13 հունիս, 2016 10:21

Ադրբեջանցիների հետ առաջին հանդիպումը Ապրիլյան պատերազմից հետո

IMG_7043Հունիսի 10-12-ը Թբիլիսիում տեղի ունեցավ ղարաբաղյան հակամարտության հարցում մասնագիտացած հայ և ադրբեջանցի մասնակիցների հանդիպում, որը կազմակերպել էր բրիտանական «Հաշտեցման պաշարներ» (Conciliation Resourses) կազմակերպությունը:

Ադրբեջանական մասնակիցները, ինչպես նախկին հանդիպումների դեպքում, այս անգամ ևս չցանկացան իրենց անունների հրապարակումը: Կազմակերպիչների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց թբիլիսյան հանդիպման մասին լրատվամիջոցներում հրապարակում ունենալու դեպքում չնշել մասնակիցների անունները:

Հարգելով այդ պայմանավորվածությունը` պետք է նշեմ, որ այդ քննարկումների մասնակիցներից մեկը եղել է տողերիս հեղինակը՝ Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ, լրագրող Թաթուլ Հակոբյանը:

Նման քննարկումների ես մասնակցում եմ տարիներ ի վեր, ինչպես EPNK-ի (The European Partnership for the Peaceful Settlement of the Conflict over Nagorno-Karabakh), այնպես էլ KCG-ի (Karabakh Contact Group) շրջանակներում: Բացի այդ` ես ներգրավված եմ Արցախյան շարժման, պատերազմի և բանակցային գործընթացի մասին երեք մասից կազմված փաստագրական ֆիլմի ստեղծման աշխատանքներում, որն իրականացվում է EPNK-ի շրջանակներում:

Թբիլիսյան այս հանդիպումը նպատակ ուներ քննարկել, թե ինչ է տեղի ունեցել ապրիլի 2-5-ն ընկած օրերին, ինչպես են քառօրյա այդ պատերազմը ընկալել արցախյան, հայաստանյան և ադրբեջանական կողմերը, ինչպես են ընկալել երրորդ կողմի՝ միջազգային հանրության խաղացողները, ինչ է սպասվում առաջիկայում, ինչ է հնարավոր անել խաղաղարարության ոլորտում՝ հաշվի առնելով քառօրյա պատերազմը:

Քննարկումների մի բաժինը նվիրվեց Վրաստանի և Հարավային Օսիայի/Ռուսաստանի միջև 2008-ի օգոստոսյան հնգօրյա պատերազմին: Այդ նպատակով քննարկմանը հրավիրվեցին երկու վրացի փորձագետներ, ովքեր ունեն համապատասխան փորձ:

Երկօրյա հանդիպումը օգտակար էր, քանի որ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին հնարավոր եղավ տեղեկատվություն և կարծիք ստանալ ինչպես ադրբեջանական մասնակիցներից, այնպես էլ միջազգային համայնքի ներկայացուցիչներից:

Քննարկումները ընթանում էին բաց օրակարգով: Մասնակիցները հնարավորություն ունեին ներկայացնել իրենց տեսակետները, մտահոգությունները և վերլուծությունները: Մասնավորապես, իմ մի քանի կարճ խոսքերում անդրադարձա Ապրիլյան պատերազմի հիմնական պատճառներին, թե ինչ հիմնական զսպիչ գործոններ կային, որոնք խոչընդոտում էին ռազմական գործողությունների վերսկսմանը: Անդրադարձա այն միֆերին, որոնք կային մինչև Ապրիլյան պատերազմը, ինչպես նաև այն դասերին, որ պետք է քաղել:

Քննարկումներին անդրադարձ եղավ Ռուսաստանի դերակատարությանը Ապրիլյան քառօրյա պատերազմին:

Հանդիպմանը ներկա էին մասնակիցներ Հայաստանից, Արցախից, Ադրբեջանից, ինչպես նաև Մեծ Բրիտանիայից և Միացյալ Նահանգներից: Մասնավորապես, այս հանդիպմանը մասնակցելու համար Թբիլիսի էր ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահներից մեկը:

Թբիլիսի

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: