26 մայիս, 2016 16:23

Փիթեր Բալաքյանն արժանացել է ՀՀ նախագահի 2015թ. մրցանակի

17600_bՄայիսի 26-ին տեղի է ունեցել ՀՀ նախագահի 2015թ. մրցանակների հանձնման արարողությունը:

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի գրասենյակից, մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը:

Սերժ Սարգսյանի հրամանագրերով` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2015թ. մրցանակը շնորհվել է Փիթեր Բալաքյանին (ԱՄՆ)` գեղարվեստական խոսքի միջոցով Հայոց ցեղասպանությունը՝ որպես համամարդկային խնդիր աշխարհին ներկայացնելու և լուսաբանելու համար, Մոհամեդ Հանաֆի Նասրին ու Միրիամ Զաքիին (Եգիպտոս)` «Ո՞վ սպանեց հայերին» վավերագրական ֆիլմի համար:

«Հայ ժողովուրդը երախտապարտ է ձեզ այն վիթխարի աշխատանքի համար, որ դուք կատարել եք: Պարո՛ն Նասրի, տիկի՛ն Զաքի, դուք լավագույնս ապացուցեցիք, որ Հայոց ցեղասպանության հարցը միայն հայ ժողովրդի խնդիրը չէ, այլ մի ցավ է, որը կիսում են ամբողջ աշխարհի բարի կամքի մարդիկ՝ անկախ ազգությունից և կրոնից: Իսկ Փիթեր Բալաքյանն իր երկու՝ ամերիկյան և հայկական ինքնություններով ու անգլերենով ցույց տվեց այդ ցավի գեղարվեստական դրսևորման ուժը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Ամերիկահայ գրող, բանաստեղծ և հետազոտող Փիթեր Բալաքյանն ապրիլին պոեզիա անվանակարգում արժանացել էր 2016թ. Պուլիտցերյան մրցանակի` «Օզոնի հանդես» բանաստեղծությունների շարքի համար: Բալաքյանի «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանությունը և Ամերիկայի արձագանքը» գիրքը 2005թ. արժանացել է Ռաֆայել Լեմկինի անվան մրցանակի՝ ընդգրկվելով New York Times պարբերականի բեսթսելլերների ցանկում:

ՀՀ նախագահի 2015թ. մրցանակակիրների ցանկն ամբողջությամբ` այստեղ: