28 հունիս, 2016 17:19

ԵՄ-ն պատրաստ է բաժանվել Բրիտանիայից

EU Summit in BrusselsԵվրամիությունն արդեն այսօր պատրաստ է «ապահարզանի գործընթաց» սկսել Մեծ Բրիտանիայի հետ. այս մասին այսօր հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ հավելելով, որ ԵՄ-ն Բրիտանիայի ելքի գործընթաց չի սկսի այնքան ժամանակ, մինչև Բրիտանիայից ծանուցում չստանա:

«Եվրոպան պատրաստ է ապահարզանի գործընթաց սկսել, չնայած՝ առանց խանդավառության, ինչպես կարող եք պատկերացնել: Սա այն սցենարը չէ, որի մասին երազում էինք»,- Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Բրյուսելում լրագրողներին ասել է Տուսկը՝ ընդգծելով, որ առանց Բրիտանիայի ծանուցման՝ բաժանման կամ ապագա հարաբերությունների վերաբերյալ բանակցություններ չեն սկսվի:

Տուսկը տեղեկացրել է, որ ԵՄ առաջնորդների գագաթաժողովին կքննարկվի նաև միգրացիայի հետ կապված իրադրությունն ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր:

Վաղը Բրյուսելում կկայանա ԵՄ 27 պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, որին ներկա չեն լինի Միացյալ Թագավորության ներկայացուցիչները:

Այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան չի կարողանա պահպանել ԵՄ-ում անդամակցության առավելությունները՝ Միության առաջ իր պարտավորություններից հրաժարվելուց հետո: Ելույթ ունենալով Բունդեսթագում՝ Մերկելն ասել է, որ բրիտանացիները մատչում չեն ստանա միասնական շուկային՝ չպահպանելով միգրացիայի ազատությունը: Մերկելը խոստացել է թույլ չտալ Բրիտանիային ԵՄ-ի հետ ապագա բանակցություններում «հավաքել միայն լավագույնը»: Նա Մեծ Բրիտանիային կոչ է արել պատրանքներ չունենալ ապագա որոշումների հարցում:

«Պետք է լինի և կլինի շոշափելի տարբերություն այն երկրների միջև, որոնք ցանկանում են լինել ԵՄ անդամ և նրանց, որոնք չեն ցանկանում»,- Guardian-ը մեջբերում է Գերմանիայի կանցլերին:

Մերկելը վկայակոչել է Նորվեգիայի օրինակը, որը թեև ԵՄ անդամ չէ, ունի մատչում միասնական շուկային, միևնույն ժամանակ, ԵՄ քաղաքացիներին թույլ է տալիս ազատորեն մուտք գործել իր տարածք, ապրել և աշխատել այնտեղ:

Գերմանիայի կանցլերը խոստացել է անել հնարավոր ամեն բան՝ Միության լուծարում թույլ չտալու համար:

Հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել ԵՄ-ի կազմում մնալու կամ դուրս գալու հարցով հանրաքվե, որի արդյունքում դուրս գալու կողմնակիցները հավաքել են ձայների գերակշիռ՝ մոտ 52 տոկոսը: Արդյունքների հրապարակումից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հրաժարական է տվել:

ԵՄ-ից ներգաղթյալների ներհոսքի սահմանափակումը Միության կազմից Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների հիմնական կարգախոսներից էր: Նրանք պնդում էին, որ Բրիտանիան կկարողանա ԵՄ-ի հետ հաստատել  այլ պայմաններ, քան Նորվեգիան, քանի որ Միությունը շահագրգռված է աշխարհի հինգերորդ տնտեսության հետ սերտ կապերի պահպանմամբ:

Ստելլա Մեհրաբեկյան