13 հունիս, 2016 11:01

Կրծքով կերակրելը օգուտ է նաև մայրերին

breastfeeding«Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն 2010»-ի համաձայն՝ մեր երկրում մինչև 6 ամսական երեխաների մեծ մասը՝ 89 տոկոսը, կերակրվել է կրծքով, իսկ բացառապես կրծքով կերակրվել է երեխաների 35%-ը: Չնայած նրան, որ Հայաստանում երեխաների մեծամասնությունը կերակրվում է կրծքով մինչև 9 ամսականը, սակայն գրեթե բոլորը, ի լրումն կրծքի կաթի, ստանում են նաև հավելյալ սնունդ:

Հայաստանը 2014թ. ընդունել է «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքը, որի նպատակն է ապահովել մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջ և անվտանգ սնուցումը կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության կարգավորման միջոցով: Օրենքի խնդիրներից են՝

  1. խրախուսել և պաշտպանել կրծքով  կերակրումը` որպես օպտիմալ և այլընտրանք չունեցող միջոց մանուկների և վաղ տարիքի երեխաների անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցում ապահովելու համար,
  2. խրախուսել և պաշտպանել կրծքով  կերակրումը` որպես աղքատության հաղթահարման արդյունավետ միջոց:
Երեխայի կյանքի առաջին երկու տարիները հատկապես կարևոր են, քանի որ օպտիմալ սնուցումն այս շրջանում նվազեցնում է հիվանդացությունն ու մահացությունը, կրճատում խրոնիկ հիվանդությունների ռիսկը և նպաստում է ընդհանուր զարգացվածությանը:

Համաձայն «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի»՝ յուրաքանչյուր նորածին և երեխա ունի լավ սնվելու իրավունք: Աշխարհում երեխաների մահացության 45%-ը՝ 3,1 մլն երեխա, կապվում է թերսնման հետ: The Lancet հանդեսի հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն տարի աշխարհում մինչև 5 տարեկան շուրջ 800 000 երեխայի կյանք է հնարավոր փրկել, եթե 0-23 ամսական բոլոր երեխաները օպտիմալ կերպով կերակրվեն: Ավելին՝ ամբողջապես կրծքով կերակրման շնորհիվ կարելի է կանխել 20 000 մայրական մահ: Կրծքով կերակրումը լավացնում է երեխայի մտավոր կարողությունները, այն նաև կապում են չափահաս տարիքում վաստակած բարձր եկամուտների հետ:

Կրծքով կերակրման շնորհիվ երեխայի զարգացման աճն ու առողջության վրա կատարված ծախսերի կրճատումը շահավետ է ոչ միայն ընտանիքների, այլև ազգային մակարդակով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՅՈւՆԻՍԵՖ-ը խորհուրդ են տալիս՝

  • նորածին երեխային կերակրել ծննդյան առաջին ժամվա ընթացքում,
  • երեխային կյանքի առաջին 6 ամիսներին կերակրել բացառապես կրծքի կաթով,
  • 6 ամսականից սկսած ներմուծել բավարար սննդարարություն ունեցող պինդ կերակուր՝ մինչ երեխայի՝ գոնե 2 տարեկանը լրանալը կրծքով կերակրմանը զուգահեռ:
Սրանով հանդերձ, 2007-2014 թթ. ընթացքում աշխարհում 0-6 ամսական նորածինների միայն 36%-ն է բացառապես կրծքով է կերակրվել:

Սրանից բացի՝ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս երեխային կրծքով կերակրել ըստ պահանջի՝ այնքան հաճախ, որքան նա կցանկանա, գիշեր, թե ցերեկ, նաև՝ պետք է խուսափել շշերից:

Մայրերի օգուտները կրծքով կերակրումից

Կրծքով կերակրումը օգտակար է նաև մայրիկների համար: Բացառապես կրծքով կերակրումը կարելի է համարել հղիանալուց պաշտպանվելու բնական միջոց՝ սակայն ոչ մշտապես. կրծքով կերակրումն ապահովում է 98% պաշտպանություն հղիությունից՝ ծննդաբերությունից հետո 6 ամսվա ընթացքում: Այն նվազեցնում է կրծքի և ձվարանների քաղցկեղի, 2-րդ տեսակի դիաբետի, հետծննդյան դեպրեսիայի ռիսկերը:

Կրծքով կերակրման ցուցանիշները տարբեր երկրներում տարբեր են. սա առողջությանը նպաստող այն քիչ գործողություններից մեկն է, որ ավելի հատուկ է աղքատ երկրներին, քան հարուստներին: Ցածր եկամուտ ունեցող երկրներում նորածինների մեծ մասը մեկ տարեկանում դեռևս կերակրվում է կրծքով՝ համեմատ շատ բարձր եկամուտ ունեցող երկրների 20%-ից էլ քիչ, Մեծ Բրիտանիայի՝ 1%-ից էլ քիչ երեխաների: Երեխաներին կրծքով չկերակրելու պատճառները տարբեր են՝ բժշկականից, մշակութայինից, հոգեբանականից մինչև ֆիզիկական անհարմարություն: Խնդիրները, որոնց պատճառով մայրերը չեն կերակրում երեխաներին, այնքան էլ պարզունակ չեն, և շատ մայրեր առանց աջակցության չեն կարողանում հաղթահարել այդ ամենը:

Լիլիթ Աբովյան

Աղբյուրներ՝

World Health Organization

The Lancet

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

ՀՀ Ազգային Ժողով