8 հունիս, 2016 12:01

ԼՂ կարգավորման վերաբերյալ շրջանակային պայմանավորվածության հեռանկար կա. Պոպով

Popov2ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլի վերաբերյալ զրուցել է ռուսական Interfax գործակալության հետ: Վերջինիս համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ շրջանակային պայմանավորվածության հասնելու հեռանկար կա: Հարցազրույցը թարգմանաբար, որոշ կրճատումներով՝ ստորև:

- Հակամարտության գոտում իրավիճակի դրական փոփոխություն կա՞  Վիեննայում վերջերս Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո:

- Ինչպես գիտեք, այդ հանդիպման ընթացքում նախագահները հաստատել են իրենց հանձնառությունը հրադադարի պահպանմանն ու հակամարտության խաղաղ կարգավորմանը: ԵԱՀԿ-ի դիտորդներից ստացվող տեղեկատվության համաձայն՝ այդ պայմանավորվածությունը ընդհանուր առմամբ պահպանվում է: Հատկապես, եթե համեմատենք այսօրվա իրադրությունը ապրիլի սկզբին եղած դրության հետ: Հետևաբար կարևոր է հասնել Վիեննայում կայացրած պայմանավորվածությունների գործնական իրագործման, որոնք վերաբերում են ռազմական ռիսկերի նվազեցմանն ու բանակցային գործընթացի վերսկսման պայմանների ստեղծմանը:

- Ինչպե՞ս է գնահատվում երկխոսությունը նախագահականից դեպի պարբերական փորձագիտական մակարդակ տեղափոխելու հնարավորությունը և որքանո՞վ է այդ առումով կարևոր Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների համաձայնությունը՝ ԵԱՀԿ-ի շրջանակում ամենակարճ ժամկետներում միջադեպերի հետաքննության մեխանիզմի մշակման հարցում:

- Փորձագիտական մակարդակի դուրս գալու հնարավորությունը կախված է կողմերի պատրաստակամությունից՝ հաղթահարել առանցքային հարցերի շուրջ առկա տարաձայնությունները և հասնել շրջանակային պայմանավորվածության: Դրանից հետո կարելի է խոսել փորձագիտական խմբերի ստեղծման մասին, այդ թվում՝ պայմանավորվածությունը իրավականորեն պարտադիր փաստաթղթի տեսքով ամրագրելու նպատակով: Դրա համար կան հեռանկարներ: Վիեննայում նախագահները սկզբունքորեն պայմանավորվել են էական հարցերի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտության մասին:

Ինչ վերաբերում է միջադեպերի հետաքննությանը, ապա համապատասխան մեխանիզմի ստեղծման աշխատանքի ավարտի վերաբերյալ արդեն կան բարձր մակարդակի պայմանավորվածություններ, և ներկայում ԵԱՀԿ-ի մասնագետները զբաղվում են այդ մեխանիզմի վերջնական մշակմամբ: Անցյալ շաբաթ Մինսկի խմբի համանախագահ գործընկերների հետ փոխանցել ենք փորձագիտական նյութերը Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներին: Սպասում ենք կողմերի եզրակացությանը:

- Քննարկվո՞ւմ է արդյոք այժմ հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու հարցը:

- Միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը նախատեսվում է հակամարտության կարգավորման առկա ծրագրերով: Գործնականում, խաղաղապահների տեղակայման հարցը կարող է բարձրացվել միայն այն բանից հետո, երբ կկայացվեն ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական պայմանավորվածությունները: Միջազգային խաղաղապահ ուժերի գործունեության սկզբին պետք է նախորդի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի ընդունումը, ինչպես նախատեսված է ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի որոշմամբ: Խաղաղապահ կոնտինգենտների ընտրությունը այն երկրներից, որոնք պատրաստ են տրամադրել այդ ուժերը, իրականացվելու է հակամարտության կողմերի համաձայնության հիման վրա:

- Ինչպե՞ս է ռուսական կողմը վերաբերվում չճանաչված Լեռնային Ղարաբաղը բանակցություններում ներգրավելու և Մինսկի խմբի համանախագահների թիվն ավելացնելու (այդ թվում՝ Գերմանիայի հաշվին) առաջարկներին:-

- Իսկապես, ներկա փուլում ղարաբաղցիները բանակցություններին պաշտոնապես չեն մասնակցում, սակայն այդ հարցին մեծ ուշադրություն է հատկացվում համանախագահների հանդիպումներում և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ Լեռնային Ղարաբաղում: Կարծում եմ՝ որոշակի փուլում, օրինակ, շրջանակային պայմանավորվածության հասնելուց հետո, կնախատեսվի Լեռնային Ղարաբաղի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադարձի հնարավորությունը:

Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների թվի ավելացմանը, այդ հարցը ժամանակ առ ժամանակ շրջանառության մեջ է դրվում լրատվամիջոցներում և ակտիվորեն քննարկվում է քաղաքագիտական շրջանակներում: Սակայն ո՛չ եռյակի՝ կողմերի հետ բանակցություններում, ո՛չ մյուս միջնորդների հետ շփումներում համանախագահների թվի ավելացման նախաձեռնություններ առաջ չեն քաշվել: Չէ որ կարգավորման շուրջ պայմանավորվածության հասնելը կախված չէ համանախագահների թվից, այլ փոխզիջման գնալու կողմերի պատրաստակամությունից:

Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա նա որպես ԵԱՀԿ գործող նախագահ և որպես Մինսկի խմբի անդամ, ակտիվորեն աշխատում է ղարաբաղյան ուղղությամբ, անմիջական մասնակցություն է ունենում Վիեննայի պայմանավորվածությունների իրագործման հարցում, որոնք կապված են կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման հետ: Համանախագահները գտնվում են Գերմանիայի ներկայացուցիչների հետ ամենասերտ շփման մեջ:

- Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

- Տևական այս հակամարտության կարգավորման հարցում կողմերին աջակցության ցուցաբերումը Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական անվերապահ առաջնահերթություններից է: Մենք ամենևին անտարբեր չենք հարևան տարածաշրջանում ընթացող իրադարձությունների հանդեպ:

Ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ որպես Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկը: Զուգահեռաբար եռյակի կողմից համաձայնեցված մոտեցումների շրջանակում ռուսական կողմը նաև անհատական ջանքեր է գործադրում՝ հաշվի առնելով առանձնահատուկ սերտ հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ:

Մի քանի օրինակ: Ռուսաստանի անմիջական աջակցությամբ 1994թ. մայիսին ստորագրվել էր զինադադարի մասին համաձայնագիրը, որը մինչև այսօր հանդիսանում է զինադադարի հիմքը: Մեր երկրի միջնորդական ջանքերի ճանապարհին կարևոր փուլ էր նաև 2008թ. Մոսկվայի հռչակագիրը՝ ԼՂ կարգավորման վերաբերյալ առաջին և առայժմ միակ փաստաթուղթը, որի տակ դրված են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրությունները:

Մեր միջնորդությամբ 2011թ. կայացած եռակողմ հանդիպմանը ընդունվել էր որոշում զինված միջադեպերի հետաքննություն անցկացնելու և համապատասխան մեխանիզմ մշակելու անհրաժեշտության վերաբերյալ:

Ինչպես տեղյակ եք, հենց Ռուսաստանը վճռորոշ դեր խաղաց ապրլի սկզբին լայնամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցման հարցում՝ Մոսկվա հրավիրելով Հայաստանի և Ադրբեջանի Գլխավոր շտաբերի պետերին: Սակայն մեր միջնորդության հիմնական թեման օժանդակությունն է կողմերին հակամարտության կայուն կարգավորման հասնելու հարցում: Դրան են նվիրված ավելի քան երկու տասնյակ եռակողմ հանդիպումները՝ ՌԴ նախագահի մասնակցությամբ, որոնց միջև ընկած ժամանակահատվածներում աշխատել են և շարունակում են աշխատել նախարարները: Կան բովանդակային առաջարկներ, որոնց սատարել են մյուս համանախագահ երկրները: Լիահույս եմ, որ մոտակա ժամանակներում մեր միջնորդական ջանքերը կշարունակվեն: