13 հունիս, 2016 14:08

Կյանքից հեռացել է Օֆելյա Համբարձումյանը

middle_d0c0c08bceed5305253086704d7fc6ceՀունիսի 13-ին 91 տարեկանում կյանքից հեռացել է անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը: Այս մասին հաղորդում են մշակույթի նախարարությունից:

Օֆելյա Համբարձումյանը ծնվել է 1925թ. հունվարի 9-ին: Սովորել և ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: 1944 թվականից եղել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի (այժմ` Արամ Մերանգուլյանի անվան) մեներգչուհի:

Երգացանկն ընդգրկում է հիմնականում հայ ժողովրդական, գուսանական և աշուղական, ինչպես նաև կոմպոզիտորական երգեր: Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները` «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» և այլն: Երգել է Ֆահրադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը։ Նրա ստեղծագործական թռիչքները կապված են աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործությունների հետ, որոնցից շատերի առաջին կատարողն ինքն է եղել: Աշուղ Աշոտը խոստովանել է, որ «Օջախում», «Դու ծաղկավառ Զանգեզուրի» և մի շարք այլ երգեր հորինել է հատկապես Օֆելյա Համբարձումյանի համար: Շահենն էլ իր «Էլինար» պոեմն է գրել Օֆելյա Համբարձումյանի համար` ամեն ինչ կառուցելով երգչուհու ձայնային յուրահատկությունների վրա: