6 հունիս, 2016 12:49

ՀՐԱՏԱՊ. Ծեծել են Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին (թարմացվող)

19:30

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱՎԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ս.թ. հունիսի 6-ին ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ բռնություն կիրառելու փաստի առթիվ խորհրդարանական խմբակցությունները հայտարարում են.

- կատարվածն անթույլատրելի արարք է պատգամավորի հանդեպ, եւ այն լուրջ հարված է Արցախում ձեւավորված ժողովրդավարական սկզբունքներին,

- դատապարտում ենք տեղի ունեցածը եւ համոզված ենք, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր միջոցները՝ հանցագործությունը բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

ԼՂՀ Ազգային ժողովի՝

«Հայրենիք» «Ժողովրդավարություն» «Դաշնակցություն» եւ «Շարժում - 88» խմբակցություններ

06 հունիսի, 2016թ. ք.Ստեփանակերտ

19:20

Ինձ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել. Հայկ Խանումյան

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը, որի նկատմամբ այսօր դաժան բռնություն են գործադրել, իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ սպառնալիքներին տակ իրեն ստիպել են թուղթ ստորագրել:

«Ես բավականաչափ շփվել եմ թե գողականների, թե քարշ եկել դատարաններում` գլխիս սարքած գործերի գծով: Եղել եմ նաև խուլիգանների հարձակման թիրախ բազմաթիվ անգամ: Բայց առաջին անգամ եմ առնչվում բեսպրեդելի հետ: Փոքրուց ինձ սովորեցրել են, որ բեսպրեդելի ձեռքն ընկնելուց պետք է ձերբազատվել: Այսօր տեղի ունեցած դեպքը դրա վկայությունն է: Ինձ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել, որը ես գրել եմ և ստորագրել, ինչպես նաև վիդեո են սարքել, որտեղ պահանջել են նշել, որ երեկվա դեպքերը սխալ են եղել: Ուզում եմ ասել, որ թղթի ստորագրումը և վիդեոն եղել են տակտիկական քայլ` բեսպրեդելի ձեռքից ազատվելու համար, նամանավանդ, որ արդեն կոտրված էին կողերս, քիթս, այտոսկրս և այլն: Վիդեոն և թուղթը իրենցից ոչ մի ուժ չունեն, քանզի իմ կողմից դրանք արվել են ուժեղ ցավերի և սպառնալիքների տակ: Ես Արցախից որևէ տեղ չեմ գնալու, իմ գլխավոր նպատակը այն է, որ Արցախը դառնա գործոն, պաշտպանված լինի, և ոչ ոք Արցախի ճակատագիրը բազարի առարկա չդարձնի: Ինձ ծեծողներից 7-ին ճանաչում եմ, նրանց տվյալները ընկերներս ճշտում են, տվյալները կփոխանցվեն այլ ընկերների»:

18:30

«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խումբը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, որում «խստորեն դատապարտում է» Հայկ Խանումյանի դեմ կիրառված բռնությունը։

«Այն մարդիկ, ովքեր որոշում են կայացրել և իրականացրել այս արարքը, լրջորեն հարվածել են Լեռնային Ղարաբաղի պետականությանը և հեղինակությանը։

Հայաստանի ու Ղարաբաղի շահերից է բխում, որ ԼՂՀ իշխանություններն այս քրեական հանցագործությունը բացահայտեն։ Կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

18:20

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ` «խստորեն դատապարտելով» Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստը:

«Բռնությունը չպետք է տեղ ունենա ներհայկական հարցերի լուծման գործում, նման գործելաոճն անընդունելի է և մեծագույն վնաս է հասցնում Արցախի Հանրապետության պետականությանը, նրա վարկանիշին:

Կոչ ենք անում ԼՂՀ իրավապահ մարմիններին՝ հնարավորինս արագ պարզել կազմակերպիչների ինքնությունը և պատժի ենթարկել Ազգային Ժողովի պատգամավորի վրա հարձակում կազմակերպած անձանց»,- ասված է հայտարարության մեջ:

18:10

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը,  «Ա1+»-ի հետ զրույցում մեկնաբանելով Հայկ Խանումյանի ծեծի վերաբերյալ տեղեկատվությունը, ասել է, որ այստեղ քաղաքական որևէ ենթատեքստ չկա:

«Դրան լավ ճանաչելով, նման զարգացում երևի մի օր պետք է լիներ։ Այստեղ քաղաքական որևէ ենթատեքստ չկա, չի էլ կարող լինել։ Պարզապես նրա պահվածքը, բնավորությունն այնպիսին է, որ միշտ կպնում է ինչ-որ մարդկանց, անպատվում է, պրովոկացիաների է ենթարկում»,- ասել է նա: Բաբայանը նշել է, որ նման երևույթ եղել է նաև նախկինում. «Հիմա տեղյակ չեմ, բայց որքան տեսնում եմ լրատվամիջոցներից, այդպիսի մի բան արել է։ Դժբախտաբար, իմանալով դրան, առնչվելով դրա հետ, գիտեմ՝ ինչպիսի մարդ է»։

Հարցին՝ չեք տեսնում այստեղ քաղաքական ենթատեքստ, պարոն Բաբայանն ասաց. «Որևէ քաղաքական ենթատեքստ չկա։ Քանի ընդդիմադիր ունենք, որոնք ոչ պակաս քննադատություն են իրականացնում, բայց անձնապես երբևիցե որևէ մեկին չեն վիրավորում։ Սա Ղարաբաղն է, պատերազմով անցած ժողովուրդ ենք, չի կարելի, որ մեկը շահարկի, թե ընդդիմադիր է, չնայած այդ ընդդիմադիր… վերապահումով կարելի է մոտենալ այդ ամենին։ Երևի մի բան արել է, էլի։ Երևի մեկին անպատվել է, մի վատ բան է ասել, ինչ-որ մեկն էլ չի դիմացել»։

Նախօրեին Հայկ Խանումյանը հայտարարել էր, թե նախաձեռնող խումբ են ձևավորել՝ քաղաքական դաշտ վերադարձած ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին Պաշտպանության նախարար նշանակելու համար։ Սա մի՞թե զուգադիպություն է այսօրվա կատարվածի հետ. «Պաշտպանության նախարարը գյուղապե՞տ է, որ ընտրեն։ Պետք է օրենքները հարգվեն։ Սա 1917 թի՞վն է. բոլշևիկյան հեղափոխությո՞ւնն է, որ հրամանատարների ընտրեն։ Ի՞նչ է նշանակում. պահանջում են, որ մեկին նշանակեն Պաշտպանության նախարար։ Այդ պահանջը, արդյունք, բնական է, չի տալու։ Դա սադրանք է»։

Դիտարկմանը, թե շատ գործիչներ, նաև՝ Արցախից, նշում են, որ այնտեղ իրական ընդդիմություն գոյություն չունի, ինչ-որ վտանգ ներկայացնո՞ւմ էր Հայկ Խանումյանը, ԼՂՀ նախագահի խոսնակը նշել է. «Ընդդիմություն կա։ Ընդդիմություն կոչվածներն էլ պետք է այնպես անեն, որ չարժեզրկվեն։ Հիմա եթե մեկն անպատվում է մարդկանց, ի՞նչ անենք. լռե՞նք։ Կրկնում եմ՝ դժբախտաբար, լավ ճանաչելով դրան, ահագին օգնել եմ ես այդ… չեմ էլ ուզում մարդ կոչեմ։ Գիտեմ՝ ում հետ գործ ունեմ, տեսել եմ՝ ինչ է դա իրենից ներկայացնում։ Կարծում եմ՝ դիտավորյալ է դա արել, որպեսզի քաղաքական երանգ տա»։

17:50

Հայտարարությամբ է հանդես եկել նաև ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Այսօր` հունիսի 6-ին, ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Արցախի ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը Ստեփանակերտում ենթարկվել է բռնության: Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փաստի առթիվ որևէ դիմում չի ստացել:

Այդուհանդերձ, ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ պատգամավորի նկատմամբ ցանկացած բռնություն խստորեն դատապարտելի է, և ակնկալում է, որ իրավապահ մարմինները փաստի առթիվ կիրականացնեն լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն: Հաշվի առնելով Հայկ Խանումյանի կարգավիճակը` պաշտպանը հատուկ կարևորում է, որ քննության արդյունքների մասին հանրությունը պատշաճորեն իրազեկվի:

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իր իրավասության սահմաններում հետևելու է փաստի վերաբերյալ քննության ընթացքին»:

17:40

Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքին Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՀ նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը:

17:30

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու, ինչպես նաև ՍիվիլՆեթի լրագրող, քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանից հեռախոսը խլելու և նրա լրագրողական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը:

«Կոչ ենք անում ԼՂՀ իրավապահ մարմիններին քրեական գործ հարուցել կատարված դեպքի հատկանիշներին համապատասխան հոդվածներով, հայտնաբերել միջադեպի մեղավորներին և լուծել նրանց պատասխանատվության հարցը։ Համոզված ենք, որ նման միջադեպերը խոչընդոտում են ժողովրդավարության զարգացմանն ու կայացմանն Արցախում»,- ասված է հայտարարության մեջ:

16:15

ՍիվիլՆեթի լրագրող, քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը պատմում է Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին: Զինվորական համազգեստով անձինք Մալխասյանից խլել են նրա հեռախոսը, երբ փորձել է նկարել Խանումյանի նկատմամբ բռնությունը:

15:30

«Նոր Հայաստան» քաղաքական շարժումը հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով Հայկ Խանումյանի վրա կատարված հարձակումը:

«Մեր զորակցությունն ենք հայտնում Հայկ Խանումյանին ու ներկայիս բախտորոշ իրավիճակում հանուն Հայրենիքի անվտանգության ապահովման կրկին ոտքի կանգնող բոլոր ազատատենչ արցախցիներին»,- ասված է հայտարարության մեջ:

14:20

ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր «Շարժում 88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը նույն խմբակցության պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ այցելել է հիվանդանոց, խոսել ծեծի ենթարկված Հայկ Խանումյանի հետ:

13:48

ՍիվիլՆեթի թղթակից Դերենիկ Մալխասյանը Ստեփանակերտից հաղորդում է, որ Հայկ Խանումյանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Ներկայում բժիշկները զննում են նրան, նրա կյանքին, ըստ բժիշկների, վտանգ չի սպառնում:

Հիվանդանոցի մոտ հավաքվածներն ասում են, որ Հայկին բերել-նետել են ինչ-որ ավտոտնակների մոտ, որտեղից շտապ-օգնության մեքենան հասցրել է հիվանդանոց:

Ոստիկանությունից ներկայացուցիչներ են եկել հիվանդանոց, փորձում են Հայկ Խանումյանի հետ խոսել:

Հայկ Խանումյանի կնոջն առայժմ թույլ չեն տվել տեսակցել ամուսնուն:

***

Hayk KhanumyanԼեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանին ծեծելով տարել են: Այս մասին հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրող Դերենիկ Մալխասյանը Ստեփանակերտից:

Մալխասյանի փոխանցմամբ՝ առավոտյան «Արմենիա» հյուրանոցի սրճարանում պայմանավորված են եղել հանդիպել Հայկ Խանումյանի հետ՝ հարցազրույցի համար: Երբ Խանումյանը մոտեցել է, զինվորական համազգեստով մի քանի հոգի նրան խփելով նստեցրել են ավտոմեքենա և տարել: Դերենիկ Մալխասյանը փորձել է հեռախոսով նկարել՝ ինչ է կատարվում, նրա հեռախոսը առգրավել են:

«Ազգային վերածնունդ» կուսակցության համակիր Էլմիրա Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ Խանումյանին ծեծված վիճակում տաքսիով բերել են իրենց տան մոտ:

Նրա կինը` Դիանա Մովսիսյանը, փոխանցել է, որ քիչ առաջ զրուցել է ամուսնու հետ. վերջինս իրեն հրահանգել է տանից դուրս չգալ։ Ներկայում Խանումյանը Ստեփանակերտի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է:

Հայկ Խանումյանը հանդես է գալիս ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին ԼՂՀ պաշտպանության նախարար նշանակելու նախաձեռնությամբ: