24 մայիս, 2016 15:01

Մեր պատասխանը Հունգարիային

17560_bԵրբ Ռամիլ Սաֆարովին հունգարական բանտից ազատ արձակելուց հետո մեր Գիտությունների ազգային ակադեմիան խզեց իր կապերը Հունգարիայի համանուն կառույցի հետ, արդեն պարզ էր, որ այսպիսի խելագարությունը զավակներ էլ կունենա: Եթե գիտությունը խռովում է, ինչո՞ւ պատմությունը չխելռի:

Երեկ Երևանում կանգնեցրել են զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը: Իբր Համազասպ Բաբաջանյանը Միկոյանը չէ: Ահա իշխանության մանկական ուղերձը: Իբր զրահատանկային զորքերի մարշալը Բաղրամյանից ոչնչով պակաս չէ: Դեռ լավ է, որ արձանի բացմանը հունգար որևէ զորավարի կամ 1956-ի զոհերի հարազատներից որևէ մեկին չեն հրավիրել: Իբր հունգարներին տեղն է՝ ինչո՞ւ «նրանք սպանեցին արքայազն Համլետին», այսինքն` ինչո՞ւ ազատ արձակեցին Ռամիլ Սաֆարովին:

Հայաստանի գործող ղեկավարը նախկինում մեր ԿԳԲ-ն է ղեկավարել: Գուցե հաջորդը ԽՍՀՄ ԿԳԲ-ի նախկին ղեկավար Յուրի Անդրոպովի արձա՞նն է. ասում են հայ սիրուհի է ունեցել: Ժողովուրդ, նույնիսկ մանկական խորամանկությունն ուղերձ ունի: Դուք ուզում եք ասել, որ մենք շարունակում ենք մնալ Համազասպ Բաբաջանյան տված ա՞զգ, որ եթե հարկ լինի, մեկ անգա՞մ էլ հունգար ժողովրդին կկոտորենք: Էն մարդիկ գուցե ներել էին Համազասպին, բայց ո՞վ ասաց, որ արձան էլ պետք է կանգնեցնել: Մեզ ֆաշիզմի՞ց է փրկել ընկեր Բաբաջանյանը: Լավ է արել: Բայց մենք նոր ֆաշիզմի մեջ ենք՝ գումարած ընկեր Բաբաջանյանի արձանը: Նշանակում է՝ չի փրկել, չէ՞: Եթե ՀՀԿ-ն իր առաջնորդով Միկոյան ու Բաբաջանյան է «հարություն» տալիս, ուրեմն էդ առաջնորդը «ուղերձ» ունի: Ինքը կա, չէ՞, մարտի 1-ի 10 սպանությունների մեջ: Նշանակում է, մարշալը հին իդեալ է: Դեռ պաշտպանության նախարար եղած ժամանակ է նա խոստացել կանգնեցնել Բաբաջանյանի արձանը:

Ում արձանն էլ, որ կանգնեցնեք, նա պետք է բոլորին «ասելիք» ունենա: Այսինքն` երեխան պետք է կրթությունը տեսնի, ուսանողը՝ հաջողությունները, հոգևորականը՝ մարդասիրությունը, մարդասպանը՝ «մի´ սպանիր» պատվիրանի հմայքը, հանրապետականը՝ «ոչ միայն հացիվը»: Բաբաջանյանը սխրանքների ներկայացուցիչ չէ: Գուցե կյանքեր է փրկել, գուցե ջուր է տվել լեհ կիսամեռ մի փոքրիկի: Գուցե: Բարի արարքը խորթ չէ ոչ մեկին: Բայց հուշարձանները կանխավարկածով չեն կանգնեցվում: Դրանք կանգնեցվում են, որովհետև ամենակարճ ճանապարհն են ակնհայտը շարադրելու: Եվ ուրեմն, ընկեր Բաբաջանյանի մասին գիտենք այն, որ ոչնչացրել է ֆաշիստներին և ԽՍՀՄ-ից տարանջատվել փորձող հունգար ժողովրդի մի հատվածին: Երկու դեպքում էլ մարդը հրաման է կատարել,- լսում եմ մեր քաղքենու զայրույթը: Գուցե: Բայց հուշարձանը նրան բարձրացնում է հրամանից: Հուշարձանը ցույց է տալիս, որ այդ հրամաննների մեջ նա դրսևորվել է «ստեղծագործաբար»: Եվ ի դեպ, մարշալի կոչումը «վաստակել» է հունգարական դեպքերից հետո: Իսկ ԽՍՀՄ հերոսի կոչումը վաստակել է «անձնական սխրանքի» համար:

Բաբաջանյանի անունով հուշամեդալ կա, փողոցներ, Ղարաբաղում նույնիսկ նրա անվան զորամաս կա. ինչո՞ւ հուշարձանը պետք է դառնա թեմա: Որովհետև հուշարձանը միշտ կանգնեցվում է որպես երախտապարտության բարձրագույն արտահայտություն: Այսինքն` հովվի որդին, «երկաթե սև գեներալը» արդեն դեմք ունի: Ճիշտ է, չափազանց գերեզմանային դեմք է, բայց ունի: Ինչ-որ մեկը այդ սև կոնադորի մեջ կենտրոնացրել է հավաքական մի իղձ, որը դեռ պետք է ունենանք: Մտածել, որ Բաբաջանյանից ավելի կարևոր թեմաներ կան այսօր Հայաստանում, նույնն է, երբ մեկը քեզ հազար դրամ գումար մերժի այն պատճառաբանությամբ, որ Ղարաբաղ միլիոնների զենք է ուղարկել: Նա, ով ոգեկոչել է այս հուշարձանը կանգնեցնելու գործը, պետք է ասպարեզից հեռանա: Որովհետև հուշարձաններն «ուխտատեղի» լինելու տարօրինակ խասիաթ ունեն, վաղն իմ երեխային կարող են տանել, կանգնեցնել ընկեր Բաբաջանյանի սև գերեզմանամետաղի դիմաց ու հեքիաթներ պատմել, ասենք, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի դեռևս չամբողջացած սխրանքների հանգույն:

Անձամբ հակված չեմ Բաբաջանյանին դիտարկել հակամարդ: Քանի որ նա արդեն չկա: Բայց հենց նրա մահն էլ նրան ազատում է այսպիսի «հարություններից»: Այդ հուշարձանը պետք է հեռացվի: Մենք աշխարհի միակ ժողովուրդը չենք: Հունգարները դեռ կան: Բաբաջանյանն իր «գործը» մինչև վերջ չի արել: Այս հուշարձանն իմաստ կունենա, երբ մենք ոչ միայն կլինենք «համաշխարհային ազգ», այլև միակը, որպիսին իր ժողովրդից երազում էր ստանալ բազմաթիվ երեխաներ գրկած և նույնիսկ նրանցից մեկին խնամելու փորձ արած և ինքնասպանության հասցրած Ադոլֆ Հիտլերը: Որովհետև այս հուշարձանը ֆաշիստ լինելու ուղերձ է, այլ ուղերձ չունի այն:

Եթե Սերժ Սարգսյանի թուրն աջ ու ձախ կտրում է, թող կտրի: Բաբաջանյանը մեր այսօրվա մեղքը չէ: Նա, ի վերջո, առանց հուշարձանի էլ մնում է իր առաքինությունների ու հանցագործությունների հետ: Բայց նրա արարքների ժառանգները կան, գուցե նրանցից մեկը Բաբաջանյանից պակաս կիրթ է և հանձին նրա ատում է բոլոր հայերին: Բայց ամենևին մարդկային չէ, երբ մի ենթադրյալ հայատյացի զգացումները սնում է վաղուց մեռած մի մարշալի մի շոշափելի երկրպագու:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: