24 հունիս, 2016 11:04

Brexit. Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից (լրացվող)

Brexit2Բրիտանիայում դեռ շարունակվում է հունիսի 23-ի հանրաքվեում տրված ձայների հաշվարկը, սակայն այս պահի դրությամբ արդեն հայտնի է, որ Եվրամիությունից դուրս գալու կողմնակիցները հաղթում են՝ 51.9% ձայներով. Միության կազմում մնալու օգտին քվեարկել է բրիտանացիների 48.1%-ը: Շոտլանդիան, մինչդեռ, քվեարկել է ԵՄ-ի կազմում մնալու օգտին՝ 62% ձայներով. դեմ քվեարկել է շոտլանդացիների ընդամենը 38%-ը: «Շոտլանդիան իր ապագան տեսնում է Եվրամիության կազմում»,- հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը: «Շին Ֆեյն» իռլանդական ազգայնական կուսակցությունը հայտարարել է այն մասին, որ Հյուսիսային Իռլանդիային պետք է թույլատրվի Իռլանդիայի հետ միավորվելու վերաբերյալ հանրաքվե անցկացնել: ՍիվիլՆեթը հետևում է Բրիտանիայում տեղի ունեցած հանրաքվեի շուրջ իրադարձություններին՝ դրանք ներկայացնելով հակադարձ ժամանակագրությամբ:

Cameron

12:45

Անգլիայի բանկի կառավարիչ Մարկ Քարնին հայտարարել է, որ կարգավորիչը պատրաստ է տրամադրել ավելի քան 250 մլրդ ֆունտ ստեռլինգ շուկայի նորմալ գործունեությունն ապահովելու համար:

12:05

Ֆրանսիիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բրիտանիայի հանրաքվեի կապակցությամբ արտահերթ խորհրդակցություններ են անցկացնում, շուտով հանդես կգան հայտարարություններով:

11:55

Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է, որ ԵՄ-ից դուրս գալու Բրիտանիայի որոշումը կհանգեցնի անորոշության տևական ժամանակահատվածի, որը բացասաբար կանդրադառնա երկրի տնտեսական և ֆինանսական ցուցանիշների և սուվերեն վարկային վարկանիշերի վրա:

11:45

Բրիտանական Mirror պարբերականը Քեմերոնի հրաժարականի մասին գրում է. «Նվաստացած Դևիդ Քեմերոնը հրաժարական է տալիս»:

10:15

Հրատապ. Քեմերոնը հայտարարեց հեռանալու մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ, Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ ԵՄ-ից դուրս գալու օգտին քվեարկած բրիտանացիների կամքը պետք է հարգել, արդյունքները կասկածի տեղ չեն տալիս:

«Հպարտ եմ, որ եղել եմ այս երկրի վարչապետը»,- ասել է Քեմերոնը՝ նշելով, որ ուժեղ, վճռական և նվիրված ղեկավարություն է անհրաժեշտ Բրիտանիային:

Դևիդ Քեմերոնի խոսքով՝ սխալ է, որ ինքը մնա որպես նավապետ, քանի որ բրիտանացիները այլ ուղի բռնելու հստակ որոշում են կայացրել, որը տարբերվում է իր քարոզած ճանապարհից:

Քեմերոնն ասում է, որ Եվրոպայից դուրս գալը այն ճանապարհը չէր, որ ինքն էր խորհուրդ տալիս, սակայն մշտապես կրկնել է, որ Բրիտանիան կարող է գոյատևել ԵՄ-ից դուրս:

Քեմերոնը խոստացել է անել ամեն բան՝ օգնելու Մեծ Բրիտանիային գտնել իր ճանապարհը:

«Ես սիրում եմ այս երկիրը և պատիվ եմ համարում, որ ծառայել եմ նրան»,- հայտարարել է նա:

«Այժմ պետք է պատրաստվել ԵՄ-ի հետ բանակցությունների: Անհրաժեշտ է, որ ամբողջությամբ ներգրավվեն Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի կառավարությունները՝ ապահովելու համար Մեծ Բրիտանիայի բոլոր հատվածների պաշտպանվածությունը»,- ասել է Քեմերոնը՝ խոստանալով, որ առաջիկա շաբաթներին կպաշտոնավարի որպես վարչապետ, սակայն կցանկանար, որ Բրիտանիայի նոր վարչապետը իր պաշտոնն ստանձնի հոկտեմբերին Պահպանողական կուսակցության համաժողովից առաջ:

10:10

Հաշվված քվեների համաձայն՝ Լոնդոնի բնակիչների մեծ մասը քվեարկել է ԵՄ-ի կազմում մնալու օգտին (60%):

10:05

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ համոզված է ԵՄ-ի ապագայում:

«Այն, ինչ մեզ չի սպանում, մեզ ավելի ուժեղ է դարձնում»,- ասել է Տուսկը: Վերջինիս խոսքով՝ բոլոր նորմերը կշարունակեն գործել մինչև ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի ելքի գործընթացի ավարտը: Նրա տեղեկացմամբ՝ հաջորդ շաբաթ ԵՄ-ի գագաթաժողովը կկայանա առանց Բրիտանիայի:

10:00

Միացյալ Թագավորության Անկախության կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջը հայտարարել է, որ Բրիտանիայում անհրաժեշտ է ստեղծել Բրեքզիտ կառավարություն, որը կօգներ երկրին վերջնականապես դուրս գալ ԵՄ-ից: