13 հունիս, 2016 11:43

Օռլանդոյի ահաբեկչության համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետությունը»

Orlando ShootingՀունիսի 12-ին ամերիկյան Օռլանդո քաղաքում միասեռականների ակումբի վրա տեղի ունեցած զինված հարձակումը խլել է 50 կյանք՝ դառնալով ԱՄՆ-ի նորագույն պատմության մեջ մարդկանց զանգվածային գնադակահարության ամենաարյունալի դեպքը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման տեղի ունեցածը որակել է «ահաբեկչական և թշնամական գործողություն»: «Սա սթափեցնող հիշեցում է, որ ցանկացած ամերիկացու դեմ հարձակումը՝ անկախ ռասսայից, ազգությունից, կրոնական և սեռական պատկանելությունից, հարձակում է բոլորիս վրա»,- հայտարարել է  Օբաման:

Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը, հարձակվողի անունն արդեն հայտնի է. դա 29-ամյա Օմար Մաթինն է, որը ծագումով Աֆղանստանից էր: Հարձակման ժամանակ վերջինս զանգահարել է ոստիկանություն և հիշատակել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունը:

Մինչդեռ ԻՊ-ին  պատկանող «Ամաք» գործակալությունը հաստատել է այդ տեղեկությունը՝ պնդելով, որ Օռլանդոյի հարձակման հետևում խմբավորման զինյալ է կանգնած:

ԱՄՆ-ում տեղի ունեցած զանգվածային սպանությանն արձագանքել են նաև նախագահական մրցավազքին մասնակցող թեկնածուները: Այսպես՝ Հանրապետական կուսակցության հավանական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Օբամայի դատապարտող հայտարարությունը չափազանց համեստ էր: Նա կոչ է արել ԱՄՆ-ի նախագահին հրաժարական տալ և մեղադրել է նրան իր հայտարարության մեջ «արմատական իսլամ» ձևակերպումից խուսափելու մեջ:

«Նախագահ Օբաման անամոթաբար հրաժարվել է անգամ ասել «արմատական իսլամ» բառերը: Միայն այդ պատճառով նա պետք է հրաժարական տա: Իսկ եթե Քլինթոնը այդ հարձակումից հետո դեռ չի կարող արտաբերել «արմատական իսլամ» արտահայտությունը, նա պետք է լքի նախագահական մրցավազքը»,- ասել է Թրամփը:

Դեմոկրատական կուսակցության հավանական թեկնածու Հիլարի Քլինթոնի հայտարարության մեջ նշված է, որ նա ունի ԻՊ-ի դեմ «ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում պայքարի համապարփակ պլան»:

CNN-ի փոխանցմամբ՝ Քլինթոնը, երկրորդելով Օբամային, տեղի ունեցածը նույնպես որակել է «ահաբեկչական և թշնամական գործողություն»:

***

Հունսիսի 12-ին Ֆլորիդայի Օռլանդո քաղաքում զինված տղամարդը ներխուժել է միասեռականների «Պուլս» գիշերային ակումբ և սպանել 50 մարդու՝ վիրավորելով 53-ին և պատանդ վերցնելով մյուսներին: Ոստիկանության գործողության ընթացքում զինյալը չեզոքացվել է: Հարձակումն իրականացրել է Օմար Մաթինը, ով աֆղանական ծագում ունեցող ԱՄՆ քաղաքացի է: