10 հունիս, 2016 11:57

Մերկելը ծափահարել է Բունդեսթագում Էրդողանի հասցեին քննադատությանը

Merkel Bundestag ApplaudՀունիսի 9-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ծափողջույններով է ընդունել Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթին, որը նիստը բացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քննադատական հայտարարություններով, հաղորդում է գերմանական DPA գործակալությունը:

«Չէի կարող պատկերացնել, որ 21-րդ դարում ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահը Բունդեսթագի ժողովրդավարական ճանապարհով ընտրված պատգամավորների հասցեին իր քննադատությունը կկապի նրանց թուրքական ծագումը կասկածի ենթարկելու հետ՝ նրանց արյունը համարելով փչացած»,- հայտարարել է Լամմերթը:

DPA գործակալությունը «արտասովոր» է անվանել այն փաստը, որ խորհրդարանի կառավարական շարքում նստածները ծափահարում են:

Բունդեսթագի նախագահը զգուշացրել է, որ առանձին օրենսդիրների վրա ճնշում գործադրողները պետք է իմանան, որ հարձակում են գործում ամբողջ խորհրդարանի վրա: Լամմերթի խոսքով՝ իրեն ցնցել էր այն, որ այդ սպառնալիքներին սատարել են բարձրաստիճան քաղաքական գործիչներ: Նա տեղեկացրել է, որ խորհրդարանը կարձագանքի բոլոր իրավական միջոցներով:

Հունիսի 2-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո Էրդողանը խիստ քննադատության է ենթարկել թուրքական ծագմամբ գերմանացի խորհրդարանականներին, որոնք մասնակցել են բանաձևի մշակմանը:

Հունիսի 9-ին Մերկելը, մեկնաբանելով Էրդողանի խոսքերը, ասել է, որ նրա դժգոհությունը «բացարձակ անհասկանալի» է իր համար:

***

Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանը, չնայած Թուրքիայից հնչող զգուշացումներին, ընդունեց «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևը: Այն համատեղ մշակել են իշխող կոալիցիայի մաս կազմող Քրսիտոնեա­դեմոկրատական միություն (CDU) և Քրիստոնեական­սոցիալական միություն (CSU), Սոցիալ­դեմոկրատական (SDP) և ընդդիմադիր Կանաչների կուսակցությունները: Վերջինիս համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը,  որը համահեղինակել էր բանաձևը, սպառնալիքների տարափ ստանալու պատճառով գտնվում է ոստիկանության հսկողության ներքո: