16 հունիս, 2016 11:50

Վիզային ռեժիմի ազատականացման որոշումը կկայացվի Վրաստանի օգտին. Մերկել

Kvirikashvili MerkelՎրաստանը մեծ հաջողությունների է հասել, սակայն նա Եվրամիությանն անդամակցության թեկնածու չէ. հունիսի 15-ին Բեռլինում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Ասոցացման մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտնում, սակայն դեռ անհրաժեշտ է այն կյանքի կոչել: Մենք առայժմ դրա մասին ենք խոսելու: Պետք է անել այն ամենը, ինչ նախատեսված է համաձայնագրով»,- ասել է Մերկելը:

Գերմանիայի կանցլերը տեղեկացրել է, որ Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման որոշումը կկայացվի Վրաստանի օգտին՝ հնարավոր դադարեցման մեխանիզմով:

«Գերմանիան դեմ հանդես չի գա Եվրահանձնաժողովի որոշմանը։ Մենք նույնիսկ հանդես կգանք այն բանի օգտին, որ Եվրամիության հետ խորհրդակցությունները որքան հնարավոր է արագ տեղի ունենան»,- հայտարարել է Անգելա Մերկելը:

Վրաստանի վարչապետը Մերկելի հետ ասուլիսին խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ նշելով, որ Թբիլիսին ձգտում է Մոսկվայի հետ «կառուցողական համագործակցության և փորձում է նվազեցնել երկկողմ հարաբերություններում լարվածության աստիճանը»:

Մերկելի և Կվիրիկաշվիլիի հանդիպումը կայացել է Բեռլինում հունիսի 15-ին Մերկելի և Կվիրիկաշվիլիի հանդիպումը կայացել է Բեռլինում հունիսի 15-ին

«Մենք անընդհատ փորձում ենք խուսափել Ռուսաստանի հետ թշնամական հռետորաբանությունից: 2012-ից ի վեր մեր կառավարության ուղեգիծը փոխվել է. մենք աշխատում ենք հնարավորին կառուցողական ձևով, սակայն այն հարցերում, որոնք վերաբերում են մեր տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, մենք փոխզիջման չենք գնում»,- ասել է Կվիրիկաշվիլին:

Մերկելը սատարել է Կվիրիկաշվիլիին և գոհունակություն հայտնել այն փաստի առթիվ, որ Ռուսաստանն ու Վրաստանը «պրագմատիկ քայլեր» են անում:

«Գերմանիան ամեն դեպքում հանդես է գալիս Վրաստանի տարածքային ամբողջականության օգտին, որին վերաբերում է Հարավային Օսիայի և Աբխազիայի հարցը»,- նկատել է Գերմանիայի կանցլերը: