26 մայիս, 2016 12:58

Լիբերմանի նշանակումն ու Բաքվի մեծ ակնկալիքները

Լիբերմանը երբեք չի թաքցրել իր համակրանքը Բաքվի նկատմամբ: Լիբերմանը երբեք չի թաքցրել իր համակրանքը Բաքվի նկատմամբ:

Մայիսի 25-ին իսրայելական «Մերեց» կուսակցության առաջնորդ Զեհավա Գալյոնը «Իսրայել մեր տուն» կուսակցության առաջնորդ, Իսրայելի պաշտպանության նորանշանակ նախարար Ավիգդոր Լիբերմանին կրկին մեղադրել է օտարերկրյա գործակալ լինելու մեջ: Դա տեղի է ունեցել Կնեսետում ոչ առևտրային կազմակերպությունների թափանցիկության մասին օրինագծի քննարկման ժամանակ:

Ի պատասխան հայտարարությանը, թե այդ կազմակերպությունների ակտիվիստները Իսրայելում օտարերկրյա գործակալներ են, Գալյոնն ասել է, որ «շուտով օտարերկրյա գործակալը կստանձնի պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնը»:

Նմանատիպ միջադեպ Կնեսետում տեղի էր ունեցել այս տարվա փետրվարին, երբ «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի քննարկման ժամանակ նույն Զեհավա Գալյոնը հայտարարել էր, որ Իսրայելի արտաքին գործերի նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանն ու նրա «Իսրայել մեր տուն» աջակողմյան կուսակցությանը «Ադրբեջանի կառավարության գործակալ են» և այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևից փող են ստանում հակահայկական լոբբինգ իրականացնելու նպատակով: Գալյոնը իսրայելա-ադրբեջանական սերտ համագործակցության մի քանի օրինակ էր բերել՝ նշելով, որ «դա ընդամենը սառցալեռան գագաթն է»:

Նա նաև մատնանշել էր Լիբերմանի «անխոնջ գործունեությունը»՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխելու ուղղությամբ:

Լիբերմանի նշանակումը ՊՆ ղեկավարի պաշտոնում

«Իսրայել մեր տուն» իսրայելական ռուսալեզու կուսակցության առաջնորդ, Իսրայելի նախկին արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը օրերս ստանձնել է երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը: Նա հայտնի է Պաղեստինի հանդեպ իր կոշտ դիրքորոշմամբ, և այսօր շատերին հետաքրքրում է մեկ հարց՝ կմեղմացնի՞ արդյոք Լիբերմանն իր հայացքները որպես պաշտպանական գերատեսչության ղեկավար: Պաղեստինի ղեկավարությունը Ավիգդոր Լիբերմանի նշանակումը որակել է «ծայրահեղականության և խելագարության խառնուրդ»:

Ադրբեջանական շրջանակների դրական արձագանքը

«Ճիշտ և ժամանակին ընդունված որոշում». այսպես են գնահատել Իսրայելի ադրբեջանական շրջանակները Ավիգդոր Լիբերմանի նշանակումը երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում: Sputnik գործակալության ադրբեջանական ծառայության հետ զրույցում Իսրայելում ապրող բազմաթիվ հայտնի ադրբեջանցիներ ողջունել են երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որոշումը և հույս հայտնել, որ իսրայելա-ադրբեջանական կապերը է՛լ ավելի կսերտանան:

«Այլ կերպ չի կարող լինել»,- կարծում է Բելառուսում Իսրայելի նախկին դեսպան, Բաքվում ծնված Յոսեֆ Շագալը:

«Լիբերմանը երբեք չի թաքցրել իր վերաբերմունքն Ադրբեջանի հանդեպ: Նա մշտապես շեշտել է, որ այդ երկու երկրները ռազմավարական դաշնակիցներ են»,- Sputnik-ին ասել է Շագալը:

«Ազ-Իզ» Իսրայել-Ադրբեջան միջազգային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Լև Սպիվակը համոզմունք է հայտնել, որ Լիբերմանն ի սկզբանե երկու երկրների միջև կապերի «շարժիչ ուժն էր», և հենց նրա շնորհիվ է հաջողվել «իսրայելական քաղաքականությունը դեմքով շրջել դեպի Բաքու»:

Լիբերմանի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության հարցում

Բաքվի հանդեպ Լիբերմանի համակրանքը ևս մեկ անգամ ակնհայտ է դարձել ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին: Այդ ժամանակահատվածում տված մի քանի հարցազրույցներում իսրայելցի քաղաքական գործիչն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Բաքվին՝ Հայաստանին մեղադրելով «հակամարտության սրման» մեջ:

«Ադրբեջանի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտությունում բացարձակապես արդարացված է»,- ապրիլի 6-ին ադրբեջանական Trend-ին ասել էր Լիբերմանը՝ հավելելով, որ, «բնականաբար, սատարում է Ադրբեջանի ժողովրդին»:

Ավելի ուշ՝ ապրիլի կեսին, իսրայելական newsru.co.il կայքի հետ զրույցում Լիբերմանը կարծիք էր հայտնել, որ ապրիլյան պատերազմը «սադրել էր Հայաստանը»:

Նա պատմել էր, որ «ուշադիր հետևում է տարածաշրջանային զարգացումներին» և վստահ է, որ «ամեն ինչ սկսվել է հակառակ կողմից, իսկ Բաքուն բանակցություններում ցուցաբերել է հավասարակշռված մոտեցում»:

Լիբերմանի համոզմամբ՝ հակամարտությունը սրվել էր Ալիևի՝ ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ, մինչդեռ «ռազմական գործողություններ սկսելու որոշումները չեն կայացվում պետության ղեկավարի բացակայության պայմաններում»:

Ստելլա Մեհրաբեկյան