8 հունիս, 2016 13:40

Բակո Սահակյանը բանդիտների ղեկավա՞ր, թե՞ պատանդ

bako_saakyanՀայկ Խանումյանին ծեծի են ենթարկել զինվորական շորերով բանդիտները, որոնք գործել են՝

օրը ցերեկով,

առանց դեմքները թաքցնելու,

Ստեփանակերտի սրտում (Վերածննդի հրապարակ),

մի քանի տասնյակ ականատեսների ներկայությամբ,

ԼՂՀ օրենսդիր մարմնի դիմաց՝ օրենսդիրների և տեսախցիկների առաջ,

ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանի անմիջական ներկայությամբ,

Բակո Սահակյանի նստավայրի հարևանությամբ՝ այնքան մոտ հարևանությամբ, որ անձամբ Սահակյանը կարող էր իր աշխատասենյակի պատուհանից պարզ տեսնել, թե ինչպես են բանդիտները դաժան ծեծի ենթարկում պատգամավորին:

Միայն վերոհիշյալ փաստերից ելնելով՝ հստակ կարող ենք երկու բան պնդել.

Առաջին, Հայկ Խանումյանի վրա հարձակված բանդային անձամբ հրահանգել է ԼՂՀ նախագահը՝ դրանով փորձելով արցախցիներին ցույց տալ, որ ով իր դեմ խոսի, հենց հրապարակում շանսատակ կանեն, և արցախցիները ոչ թե պետք է հարգեն իրենց իշխանություններին, այլ սարսափեն: Եվ քանի որ բանդիտական միջոցներով իշխանավորներին շատ դժվար է հարգել՝ նրանցից առնվազն կարելի է վախենալ: Եթե իրոք այդպես է, որին ես անձամբ չէի ուզենա հավատալ, ապա Բակո Սահակյանը պաշտոնապես ազդարարում է Ստեփանակերտում բռնապետական ռեժիմ հաստատելու մասին:

Երկրորդ, դատելով այն հանգամանքից, թե որքան անկաշկանդ ու բացահայտ էին Հայկ Խանումյանին ծեծում՝ կարելի է ասել, որ նրանք իրենց անպատժելի են զգացել: Հենց նրանք են Ստեփանակերտում դե ֆակտո  իշխանության ղեկին: Իսկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու իշխանության մյուս ներկայացուցիչները նրանց ձեռքում պատանդ են՝ զրկված ռեալ իշխանությունից:

***

ԼՂՀ ոստիկանությունը պետք է  շատ օպերատիվ բացահայտի հանցագործներին և նրանց պատվիրատուներին, որպեսզի փարատվեն կասկածները Ստեփանակերտում բանդիտական ռեժմ հաստատվելու վերաբերյալ: Արցախը պարտավոր է նաև սկզբունքորեն տարբերվել բռնապետական Ադրբեջանից և հարգել ժողովրդավարության սկզբունքները: Այլապես միջազգային հանրության համար կարող է էական տարբերություն չլինել, թե Արցախի ժողովուրդը ինչ բռնապետության ներքո է ապրում:

Ստեփանակերտի հրապարակում Արցախի խորհրդարանի պատագամավորին դաժան ծեծի ենթարկելով՝ բանդիտներն ուղղակի թքել են ԼՂՀ պետականանության բոլոր ատրիբուտների վրա: Նրանք դրանով կասկածի տակ են առել պետական օրինական իշխանության գոյությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Ստեփանակերտի հրապարակում Արցախի խորհրդարանի պատագամավորին դաժան ծեծի ենթարկելով՝ բանդիտներն ուղղակի թքել են ԼՂՀ պետականանության բոլոր ատրիբուտների վրա:
Եթե նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը և ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը իրականում Հայկ Խանումյանի դեմ բանդիտական հարձակման պատվիրատուները չեն, ապա շատ արագ և արդեն իսկ պետք է շատ արագ ու գործուն քայլեր ձեռնարկեն բացահայտելու բանդիտներին: Կամ էլ նրանք պետք է ահազանգեն, որ իրականում պատանդ են  բանդիտների ձեռքում:

Հ.Գ.

Իսկ Արցախում և Հայաստանում այն մարդիկ, ովքեր հայտարարում են, թե մենք՝ հայաստանցիներս, ինչ գործ ունենք, որ քիթներս խոթում ենք Արցախի ներքին գործերին, պետք է բարի լինեն բացատրելու, թե այդ դեպքում ինչու հայաստանցի երիտասարդները զինվորական ծառայություն են անցնում Արցախում՝ պաշտպանելով հայկական հողերը: Եթե գործ չունենք Արցախի ներքին գործերի հետ, ապա ի՞նչու պետք է այդ մասով գործ ունենանք:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: