26 մայիս, 2016 15:40

Նալբանդյանը հունիսի սկզբին կհանդիպի համանախագահների հետ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի սկզբին կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ. այս մասին Թվիթերում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«ԱԳ նախարար Նալբանդյանը խորհրդարանում հայտնեց` հունիսի սկզբին հանդիպելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին»,- գրել է Տիգրան Բալայանը:

Նա մեկ այլ գրառում է կատարել, համաձայն որի` ՀՀ արտգործնախարարն ասել է. «Բոլոր աշխատանքային փաստաթղթերում նշված է, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին»:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը օրեր առաջ հայտարարել էր, որ եռանախագահներն ակնկալում են հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ` Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը երեկ հայտարարել է, որ Էլմար Մամեդյարովը պատրաստ է հանդիպել համանախագահների հետ` քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցեր:

***

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մայիսի 16-ին Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների հովանավորությամբ կայացել էր Հայաստանի և Արբեջանի նախագահների հանդիպումը: Հանդիպումից հետո համանախագահ երկրների նախարարները հայտարարություն էին տարածել, որում նշվում էր, որ Սարգսյանն ու Ալիևը պայմանավորվել են հանդիպումների փուլ սկսել հունիսին փոխհամաձայնեցված վայրում՝ նպատակ ունենալով վերսկսել համընդգրկուն համաձայնագրի շուրջ բանակցությունները: