27 մայիս, 2016 10:51

Հայաստանը կրկին մեկուսացվում է

Iran Transit Route EUԻրանական Presstv.ir կայքի փոխանցմամբ՝ Թեհրանը աշխատանքներ է տանում նոր տրանսպորտային միջանցք մշակելու ուղղությամբ, որը Իրանի հարավային Բանդար Աբաս նավահանգիստը կկապի ԵՄ-ի հետ: Այդ մասին հայտարարել է Իրանի երկաթուղու ներկայացուցիչ Հասան Աշուրին:

Ըստ նրա` նոր երթուղին մեկնարկելու է Իրանից և անցնելու է Անդրկովկասի երկրների տարածքով: Աշուրին հայտնել է, որ նոր տրանսպորտային երթուղի ստեղծելու շուրջ արդեն իսկ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ադրբեջանի և Վրաստանի հետ:

«Երթուղին ներառելու է երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ: Այն անցնելու է Վրաստանի և Ադրբեջանի տարածքով: Նախագիծը հատուկ մշակվել է Թուրքիան շրջանցելու համար` ԵՄ ապրանքներն արտահանելիս: Նախագծի իրականացման արդյունքում տեղափոխման ժամանակը կկրճատվի 45-ից մինչև 23 օր: Նախագծին կմասնակցեն ՌԴ-ն և Ֆինլանդիան»,- Press TV-ի փոխանցմամբ` ասել է Իրանի երկաթուղու ներկայացուցիչ Հասան Աշուրին:

Ճակատագրի հեգնանքով ուղիղ մեկ տարի առաջ՝ 2015թ. հունիսին, «Ռոսիյսկիե ժելեզնիե դորոգի» ընկերության (ՌԺԴ) նախագահ Վլադիմիր Յակունինը ասել էր. «Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը կոմերցիոն տեսակետից անիմաստ է, այդ իսկ պատճառով արդյունավետ չէ: Դա նման է այն բանին, որ պատի վրա լուսամուտ տեղադրես, որը նայում է ոչ մի տեղ»: Այժմ այդ «ոչ մի տեղ չնայող լուսամուտի» ակտիվ ներգրավվածությամբ Պարսից ծոցը կապվում է Ֆիննական ծոցի հետ: Այդ նախագիծը հավակնում է դառնալ տարածաշրջանի հանգուցային տրանսպորտային միջանցքներից մեկը:

Կանոնավոր բեռնափոխադրումների համար լավագույնս հարմարեցված, միջազգային չափանիշներին համապատասխանող և ժամանակակից սարքավորումներով զինված Իմամ Խոմեյնի, Բանդար Աբաս իրանական նավահանգիստները Հայաստանի համար ռեալ այլընտրանք են տրասնպորտային միջանցքները դիվերսիֆիկացնելու առումով: Ինչպես նաև հնարավորություն` տարածաշրջանում առանցքային տրանսպորտային նախագծերի մասնակցելու համար:

Սակայն մեր իշխանությունները հետևողականորեն մսխում են այդ հնարավորությունները:

Հայաստանի շահերին հարվածող հետևանքներն իրենց շատ սպասել չեն տալիս՝ տարածաշրջանում մեկնարկում է ևս մեկ գլոբալ տրանսպորտային նախագիծ: Հայաստանը ևս մեկ նախագծով կրկին մեկուսացվում ու մարգինալացվում է:

Հատկանշական է, որ այդ նախագծում ընդգրկված են Հայաստանի բարեկամներ Իրանն ու Վարաստանը, ինչպես նաև ռազմավարական դաշնակից Ռուսաստանը:

Այս նախագծի համատեքստում կարելի է ևս մեկ անգամ հայտարարել, որ Հայաստանի դաշնակիցներն ու բարեկամները հերթական անգամ դավաճանեցին ու թիկունքից հարվածեցին մեզ: Ու այդ ոճի մեջ շարունակել բարոյախրատական ու մեղադրական ճառեր հնչեցնել Վրաստանի, Իրանի կամ Ռուսաստանի դավադիր քաղաքականության վերաբերյալ:

Սակայն անհարժեշտ է դուրս գալ էմոցիոնալ ու գետտոյական մտածելակերպի կապանքներից ու վերջապես գիտակցել, որ մեր անհաջողությունների, ձախողումների, մեկուսացման ու մարգինալացման մեջ միայն մենք ենք մեղավոր:

Իրանը կամ Ռուսաստանը մեղավոր չեն, որ դեռ 2008թ. Սերժ Սարգսյանը հայտարարում է՝ «...առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվել...», սակայն մոտ մեկ տասնամյակ անց նույնիսկ երկաթգծի նախագծի հետքը չկա: Որևէ երկիր մեղավոր չէ, որ Իրան-Հայաստան կապը ավտոմոբիլային ճանապարհով ամրամպնդելուն միտված, 2009թ. մեկնարկած «Հյուսիս-հարավ» շուրջ 500 կմ ընդհանուր երկարություն ունեցող ճանապարհից 7 տարվա ընթացքում Սերժ Սրագսյանի վարչակազմին չի հաջողվել կառուցել անգամ 100 կմ: Որևէ պետություն չի սպասելու, թե Հայաստանը երբ է հեռանկարային ծրագրերին մասնակցելու հայտ ներակայացնելու. Հայաստանի հետ, թե առանց` նրանք հետևողականորեն սպասարկում են սեփական շահերը:

Սեփական ձախողումների պատճառներն այլ երկրներում փնտրելն իրհակե հեշտ է և գրավիչ, սակայն դա մեզ ճահճից դուրս չի բերում, այլ ընդհակառակը` խեղդում է մեր իսկ ստեղծած ճահճում:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: