24 մայիս, 2016 17:21

Ցեղասպանության մասին բանաձևում փորձ է արվել իրերը կոչել իրենց անուններով. Բունդեսթագի փոխնախագահ

photo Էդելգարդ Բուլմահնը մայիսի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Գերմանիայի Բունդեսթագում շրջանառվող` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևում փորձ է արվել իրերը կոչել իրենց անուններով և ցույց տալ ժամանակին գործող գերմանական իշխանությունների մեղքի բաժինը Հայոց ցեղասպանության հարցում. այսպիսի հայտարարություն է արել Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը Երևանում մայիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպմանը:

Ինչպես հաղորդում են ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Բուլմահնը կարևորել է Գերմանիայի կողմից պատմությանն առերեսումը և պատմության խորքից իրողությունների վերհանումն ու խնդիրների հաղթահարումը, ինչպես դա եղել է Հոլոքոստի զոհերի հարցում:

Բունդեսթագի փոխնախագահը նշել է, որ բանաձևում առկա ուղերձները նաև Թուրքիային են ուղղված:

Հանդիպմանը Էդելգարդ Բուլմահնն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը և Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Նա հույս է հայտնել, որ զինադադարը կպահպանվի, պայմանավորվածությունները չեն մնա թղթի վրա և կյանքի կկոչվեն. հակառակ դեպքում կլինի իրավիճակի կրկնություն, որը, նրա համոզմամբ, չպետք է թույլ տալ:

Բուլմահնը համաձայնություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի այն տեսակետին, ըստ որի, հակամարտության կարգավորումը չպետք է ունենա ռազմական լուծում:

***

«Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևի նախագծի քննարկումը Բունդեսթագում նախատեսված է հունիսի 2-ին:

Հայոց ցեղասպանության հարցը Գերմանիայի խորհրդարանում քննարկվել էր նաև 2015թ. ապրիլի 24-ին: «1915/16 թթ. հայերի տեղահանության և ջարդերի մասին» բանաձևն այդ ժամանակ, սակայն, քվեարկության չէր դրվել։ Խորհրդարանական խմբացկությունները երկու ժամ տևած բանավեճից հետո ընդհանուր հայտարարի չէին եկել բանաձևում 1915-ի իրադարձությունների նկատմամբ «ցեղասպանություն» եզրի հստակ կիրառման շուրջ: