6 հունիս, 2016 11:06

Էրդողանը քննադատել է Մերկելին և սպառնացել ԵՄ-ին միայնակ թողնել իր խնդիրների հետ

Erdogan Merkel GenocideԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատության է ենթարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Եվրամիությանը՝ հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման համար:

Հիշեցնելով Հոլոքոստը՝ Էրդողանը ծաղրել է Գերմանիային և ասել, որ «այն պետք է լիներ վերջին երկիրը, որը կարող էր նման մեղադրանքներ հնչեցնել»:

Նա նաև խորհուրդ է տվել Գերմանիային «վերահետազոտել Գերմանական կայսրության օրոք տեղաբնիկ նամիբիացիների սպանդը մոտ մեկ դար առաջ», որը Բեռլինը դեռ չի ճանաչել որպես ցեղասպանություն:

Թուրքիայի նախագահի քննադատության թիրախն էր, մասնավորապես, կանցլեր Մերկելը:

«Նրանք ազնիվ չեն, նրանք անկեղծ չեն»,- Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ հունիսին 4-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Էրդողանը:

«Հեյ, Գերմանիա, ի՞նչ ես ուզում անել: Ո՞րն է քո խնդիրը, ասա՛: Երբ խոսում էի նրա հետ (Մերկելի), գիտե՞ք՝ ինչ է ինձ ասել նա դեպքից երեք-չորս օր առաջ: Նա ասել է՝ «Ես կանեմ հնարավորը,- պատմել է Թուրքիայի նախագահը: - Սա՞ է Ձեր արած «հնարավորը»՝ չմասնակցել խորհրդարանի քվեարկությանը: Եթե ազնիվ լինեիք, կմասնակցեիք: Մի կին «դեմ» է քվեարկել, երկրորդ «դեմը» կլիներ Ձերը, և ես Ձեզ կծափահարեի»:

Էրդողանը հերթական անգամ ասել է, որ Թուրքիան երբեք չի ընդունի տեղի ունեցածը:

«Այստեղ հարցը հայերին չի վերաբերում… Հայկական հարցը ամբողջ աշխարհում օգտագործվում է Թուրքիային շանտաժի ենթարկելու համար և նույնիսկ սկսել է օգտագործվել որպես մտրակ: Ես դիմում եմ ամբողջ աշխարհին: Կարող է դա ձեզ դուր գալ, կամ՝ ոչ: Մեր դիրքորոշումը հայկական հարցում հստակ է եղել հենց սկզբից: Մենք երբեք չենք ընդունի ցեղասպանության մեղադրանքները: Կամ խնդիրների արդարացի լուծումներ գտնենք, կամ Թուրքիան դադարում է լինել պատնեշ Եվրոպայի խնդիրիների առաջ: Ձեր խնդիրները կթողնենք ձեզ»,- սպառնացել է Թուրքիայի ղեկավարը և ԵՄ-ին մեղադրել «քարոզչամեքենաներ, հայերին և ահաբեկչական խմբերին օգտագործելու մեջ»:

Էրդողանը  աշխարհին կոչ է արել «հարգել պատմությունը և բացել արխիվները՝ հարցը թողնելով պատմաբաններին»:

***

Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ընդունվեց «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևի նախագիծը: Բանաձևը համատեղ մշակել են իշխող կոալիցիայի մաս կազմող Քրսիտոնեա­դեմոկրատական միություն (CDU) և Քրիստոնեական­սոցիալական միություն (CSU), Սոցիալ­դեմոկրատական (SDP) և ընդդիմադիր Կանաչների կուսակցությունները:

Ստելլա Մեհրաբեկյան