20 հունիս, 2016 11:23

Պետերբուրգում Սերժ Սարգսյանը ծանր իրավիճակում է

serzh sargsyan ilham aliyev karabakh negotiations (1)Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը կարող է բախտորոշ լինել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը փակուղուց դուրս բերելու առումով, համենայնդպես՝ այս առումով վճռական են տրամադրված հատկապես Ադրբեջանն ու Ռուսաստանը: Այս համատեքստում առանձնահատուկ նշվում է Ռուսաստանի դերը: Ակնկալվում է, որ Վլադիմիր Պուտինը բոլոր հնարավոր մեխանիզմներով կողմերի վրա ազդելու միջոցով փորձելու է ճեղքում մտցնել բանակցային գործընթացում:

Ապրիլյան չորսօրյա պատերազմից հետո հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի ակտիվ դերակատարության մասին մեծ ոգևորությամբ խոսում է հատկապես Ադրբեջանը: Հայկական կողմի պաշտոնական հայտարարություններն այս առումով զգուշավոր են:

Պաշտոնապես չհաստատված տեղեկատվություն է շրջանառվում, ըստ որի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի համար աշխատանքային փաստաթուղթ է դառնալու այսպես կոչված Կազանյան փաստաթղթի փոփոխված տարբերակը, որը դեռ 2015թ. ամռանը կողմերին ներկայացրել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Չհաստատված տեղեկատվության համաձայն՝ լավրովյան առաջարկները ենթադրում են որպես հակամարտության լուծման մեկնակետ առաջին հերթին հայկական զորքերը դուրս բերել հինգ շրջաններից: Դրա դիմաց հայկական կողմը շոշափելի որևէ փոխհատուցում չի ստանալու:

Սանկտպետերբուրգյան առանցքային բանակցություններից առաջ Հայաստանի վրա Ռուսաստանի անուղղակի աջակցությամբ բանեցվում են զգալի քաղաքական-ռազմական ճնշումներ՝ հավանաբար նպատակ ունենալով եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանից առավելագույն զիջումներ կորզել:

Եռակողմ հանդիպումից մեկ օր առաջ Ադրբեջանը մասշտաբային զորավարժություններ է սկսել՝ 25 հազար զինծառայողի, ծանր զինտեխնիկայի ու օդուժի ներգավմամբ: Զորավարժությունների անցկացման շրջաններն են զինավարժարանները «ճակատամերձ գոտում» և Նախիջևանում, ինչպես նաև Կասպից ծովի ադրբեջանական հատվածում:

Խաղաղ բանակցությունների մեկնող Ադրբեջանը հակամարտության գոտու ամբողջ երկայնքով փաստացի զինուժի ու զինտեխնիկայի ակտիվ կուտակում է իրականացնում՝ ապակայունացնելով իրավիճակը հակամարտության գոտում: Ռուսաստանը, որը հավակնություն ունի խաղաղ բանակցային գործընթացը դուրս բերել փակուղուց և նվազեցնել լարվածությունը հակամարտության գոտում, որևէ կերպ չի արձագանքում Ադրբեջանի լայնամասշտաբ զորավարժություններին: Սա ենթադրել է տալիս, որ Ռուսաստանը ուղղակի խրախուսում է այդ զորավարժությունների անցկացումը՝ որպես Հայաստանի վրա ճնշման գործիք:

Կամ էլ Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի վրա ազդելու ու ապակայունացնող քայլերից հետ պահելու որևէ հնարավորություն չունի, ինչը լուրջ կասկածի տակ է դնում Ռուսաստանի հեղինակությունը տարածաշրջանում:

Հիմնվելով  տեղեկատվական հոսքերի վրա՝ ամենայն հավանականությամբ առաջին տարբերակն է: Այդ նույն օրը, երբ Ադրբեջանը հայտարարեց զորավարժություններ սկսելու մասին, Սանկտ Պետերբուրգում միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ «Ուրալվագոնզավոդ» ընկերության գլխավոր տնօրենը հայտարարեց, որ Ռուասատանը ամբողջովին կատարել է իր պարտավորությունները Ադրբեջանին T90 տանկերի մատակարարման առումով: Ինֆորմացիոն հարթությունում այդ հայտարարությունը աջակցություն է Ադրբեջանի զորավարժություններին:

Միևնույն ժամանակ ռուսական 200 միլիոն դոլարի վարկով գնված ռուսական զենքը Հայաստան հասցնելու հետ կապված որևէ հստակություն չկա․ տեղեկատվություն չկա նաև, թե արդյոք զենքի մատակարարման ժամանակացույցը հստակեցված է:

Բանակցություններից առաջ ստեղծված իրավիճակը հուշում է, որ Հայաստանի իշխանությունները հայտնվելու են խիստ ծանր իրավիճակում: Նրանք քաղում են տապալված ներքին ու արտաքին քաղաքականության դառը պտուղները:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: