Մատաղի ռեսուրսը

13413066_1134035589952954_1449623094987683619_nԵրեկ Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգստին բերել էին նաև երեխաների, հավանաբար՝ 6-ից 14 տարեկան: Ըստ լուրերի՝ Ջիվանու աշուղական դպրոցի երեխաներն էին: Աշուղականն այստեղ կապ չունի, որովհետև երեխաներ էին, որոնք բերման էին ենթարկվել «հարգանքի տուրքի»: Այս երեխաներին հանգամանքների բերումով ասում են մատաղ սերունդ:

Պատկերացրեք՝ բոլոր այս «անմոռուկախեղդ» երեխաները ծնողներ ունեն: Արդեն էդ գույնի մեջ նրանց անհատականազերծել են, բայց համարենք, որ դրա վրա երեխաները չեն նայում: Գուցե ճաշակ չունեն, գուցե հագուստը մերկությունից չեն տարբերում, գուցե չեն հակառակվում ծնողներին հագուստի հարցում: Բայց հանգուցյալի մոտ երեխա տանելը այլ թեմա է, ընկերնե՛ր: Երեխան հանգուցյալի ընկալում չունի․ իր համար պառկածը, կներեք, մեռել է: Մեռելը «կարող» է լինել «պակազուխա», հանգուցյալը՝ ոչ: Դիցուք, ադրբեջանցի զինվորների դիակների ցուցադրությունը «պակազուխա» է, էթիկան էս «խաղում» չկա, որովհետև ադրբեջանցի զինվորականի դիակը «մխիթարում» է՝ գումարած «նժդեհական» ոգու և էսթետիկայի ամրապնդումը: Հանգուցյալը մարդ է, որն իր մահով աշխատացնում է հիշատակը: Երեխաներին չեն տարել հարգանքի տուրքի․ նրանց դեմքերին նայեք, տարել են, վերստին կներեք, մեռել տեսնելու, որովհետև նրանք ազատ են ընկալման մեջ, բայց ոչ՝ հասկանալու:

Երեխայի համար հանգուցյալներ չկան, նույնիսկ եթե ողորմած հոգին իր տատն է կամ պապը, ու ինքն էլ լացում է: Երեխային չի կարելի տպավորել հանգուցյալով, դա մի էքստրիմ է, որի տակից նրանցից մեկը,- եթե ոչ՝ շատերը,- կարող է դուրս չգալ: Թե՞ բերել էիք ցույց տալու, թե ում պիտի նմանվեն իրենք: Կամ որն է վերջը՝ ով էլ որ լինես քո կյանքում: Ի՞նչ ընդհանուր բան ունեին նրանք Օֆելյա Համբարձումյանի հետ: Եթե նրանց բերել եք իրենց ճաշակի ճարտարապետի մոտ այն կանխավարկածով, որ իրենք տեսել են ապրող Օֆելյային, դուք վրիպել եք: Որովհետև Օֆելյան այսպես թե այնպես մոնումենտ է: Էդ մոնումենտը նոր տպավորություն չպետք է հաղորդի դպրոցականին, ինչ է թե այս անգամ պառկած է: Դա հակակրթական է: Երեխաները չպետք է պատմություններ պատմեն այն մասին, թե ինչպես տեսան պառկած Օֆելյային: Նույնիսկ դուք հանգուցյալ լինելու խորհուրդը չգիտեք․ ընտրություններին ձեր մասնակցությունը և դրանց ելքի վրա ձեր ունեցած դերը՝ վկա: Ձեր՝ հանրապետական լինելն էլ արդեն նույնիսկ թեմա չէ, այլ իրերի կարգ: Եվ ձեր ձեռքի տակ եղած ամեն ինչը՝ մատաղի ռեսուրս: Ինչպես այս երեխաները:

Երեխաներն էլ «հանգուցյալ» բառի խորհուրդին չեն տիրապետում․ նրանք միայն մեռելին գիտեն, որը խորհուրդ չունի: Որովհետև մեռելը սոսկ մարմին է, հանգուցյալը՝ տեսական ապրող: Նույնիսկ եթե հետմահու կյանք չկա, հանգուցյալն «ապրում» է որպես հիշատակ: Երեխաները պետք է Օֆելյայով կյանքի ինչ-որ դրված, ճաշակի ինչ-որ շտրիխ քաշած լինեն, որպեսզի նրա մահը ընկալեն և ընկալեն որպես հիշատակ կոփող փաստ: Այս երեխաներն Օֆելյային չգիտեն, նույնիսկ եթե նրան լսել են հեռուստացույցով կամ տեսել են իրենց դպրոցում: Երբ երեխային տանում եք «սառույց տեսնելու» (Գաբրիել Գարսիա Մարկես), սառույցը պիտի «խոսի», որպեսզի տպավորի: Մարկեսի վեպում՝ «Հարյուր տարվա մենություն»-ում, փոքրիկ Աուրելիանո Բուենդիան այլևս երբեք չի մոռանա «այն հեռավոր իրիկունը, երբ հայրն իրեն տարավ սառույց տեսնելու»: Գնդապետ Բուենդիան հենց այդ սառույցից սկսվեց, թեպետ նրա մասին առաջին անգամ հիշեց «գնդակահարության պատի տակ»: Սառույցը, ինչպես հիշում է գնդապետը, այրվում էր: Հիշելն այսպես է լինում: Երեխաներին «պետք» է ապահովել տպավորություններով, որոնք սնում են երևակայությունը: Սա արվեստի գոյության առաջին ազդակն է:

Երեխաներին Օֆելյային «վերջին տուրք» տալու տարած մանկավարժները, կարելի էր կարծել, որ սխալվել են: Օֆելյայի երգը նրա մահվան անդառնալիությունը գիտակցելու և ցավով լցվելու լավագույն հուշարարը չէ, որովհետև այդ երեխաները դեռ կյանքի հետ համատեղելի քննություններ չեն բռնել: Այսինքն՝ գիտակցված պարտք չունեն հիշատակի առջև: Այս դեպքում մանկավարժները, գուցե նաև երեխաների ծնողները, իրենց զավակներին ծառայեցրել են Օֆելյայի երգի հանդեպ սիրուն: Երեխաներով լցրել են երգչուհու հիշատակի հանդեպ հարգանքը: Բայց սա՝ եթե մեզ թույլ տանք մտածել, որ մանկավարժները գուցե սխալվել են: Բայց նրանք այս նույն ոգով գրականություն են դասավանդում, ազգային երգ են գնահատում և ընտրություն են կեղծում: Նրանք չէին կարող սխալվել հենց հարգանքի տուրքի մեջ: Նրանք հենց հարգանքից գաղափար չունեն, որովհետև սա արել են աչք շոյելու համար, գուցե՝ մշակույթի, գուցե՝ կրթության նախարարների աչքը, որոնք տեղի ունեցածի մասին չեն խոսի այնքան ժամանակ, մինչև աղմուկ չբարձրանա: Գուցե փորձել են շոյել Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի աչքը, որն իր երեխային էլ այստեղ կբերեր՝ առանց հետին մտքի: Մանկավարժները չեն սխալվել, որովհետև նրանք հարգանքը հասկանում են այնպես, ինչպես Հովիկ Աբրահամյանը՝ կոռուպցիան, Հիսուսից հետո երկրորդ մարդ Սամվել Ալեքսանյանը՝ տնտեսական մրցակցությունը, ինչպես Սերժ Սարգսյանը՝ Սահմանադրությունը և ինչպես ամբողջ իշխանությունը՝ ազատ և արդար ընտրությունները:

Օֆելյան մոնումենտ է, որի տակ,- փառք մեր մանկավարժներին,- հող չկա: Այդպես մեկ էլ երկինքն է՝ ինքնաբավ և առանց մարդկանց:

Մեկնաբանել