24 մայիս, 2016 17:36

Սեյրան Օհանյանը համաձայն չէ՞ Սերժ Սարգսյանի հետ

seyran ohanyan and serzh sargsyanՄայիսի 23-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով 800 հեկտար տարածքի կորստի մասին հարցին, ասել է.

«Թաքցնելու բան չկա, եղել է զորքերի որոշակի տեղաշարժ, որն այսօր գտնվում է ՊԲ ողջ անձնակազմի, տվյալ հատվածներում գտնվող ստորաբաժանումների վերահսկողության ներքո: Այդ տարածքներն ամրագրված են ԼՂՀ սահմաններում, և կարծում եմ, որ բանակցային գործընթացում համապատասխան ընթացք կտրվի, որը կվերաբերի նաև այս տարածքներին… Ինչպես մենք չենք մոռանում մեր պատմական տարածքները, այդպես էլ այդ տարածքները չենք կարող մոռանալ»:

Նախարարի հայտարարությունից կարելի է անել հետևյալ ենթադրությունները.

  • Կորցրած հողերը նրա համար «հայկական պատմական հողեր» կատեգորիայի մեջ են մտնում:
  • Կորցրած 800 հեկտար տարածքը ԼՂՀ սեփականությունն է՝ ամրագրված Սահմանադրությամբ: Ակնարկ առ այն, որ հողերի կարևորի ու անկարևորի խնդիր չի կարելի դնել, քանզի դա պետական միավորման սեփականություն է:
  • Եթե կորցվածը ԼՂՀ ամրագրված տարածքի մաս է, ապա առաջիկայում պետք է ընդգրկվի բանակցությունների օրակարգում՝ դրանք վերադարձնելու համար: Եթե բանակցություններով չեն վերադարձվում, ապա որպես պատմական հայկական տարածքներ դրանք ենթակա են ռազմական ուժով վերադարձի:
Նախարարի հայտարարությունը հատկանշական է մինչ այդ փաստացի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հայտարարությունների ֆոնին: Սեյրան Օհանյանի մոտեցումները սկզբունքորեն հակասում են գերագույն գլխավոր հրամանատարի մոտեցումներին:

Այսպես, մայիսի 17-ին Վիեննայից վերադառնալիս գործող նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր.

«Եթե զուտ մետրով չափենք, ապա պետք է ասեմ հետևյալը. հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հեկտարի չափ, դա մեկ հազարերորդն էլ չկա: Ռազմավարական առումով կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն, զուտ հոգեբանական առումով ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ-որ արդյունքի հասել են»:

Սերժ Սարգսյանը փաստացի հայտարարել է.

  • Կորցված տարածքներն ու Արցախի սահմանադրությամբ ամրարգված հողերը անվտանգության գոտի են, դրանք մեր պատմական հայրենիքի մաս չեն:
  • Անվտանգության գոտու մեջ կարող են լինել ռազմավարական ու մարտավարական տեսնակյունից ոչ կարևոր տարածքներ, որոնք կարելի է և զիջել Արդբեջանին՝ ինչպես օրինակ այդ 800 հեկտարը:
  • Քանի որ կորցրած 800 հեկտարը մտնում է անվտանգության գոտու մեջ, չունի ռազմավարական կարևորություն, ուստի այն հետ բերելու մասին չարժի մտածել, առավել ևս, որ ռազմական ուժի միջոցով վերադարձնելու դեպքում կարող են զոհեր լինել:
Մոտեցումների նման սկզբունքային տարբերությունների մասին բարձրաձայնումը երկու պատճառ կարող է ունենալ.
  1. Ռազմական ղեկավարությունը փորձում է սրբագրել քաղաքական ղեկավարության անհեթհեթ, բանակի ու ժողովրդի պաշտպանունակությունը դեգրադացնող ու պարտվողական հոգեբանություն սերմանող հայտրարությունները: Եթե նման փորձ է, ապա լուրջ չէ, և որևէ էական ազդեցություն չի ունենալու:
  2. Այս հայտարարությամբ պաշտպանության նախարարի շուրթերով զինվորական էլիտան անվստահություն է հայտնում գերագույն գլխավոր հրամանատարին, որը հղի է Սերժ Սրագսյանի համար խիստ անցանկալի հետևանքներով:
Եթե այս ամենը իրականում հերթական թատերականացված բեմադրություն է, ապա Սեյրան Օհանյանն է հոգեբանական հարված հասցնում հասարակությանը: Իսկ եթե բեմականացում չէ, ապա այդ հայտարարություններից հետո, եթե որևէ մոտեցում չի փոխվում կորցրած տարածքների հետ կապված, կա՛մ Սեյրան Օհանյանն է հրաժարական ներկայացնում, կա՛մ զինվորական էլիտան հրաժարական է պարտադրում Սերժ Սարգսյանին:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: