6 հունիս, 2016 11:46

Հայաստանն ու Իրանը այցագրային ռեժիմի ազատականացման մասին հուշագիր կնքեցին

 

Iran RA VisaՀունիսի 5-ին պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, Մոհամադ Ջավադ Զարիֆը նշել է, որ Իրանը առանձնահատուկ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցությանը, և համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելությունները հնարավորություն են ընձեռում դրանք առավել ամրապնդելու և խորացնելու համար։

Զրուցակիցները համակարծիք էին, որ Իրանի Նախագահի՝ Հայաստան նախատեսվող այցը կարևոր լիցք կհանդիսանա հայ-իրանական փոխգործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնելու համար։

Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի: Կարևորվել է արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը։

Էդվարդ Նալբանդյանը և Մոհամադ Ջավադ Զարիֆը հանգամանալից քննարկել են առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի, բնապահպանության և տուրիզմի ոլորտներում համագործակցության զարգացման, գործարար շրջանակների միջև կապերի խթանման, երկու երկրներում միջազգային տնտեսական ցուցահանդեսներին փոխադարձ մասնակցության հարցեր: Նախարարները կարևորել են երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև համագործակցության հաստատման շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը և Մոհամադ Ջավադ Զարիֆն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների: Քննարկվել է իրավիճակը Մերձավոր Արևելքում, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունների իրագործման, դրա արդյունքում տարածաշրջանում ստեղծված փոխգործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ: Այս առումով Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ այդ համաձայնությունը միջազգային հարաբերություններում 2015թ․ ամենանշանակալի ձեռքբերումներից էր, ինչը մեկ անգամ ևս ի ցույց դրեց, որ քաղաքական կամքի առկայության պարագայում դիվանագիտական ու բանակցային ճանապարհով կարելի է հասնել ցանկացած, նույնիսկ ամենաբարդ խնդիրների լուծմանը:

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից ապրիլի սկզբին սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը: Կարևորվել է Վիեննայում գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչումը: Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել միջազգային իրավունքի հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի հավասարակշռված սկզբունքային դիրքորոշումը։

Նույն օրը Իրանի նախագահի նստավայրում Էդվարդ Նալբանդյանը և Մոհամադ Ջավադ Զարիֆը ստորագրել են Հայաստանի և Իրանի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման մասին հուշագիրը: 

«Թեհրանի և Երևանի միջև այցագրային ռեժիմի վերացումը վերջին մի քանի ամիսներին հայ-իրանական հարաբերություններում նշանակալի առաջընթացի և կողմերի միջև տևական խորհրդակցությունների արդյունք է»,- հուշագրի ստորագրման մասին գրել է իրանական IRNA գործակալությունը:

***

Հունիսի 5-ին պաշտոնական այցով Թեհրան ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

ՀՀ կառավարությունը հունիսի 2-ի նիստին հավանություն էր տվել Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ներկայացնելով որոշման հիմնավորումը, ասել էր, որ համաձայնագրի ստորագրումը բխում է Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները խթանելու, փոխշահավետ տնտեսական, առևտրային և այլ կապերն ամրապնդելու անհրաժեշտությունից:

Համաձայնագիրը սահմանում է, որ երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պետությունների տարածքում` առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում:

«Համաձայնագրի ստորագրումը կխթանի նաև երկկողմ զբոսարջությունը և կստեղծի առավել նպաստավոր պայմաներ ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների փոխադարձ այցելություններրի համար»,- ասել էր Քոչարյանը: