Պապի մասին առանց Սիրո

Ես Աստծուն չեմ հավատում: Ինձ թվում է նրա գոյությունը նույնքան բնական է, որքան՝ չիլիացի Ավգուստո Սանչեսինը, որի գոյության մասին նույնիսկ այս պահին տեղյակ չեմ: Սանչեսի գոյությունն անիմաստ է, եթե նա իմ ներաշխարհին չի վերաբերում: Գոնե այն իմաստով, որ չվարվեմ երբեւէ նրա հետ այնպես, ինչպես չէի ցանկանա, որ ինձ հետ վարվեն:

Ֆրանցիսկոս Պապը մեր կողմերում է՝ Հայաստան աշխարհում: Աթեիստները ծաղրում են նրան, հավատացյալները՝ գրեթե աստվածացնում: Երկուսի թաքուն ակնարկն էլ հասկանալի է՝ առաջիններին դուր չի գալիս գոյություն չունեցողի՝ Աստծո անունից այս ամբողջ աղմուկը, երկրորդների համար Աստված հեռու է ապավինելու համար: Երկուսին էլ հասկանալը հեշտ չէ: Ֆրանցիսկոսը Պապ է: Նա Աստծուն չգիտի նույնքան, որքան ամենաապուշ աթեիստը կամ հավատացյալը: Բայց նա գիտի մարդուն: Այնտեղից, որտեղից նա նայում է մարդուն, իմանալը դժվար չէ, մարդը վաղուց Թումանյանի ասած Տիեզերքը չէ: Ֆրանցիսկոսը սակայն մեզ ասում է՝ ես լավ գիտեմ ձեր Նարեկացուն եւ Չարենցին, ձեր տիեզերական երեւույթներին: Այսինքն, մարդը հաշվի է նստել Մարդու հետ: Մարդը նկատել է Մարդուն: Միայն այդպես են քայլում դեպի Աստված: Վերջինս ամենեւին պարտավոր չէ գոյություն ունենալ, եթե ոչ մարդու միջոցով: Որովհետեւ ամբողջ բնությունը արդեն այդ գոյության օգտին է եւ միայն մարդն է դրա դեմ: Մեր կաթողիկոսը վատ գիտի մարդուն: Սակայն դա այսօր չի պատահել նրա հետ: Պապն էլ ամենիմաց չէ, նրա գործողություններում տեսարանները շատ են: Սակայն այդպես ուսուցիչն է տեսարաններով հագեցնում դասը: Մի ծաղրեք ուրիշի հավատը: Բայց մի թույլ տվեք, որ նա գրոհի հավատով: Աստծո եւ իր բացակայության բալանսը մեզանից յուրաքանչյուրի՝ մյուսի հետ հաշվի նստելու մեջ է: Պապը սա գիտի: Ահա ինչու է նրա քարոզչության թիրախը աղքատը եւ չմխիթարվածը: Նա գուցե թաթախված է մեղքերի մեջ, գուցե դրանցից ազատվելու իրական ճանապարհները չգիտի: Բայց նա չի ուզում, որ մարդը կեղծի Աստծուն: Ահա ինչու է նա կռվում միասեռական հոգեւորականների հետ, փախչում շքեղությունից: Մեր հոգեւորականները հավատի վրա դեռ այսպիսի «խաղադրույքներ» չեն անում: Նրանց «խաղադրույքը» կոնկրետ է եւ ազնիվ՝ Աստված չկա: Ես դեմ չեմ: Բայց կա մարդը: Կա նաեւ այդ հոգեւորականի սիրելի հարազատը, մայրը, հայրը, որոնք կարող են ընկնել մեկի ձեռքը, ում համար նույնպես Աստված չկա: Աստծո ընկալումն այս աշխարհում կազմակերպում է իր բացակայությունը: Եվ եթե Աստված չկա, իր անաստվածության մասին հռչակած մարդասպանն ավելի ճիշտ է, քան «հավատավոր» հոգեւորականը: Եվ եթե Աստված չկա, Նավասարդ արքեպիսոկոպոս Կճոյանի Բենթլին ճիշտ է, բայց ճիշտ է նաեւ նա, ով ամենավերջին բառերով կհարձակվի արքեպիսոկոպոսի վրա ու ոտքի տակ կտա նրան:

Արժե որ մեր հոգեորականներն իսկապես մտածեն Հիսուս Քրիստոսի մասին: Գոնե Պապից ու հավատացյալներից ազատ ժամերին: Աթեիստները կարող են կռիվ տալ որեւէ մեկի անգոյության հետ, բայց նրանք չեն կարող ճիշտ լինել այդ անգոյութնունից ծագող բովանդակության հանդեպ: Հիսուսը մի բան արեց, որի տակից Նարեկացին գրեթե դուրս չեկավ: Հիսուսի առաքելությունն Ավետարանն անցավ դարձնելն էր, Նարեկացին մտավ այդ ցավի մեջ, տեսավ այն Աստծուն, որին, ասում եմ ձեզ, Պապը դեմքով չգիտի: Իսկ Նարեկացին իրենից բացի ուրիշ ոչ մեկի մասին չէր գրում: Որովհետեւ ինքն իրեն հերիք էր: Մի աստվածացրեք Պապին: Գուցե նրա հնարավորությունները գերազանցում են ձեզ: Եվ գուցե դա էլ նրա բացթողումն է, որովհետեւ Մարդը առանց հնարավորությունների Սերն է: Նա ընտրյալ չէ, թեկուզ այն պատճառով, որ կանչված է: Ընտրելիությունը ձեռքբերովի է, պետք է կուտակել Ընտրյալությունը, այլապես կյանքն ինքը դրախտ կլիներ եւ ոչ թե դրախտի «Նեղ դուռ», որի միջով պետք է անցնել: Ֆրանցիսկոսն ասում է՝ ամենաքիչը մտածել եմ Պապ լինելու մասին: Այսինքն, չեմ ապրել դրա համար, ոչ մեկի ոտքի տակը չեմ փորել, դրա համար զոհեր պետք չեն եղել: Այլապես Պապ կլիներ հենց կուտակելու համար: Ինչպես մեր հոգեւորականների դեպքում է:

Պապով շատ մի տարվեք: Ֆրանցիսկոսը չի կարող ասել, որ այդպիսով դուք խոստովանում եք հոգու կարոտյալությունը: Որովհետեւ ինքն իրեն կբարձրացնի ու դուք կմնաք ներքեւում: Ֆրանցիսկոսը ձեզանից ավելի անմեղ չէ: 10 հոգու վրայով աթոռ զավթածից ավելի լավը չէ: Որբերի եւ այրիների հռչակված բարեկամը Երեւանի օդանավակայանում ժպտում էր Հայաստանի ամենաօլիգարխ «վատիկանցուն»՝ իմանալով, թե ում հարազատ փեսան է նա՝ Միքայել Մինասյանը: Իսկ չէ՞ որ Ֆրանցիսկոսն ամենուր խոսում է նաեւ հովանավորչության հանցավորության մասին: Առանձին վերցրած այդ երկուսը կարող էին հարցեր չառաջացնել, բայց երբ գիտես երկուսին, Աստտված քո մեջ «խրտնում» է: Եթե գալիս ես չմխիթարվածների մոտ, քայլերդ պետք է հատու լինեն, չես կարող ասել, որ փեսան եւ այրին անմխիթարության երկու դեմքերն են: Նրանցից մեկը չի ժպտում, եւ գուցե այդպես էլ չժպտա՝ նույնիսկ Ֆրանցիսկոսի օրհնությունն ստանալուց հետո: Իսկ մյուսն առանց Ֆրանցիսկոսի էլ է ժպտում: Պապն, իհարկե, չի կարող ընտրովի ժպտալ, բայց նա կարող է հետեւողական լինել «ոչխարների» մոտ գնալու հարցում՝ եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա եւ նրանցից մեկը մոլորվի, իննսունինը լերան վրա չի թողնի՞ ու գնա որոնելու մոլորյալին: Պապով մի տարվեք: Ինքը ձեր հնարավորությունների խոստովանությունը չէ: Ինքը տեղեկությունն է այն մասին, որ միս ու արյունից է, ինչպես դուք, որ մահկանացու է, ինչպես դուք, որ ուրիշի վատը չկամենալը բացարձակապես կամեցողության ոչ մի գործիք չի պահանջում: Այս ամենը Պապը չի ասի: Մեր կաթողիկոսն էլ չի ասի: Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն էլ չի ասի: Եթե Պապը հույս է, ուրեմն դուք մարդուն՝ ինքներդ ձեզ, մի կողմ եք դրել եւ նայում եք հրաշքի կողմը: Հրաշքներ չկան: Եվ չեն լինելու:

Մեկնաբանել