9 հունիս, 2016 16:12

Կրճատված ծառայողական ավտոմեքենաները կօտարվեն

1b_5c_1Կառավարության աշխատակազմին ամրացված 15 միավոր տրանսպորտային միջոցները և 3 միավոր սարքերը հետ կվերցվեն և կամրացվեն կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությանը՝ հետագայում օտարելու նպատակով. համապատասխան որոշմանը գործադիրը հավանություն է տվել հունիսի 9-ի նիստին:

Ինչպես հաղորդում են կառավարության մամոլի ծառայությունից, բացի այդ` ավտոպահեստամասերի և այլ տրանսպորտային նյութերի ձեռքբերման նպատակով կառավարության աշխատակազմի կազմակերպած գնման ընթացակարգերն այդ ավտոմեքենաների համար նախատեսված չափաբաժինների մասով թույլատրվել է հայտարարել չկայացած:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ծառայողական ավտոմեքենաների կրճատմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարության մեկ այլ որոշմամբ առողջապահության նախարարության աշխատակազմին ամրացված` 26 միավոր տրանսպորտային միջոցը հետ է վերցվում և ամրացվում Պետական գույքի կառավարման վարչությանը՝ հետագայում օտարելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ էլ Ազգային ժողովի աշխատակազմին ամրացված 24 միավոր տրանսպորտային միջոցը հետ է վերցվել և ամրացվել Պետական գույքի կառավարման վարչությանը՝ հետագայում օտարելու նպատակով:

Հովիկ Աբրահամյանը նախարարներին ու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է 10 օրվա ընթացքում ավարտին հասցնել ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործընթացը:

Գործադիրի որոշմամբ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի, Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի, առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի սեփականություն հանդիսացող չորս ավտոմեքենաները որպես նվիրատվություն կտրամադրվեն առողջապահության նախարարությանը՝ ընթացիկ աշխատանքների պատշաճ իրականացման համար:

Միաժամանակ առաջարկվում է նաև Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակին ամրացված ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել առողջապահության նախարարության աշխատակազմին: Անդրադառնալով հարցին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ սա այն բազմաթիվ դեպքերից է, երբ ՊՈԱԿ-ների վրա ձևակերպված մեքենաներն օգտագործել են գերատեսչությունները, նախարարությունները, և նման դեպքերը պետք է բացառվեն:

***

Կառավարության մայիսի 12-ի նիստին Հովիկ Աբրահամյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, որ կառավարությունը պետք է անցնի խնայողության առավել խիստ ռեժիմի: «Պետք է ձևավորենք առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ»,- ասել էր նա: Աբրահամյանը նաև ասել էր, որ պետական կառավարման ապարատը պետք է դառնա ավելի կոմպակտ: Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին` վարչապետը նաև հանձնարարել էր վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները:

Մայիսի 19-ի նիստին կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով վերոնշյալ հանձնարարականի վերաբերյալ զեկույց, ասել էր, որ ավտոմեքենաների կրճատման խնդրին մոտեցել են փուլային եղանակով, և առաջին փուլում կրճատվելու է 797 մեքենա: