28 հունիս, 2016 20:34

Լևոն Մարտիրոսյանը մեղավոր չէ

ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանն ընդդիմությանն առաջարկում է դիմել ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին ընտրական տեխնոլոգիաներին անհրաժեշտ 16 միլիոն դոլարի ձեռքբերման համար:  Լևոն Մարտիրոսյանն ընդդիմությանն առաջարկում է դիմել Հենրիխ Մխիթարյանին ընտրական տեխնոլոգիաներին անհրաժեշտ 16 միլիոն դոլարի համար:

ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանն ընդդիմությանն առաջարկում է դիմել ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին ընտրական տեխնոլոգիաներին անհրաժեշտ 16 միլիոն դոլարի ձեռքբերման համար: Իշխանությունը, այսինքն, փող չունի: Իսկ Հենրիխ Մխիթարյանն ունի: Գուցե ընդդիմությանն առաջարկենք էդ փողը Հենրիխից ստանալ «Հայաստան» համահայկական հիմադրամի միջոցո՞վ: Կամ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի՞:

Տղերք, խնդիրը պակասող փողը չէ: Սերժ Սարգսյանն արդեն «Ռոյթերզին» ասել է՝ աշխարհի միլիարդներն էլ ընդդիմությանը չեն օգնի գալ իշխանության, որովհետև հակառակ դեպքում ինքը՝ Սերժ Սարգսյանն ի՞նչ գործ ունի քաղաքականության մեջ: Լևոն Մարտիրոսյանը մեղավոր չէ: Ընդհանրապես, կյանքն ավելի հեշտ կլիներ, եթե իշխանության անմեղսունակության իրավունքն օրենքի ուժ ունենար: Որովհետև Մարտիրոսյանը պիտի ասի այն, ինչ ասում է: Ավելին, կարող էր ավելի ցինիկ և նույնիսկ հայհոյանքներով համեմված խոսել հենց խորհրդարանի ամբիոնից: Անձամբ ես չեմ կարծում, թե իշխանությունը պարտավոր է ունենալ ներքին սահմանափակումներ դաժան և անմարդկային չլինելու: Լևոն Մարտիրոսյանն այդ դաժանության բերանացի դեմքն է, ինքը գուցե այսօր չի կարող դանակն առնել ու ընկնել քաղաքացու վրա, որպեսզի սպանի: Նրա հացը դեռևս խլող չի եղել: Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը սարի նման կանգնած են նրա թիկունքին: Նորմալ է: Ուրեմն, Լևոն Մարտիրոսյանը մեղավոր չէ:

Սերժ Սարգսյանն էլ մեղավոր չէ: Ասում եմ ձեզ, նա «Ռոյթերզին» պատմում էր նոր մարտի 1-ի մեխանիզմների մասին: Իսկ դուք գիտեք, նման դեպքերում նա չի կատակում: Սա ձեզ համար «թարս խիյար» չէ: Ինքն ասում է բառացի՝ եթե Հանրապետականը 2017-ին պարտվի, ես ի՞նչ գործ ունեմ քաղաքականության մեջ: Իսկ ի՞նչ է արել ինքը քաղաքականության մեջ՝ հոկտեմբերի 27, «Գույք պարտքի դիմաց» (հայկական կողմի բանակցողն էր և Կլեբանովի հետ ստորագրողը), մարտի 1, հայ-թուրքական անպտուղ երկխոսություն, նախագահի երկու, խորհրդարանի մեկ կեղծված ընտրություն, հանրաքվեն էլ ձեզ նվեր: Լևոն Մարտիրոսյանը մեղավոր չէ: Նա հրեշի հեռավոր արձագանքն է: Որովհետև «պախանն» ասել է՝ տեր եմ: Այսինքն, հայհոյեք, ծեծեք, Պապ ծաղրեք, Ժիրայր Սեֆիլյան ձերբակալեք, տեր եմ: Որովհետև ընդդիմություն չկա: Լևոն Մարտիրոսյանը բացակա ընդդիմության ավելցուկն է:

Պարզ է, որ երիտասարդ պատգամավորը փորձել է կատակել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային գումարը ռեկետի տեսքով Հայաստան բերելու գաղափարով: Բայց ո՞վ է նրա ձեռքը բռնել նման կատակի համար: Մարդիկ իշխանության մեջ են: Էդ իշխանությունը ոչ մեկին թույլ չի տալիս մտքով և գործողություններով իրենից առաջ ընկնել: Էդ իշխանությունը լրատվական դաշտ է մոբիլիզացրել, փողեր է մոբիլիզացրել, Ազգային ժողովի աթոռներ է գրավել բառի բուն իմաստով զենքով: Էդ իշխանությունն ինքն իրեն իրացնում է, որպեսզի մեզ կերակրի այն պատրանքով, թե ընդդիմությունը չի կարող այդպես միանգամից, մի ընտրությամբ իշխանության գալ՝ սկզբից պետք է ընտրական օրենսգրքեր փոխել, հետո սահմանադրություններ, հետո նորից ընտրական օրենսգրքեր, հետո պետք է ցույց տալ, թե բանակցում ենք ընդդիմության հետ: Մի խոսքով, բոլորը պետք է հասկանան, որ քաղաքական կյանքը Մելիք-Ադամյանից մի միլիմետրի շեղում չի տա: Էդ իշխանությունը Հենրիխ Մխիթարյանի փողերն է հիշում, որովհետև, Բագրատյանի ասած, դատարկ փողեր են, ինքը դրա վրա իշխանություն չունի, կուզի հումորի թեմա կդարձնի, կուզի ընդդիմությանը «պաս» կտա դրանց վրա:

Լևոն Մարտիրոսյանը հրեշի «առողջությունն» է, ինքը պետք է էնպես խոսի, որ հրեշը հասկանա՝ իր աթոռն անսասան է, իր ախորժակն անխորտակ: Ընդդիմությունը գուցե այս ամենը գիտի: Գուցե գիտի, որ իրեն ծաղրում են Լևոն Մարտիրոսյանի դեմքով: Պարզ է նաև, որ ինքն իրեն հարցնում է՝ բայց ի՞նչ կարող եմ անել: Ավելի հավանական է, որ չի հարցնում: Որովհետև Հայաստանն այնպիսի աշխարհաքաղաքական մարտահրավերներ ունի, որոնք, չգիտես ինչու, տարածվում են միայն ընդդիմության զգոնության վրա:

Բայց ընդդիմությունը գիտի, որ Լևոն Մարտիրոսյանը նաև փուչ կրակոց է, որովհետև իր գոյությունը Մարտիրոսյանի մակարդակով չի երաշխավորված: Ընդդիմությունը գիտի, որ ավելի բարձր «պոչեր» կան, որոնցից ինքն արդեն բռնված է: Լևոն Մարտիրոսյանը կատակում է եղբոր «իմիջով»: Ընդդիմությունը այդպիսի կատակներով տարվելու տրամադրություն չունի, առանց այն էլ իրենից ոչինչ կախված չէ: Դավիթ Հարությունյանն իրեն թույլ կտա ասել՝ մենք որոշ դեպքերում մեզ հարգող պետություն ենք: Չի ասում, որ որոշ դեպքերում էլ հարգող չենք: Այլևս պետության ներկայացուցիչ լինելու «խաղադրույք» չկա, նստած ԱԺ-ում փողի բազար են անում: Իբր էս անգամ, որ բան չստացվեց, 2022-ին հաստատ կստացվի: Իսկ Լևոն Մարտիրոսյանը կշարունակի իր կատակները: Բոլոր կատակներն ուրիշի կրած ինչ-որ պարտություն են ամփոփում, ուրիշի ինչ-որ անզորություն: Որովհետև Սերժ Սարգսյանը, տղերք, քաղաքականության մեջ դեռ անելիք ունի: Ու ոչ մեկն իրեն չի տա այդ հարցը՝ ինչո՞վ է այս մարդը մեզանից լավը՝ խելո՞ք է՝ ոչ, հումորի զգացու՞մ ունի՝ ոչ, ինչ-որ հա՞րց է լուծել, որից ՀՀ քաղաքացին կառչել է ու մնացել Հայաստանում՝ ոչ: Բոլոր այս անհաջողություններում ՀՀ շարքային քաղաքացիներից ո՞վ կարող էր նրանից վատը լինել: Ոչ մեկս: Բայց դա Ընտրյալություն է, մինչդեռ քաղաքացին կանչված է: Հրեշներն իրենց կարողանում են պարտադրել այնքան, մինչև գիտակցում ես նրանց ճակատագրական Ընտրյալությունը:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: