23 մայիս, 2016 12:07

Զինվո՛ր, միգուցե դու ամայի ու անպետք տարածք ես պաշտպանում

Talish, Karabakh, soldier Հայ զինվորը՝ Թալիշի դիրքերում: Լուսանկարը՝ Ռուբինա Մարկոսյանի:

Քանի որ ստացվել է այնպես, որ տարածքային կորուստների ու ռազմաճակատում մի շարք լուրջ ձախողումների համար գերագույն գլխավոր հրամանատարն ու այլ պատասխանատուներ ռազմական տրիբունալի հարցերին պատասխանելու փոխարեն լրագրողների հարցերին են պատասխանում, պետք է պատրաստ լինել լսելու կորուստների ու ձախողումների անհեթեթ և նույնիսկ անբարոյական հիմնավորումներ:

Տարածքային կորուստներն արդարացնելու համար սկզբիցևեթ փաստացի գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարեց, որ կորցրած հողերը ռազմավարական ու մարտավարական կարևորություն չունեն, ուստի աննպատակահարմար է դրանք հետ վերցնելն ու նոր զոհեր տալը:

Զարգացնելով առաջնորդի թեզը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե կորցրած հողերը «ռազմավարական նշանակություն չունեցող, չմշակվող ամայի տարածք էին», պետք լինի՝ երկու օրում հետ կվերցնեն, բայց նպատակահարմար չեն գտնում, քանի որ զոհեր կունենանք:

Արտաքուստ տպավորություն է, որ ՀՀԿ առաջնորդն ու նրա խմբավորման ներկայացուցիչները շատ մարդասիրական ու բարոյական նորմերով են առաջնորդվում: Իրականում, սակայն, տարածքային կորուստները նման կերպ արդարացնելը անարգանք է զոհված զինվորների հիշատակի հանդեպ:

Ստացվում է, որ ըստ Սերժ Սարգսյանի՝ չի կարելի անիմաստ զոհվել «անպետք» հողերը հետ գրավելու համար, սակայն պետք էր զոհվել դրանք պաշտպանելու համար: Իսկ ի՞նչ է, գերագույն գլխավոր հրամանատարը մինչև այդ 800 հեկտարը կորցնելը տեղյակ չէ՞ր, որ դրանք անկարևոր ու անպետք հողեր էին, ինչո՞ւ նյութական ու մարդկային ահռելի ռեսուրսներ էին ծախսվել այդ տարածքները պաշտպանելու համար:

Զոհվածների հարազատները պետք է հարց տան իշխանությանը, թե ինչու են իրենց երեխաները զոհվել անպիտան ու անկարևոր տարածքների համար:

Գերագույն գլխավոր հրամանատարն ու պաշտպանության նախարարությունը նաև հենց այդ 800 հեկտար հողակտորը պաշտպանելու ժամանակ զոհված զինծառայողների ծնողներին պարտավոր են բացատրություն ներկայացնել, թե ինչու են իրենց զավակները «անպիտան» հողերը պաշտպանելիս զոհվել:

Հարազատների ու ժողովրդի միակ մխիթարությունն այն է, որ նրանք զոհվել են հայրենի հողը պաշտպանելով: Զոհվածի ծնողը մտածում էր, որ հերոս որդի է տվել հայրենիքին, հիմա, սակայն, ըստ Սերժ Սարգսյանի և նրա խմբավորման ներկայացուցիչների, պարզվում է, որ տղաներն անիմաստ են զոհվել՝ պաշտպանելով ամայի, անմշակ ու անպետք հողեր:

Արցախում ծառայող բոլոր զինվորների ծնողները նախագահականից ու պաշտպանության նախարարությունից պետք է պարզեն՝ կարո՞ղ է իրենց երեխաները, կյանքը վտանգելով, ինչ-որ անիմաստ տարածքներ են պաշտպանում: Քանզի պարզ չէ, թե քաղաքական ու ռազմական ղեկավարության կարծիքով դեռ ինչքան անպետք, անկարևոր ու անմշակ հողեր կան:

Անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանն ու պաշտպանության նախարարությունը իրենց աչքաչափով անպիտան ու անմշակ հողերի քարտեզներ կազմեն ու հրապարակեն: Նաև հստակ մատնանշեն, թե որ հողերը արժե պաշտպանել ու զոհվել, իսկ որոնք արժե հենց այնպես նվիրել Ալիևին՝ մշակելու համար:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: