22 հունիս, 2016 13:48

Ազնավուրը պատրաստ է ներգաղթյալներին հյուրընկալել իր տանը

Charles-Aznavour-Foto-EFE-Archivo_NACIMA20160620_0218_6Շառլ Ազնավուրը հունիսի 25-ին համերգով հանդես կգա Բարսելոնայում։ Համերիգին ընդառաջ նա հարցազրույց է տվել իսպանական Էլ Նասիոնալ պարբերականին։

Պատասխանելով փախստականների ու ներգաղթյալների հարցով Եվրոպայում հասունացող ճգնաժամի վերաբերյալ հարցին՝ 92-ամյա շանսոնյեն հիշեցրել է, որ դեռ երեք տասնամյակ առաջ է գրել «Էմիգրանտները» երգը, որն «այսօր ևս շարունակում է ակտուալ մնալ»:

Ըստ Ազնավուրի՝ փախստականները պետք է ինտեգրվեն իրենց հյուրընկալող երկրների հասարակություններին։ Նա նշել է, որ միգրանտները պետք է երախտապարտ լինեն իրենց հյուրընկալող երկրին և ոչ միայն պարզապես փորձեն սովորել այդ երկրի սովորույթներն ու լեզուն, այլև նրա տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքի մաս կազմեն:

«Ի թիվս շատ այլոց՝ Պիկասոն և Մարի Կյուրին ևս ներգաղթյալներ էին, սակայն հասան իրենց բարձունքին իրենց տաղանդի ու աշխատանքի շնորհիվ։ Ցավոք, այսօր շատ ներգաղթյալներ հրաժարվում են ինտեգրվել»,- ասել է երաժիշտը:

Անցյալ տարվա սեպտեմբերին Ազնավուրը հայտարարել էր, որ շատ է ազդվել դեպի Եվրոպա ներգաղթել փորձող մարդկանց վիճակից և պատրաստակամություն հայտնել ներգաղթյալներին իր երկրորդ տանը հյուրընկալելու։ «Ես միշտ նրանց կողքին եմ, ովքեր թակում են դուռը, ոչ թե նրանց, ովքեր փակում են այն»,- ասել էր նա։