17 հունիս, 2016 11:07

Սպանվել է Բրիտանիայի խորհրդարանի անդամ Ջո Քոքսը

Ջո Քոքսը գլխավորում էր սիրիացի փախստականների օգնության քարոզարշավը: Ջո Քոքսը սիրիացի փախստականների օգնության քարոզարշավի մասնակից էր:

Հունիսի 16-ին սպանվել է 41-ամյա բրիտանացի խորհրդարանական, Լեյբորիստական կուսակցության անդամ Ջո Քոքսը: Ինչպես հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները, հարձակումը տեղի է ունեցել փողոցում՝ այն տարածքի մերձակայքում, որտեղ պատգամավորը հանդիպում էր իր ընտրողների հետ:

Ինչպես փոխանցում է Independent պարբերականը, 52-ամյա կասկածյալ Թոմաս Մայրը ձերբակալվել է հանցագործության վայրում: Ըստ տեղեկությունների՝ «Բրիտանիան ամենից վեր է» բացականչություններով նա մոտեցել է Քոքսին, կրակել և դանակահարել նրան: Ստացված վնասվածքներից կինը մահացել է:

Ջո Քոքսը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի գործող առաջին պատգամավորն է, որը սպանվել է վերջին քառորդ դարում: 1990թ. Պահպանողական կուսակցության անդամ Իեն Գոուն սպանվել էր հյուսիսիռլանդական ահաբեկչական խմբավորումների կողմից:

Ջո Քոքսը պատգամավոր էր ընտրվել 2015թ.: Time-ը գրում է, որ Քոքսը մարդասիրական հարցերով ակտիվորեն զբաղվող խորհրդարանական էր, որը հանդես էր գալիս սիրիացի փախստականներին օգնելու և Սիրիայում Բրիտանիայի ավելի գործուն դերակատարության օգտին: