնակչության 26 տոկոսը, իսկ 2015թ. սկզբին աղքատության ցուցանիշը հանրապետությունում կազմել է 30 տոկոս: Այդ շրջանում նաև աճել է Հայաստանի արտաքին պետական պարտքը. 1.58 մլրդ դրամից հասել է մոտ 5 մլրդի: Չնայած մոտ 3,4 մլրդ դրամով պարտքը աճել է, սակայն տնտեսության վրա դրական ազդեցություն չի ունեցել, որովհետև այդ գումարները հիմնականում մսխվել են։

Սերժ Սարգսյանը միակ նախագահն է, որի օրոք Արցախում հայկական կողմը տարածքային կորուստներ է ունեցել:
Սերժ Սարգսյանի պաշտոնավարության 8 տարիների ընթացքում, զուտ պաշտոնական ցուցանիշների համաձայն, Հայաստանից արտագաղթել է մոտ 330 հազար քաղաքացի։ Արտագաղթի, տնտեսական անկման, աղքատների թվի աճի հետ միասին վատթարացել է նաև ներդրումային միջավայրը։ 2008թ. օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են ՀՆԱ-ի մոտ 41%-ը, որը գնալով նվազել է և 2015 թ․ հասել է 21 տոկոսի։

Կարելի է փաստել, որ Սարգսյանը գրեթե բոլոր կարևոր հարցերում ձախողումներ է ունեցել։ Նա որևիցե կերպ չի կարողացել բարելավել Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը և միջազգային  վարկանիշը, որն էլ հանգեցրել է պատերազմի։

Ավելին, Սարգսյանը միակ նախագահն է, որի օրոք Արցախում հայկական կողմը տարածքային կորուստներ է ունեցել, որը, ըստ Սարգսյանի, կազմում է 800 հեկտար։

Մարդկանց մի փոքր մասը կարծում է, որ Սարգսյանը հմուտ շախմատ խաղացող է և կարողանում է այդ հնարքները կիրառել նաև քաղաքականության մեջ։ Իրականում մանր ներքաղաքական հարցերում ինտրիգների միջոցով նա կարողանում է այդ հնարքներն օգտագործել, սակայն լուրջ քաղաքական, տնտեսական և միջազգային հարցերում, ինչպես փորձը ցույց է տալիս, նա համարյա միշտ ձախողում է։ Օրինակ Արտաշես Գեղամյանին և Հայկ Բաբուխանյանին ՀՀԿ ցուցակ մտցնելու կամ բիզնեսներում 50 տոկոս մասնաբաժին վերցնելու հարցերում կարող է հանդես գալ որպես հմուտ շախմատ խաղացող, սակայն ոչ երբեք Հայաստանի զարգացման կամ անվտանգության խնդիրները լուծելու հարցում։

Սարգսյանի արտաքին և ներքին քաղաքականության ոլորտներում ամբողջական ձախողումները թուլացրել են Հայաստանի տնտեսական և քաղաքական ներուժը, որի արդյունքում ապրիլյան պատերազմն անխուսափելի էր։ Իսկ այդ ձախողումներին էլ հաջորդել են մարդկային և տարածքային կորուստները, որոնց համար ամբողջական պատասխանատվություն կրում է Սերժ Սարգսյանը։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: