28 հունիս, 2016 16:19

Լավրովը հուլիսի 4-ին կժամանի Երևան

LavrovՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 4-ին Երևանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի նիստին․ ռուսական «Ռիա նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 28-ի ճեպազրույցին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հուլիսի 4-ին Սերգեյ Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին։ Այն տեղի կունենա Երևանում։ Արտգործնախարարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային ասպարեզում ՀԱՊԿ անդամ պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր՝ աշխարհում ստեղծվող իրադրության համատեքստում»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ նախատեսվում է զգալի ուշադրություն դարձնել միջազգային ահաբեկչությանը, ծայրահեղականությանը հակազդեցության խնդրին՝ Մերձավոր Արևելքում և Աֆղանստանում իրադրության զարգացման միտումների լույսի ներքո։

«Մենք ակնկալում ենք, որ նախարարների երևանյան հանդիպումը կարևոր ներդրում կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների՝ կազմակերպության ներսում դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման վերաբերյալ պայմանավորվածությունների իրագործման հարցում»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։