28 հունիս, 2016 17:42

Դատարանն անփոփոխ թողեց Լևոն Հայրապետյանի դատավճիռը

Levon HayrapetyanՄոսկվայի քաղաքային դատարանը հունիսի 28-ին օրինական է ճանաչել արցախցի գործարար Լևոն Հայրապետյանի դատավճիռը, որով նա մեղավոր էր ճանաչվել $700 հազ. յուրացնելու մեջ և դատապարտվել 4 տարվա ազատազրկման, հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։

«Հայրապետյանի նկատմամբ Մոսկվայի Զամոսկվորեցկու դատարանի դատավճիռը թողնել անփոփոխ, պաշտպանության բողոքը չբավարարել»,- որոշումն ընթերցել է դատավորը։

Այսպիսով՝ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել և դարձել է պարտադիր կատարման համար։

Դատական նիստի ընթացքում Լևոն Հայրապետյանի փաստաբան Դավիթ Խեչյանը դատարանի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ քննչական մարմինն այդպես էլ չի սահմանել գումարի փոխանցման հստակ ժամկետը։ Նրա խոսքով՝ կաշառքի ստացման ենթադրյալ ժամանակահատվածում ձեռնարկատերը եղել է արտասահմանում։

Բացի այդ՝ պաշտպանը դատարանին հիշեցրել է դատապարտյալի վատառողջ լինելու մասին։

«Հայրապետյանի առնվազն երկու հիվանդություն խոչընդոտում է նրա ազատազրկմանը։ Մարդն ունի անբուժելի հիվանդություն․ սա մահվան դատավճիռ է նրա համար»,- ասել է նա։

Փաստաբանը նշել է, որ մտադիր է վճռաբեկ բողոքով դիմել Մոսկվայի քաղաքային դատարան, ապա նաև Ռուսաստանի Գերագույն դատարան։

Դավիթ Խեչյանը նաև ասել է, որ մտադիր է գործարարի համար խնդրել պայմանական վաղաժամկետ ազատում, սակայն դա հնարավոր կլինի անել միայն վեց ամիս անց։

***

Լևոն Հայրապետյանը ձերբակալվել էր 2014թ. հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում`մեկ այլ` ռուսական «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի յուրացման գործի շրջանակում:

Քննչական մարմնի միջնորդությամբ` նրա նկատմամբ ի սկզբանե սահմանվել էր կալանք, սակայն ավելի ուշ խափանման նախնական միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով` պայմանավորված գործարարի վատ ինքնազգացողությամբ:

2015թ. սեպտեմբերի 16-ին ՌԴ քննչական մարմինը տնային կալանքից ազատեց Լևոն Հայրապետյանին, քանի որ լրացել էր նրան կալանքի տակ պահելու` օրենքով նախատեսված ժամկետը:

Այս տարվա ապրիլի 14-ին Մոսկվայի Զամոսկվորեցկու դատարանը 4 տարվա ազատազրկման դատապարտեց Լևոն Հայրապետյանին` նրան մեղավոր ճանաչելով ցմահ դատապարտյալ, Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից $700 հազ. յուրացնելու մեջ:

Լևոն Հայրապետյանը ծնվել է 1949թ.։ Երկար տարիներ որպես լրագրող է աշխատել «Օգոնյոկ» ամսագրում և «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականում։ Հետագայում Հայրապետյանը սկսել է գործարարությամբ զբաղվել՝ կապված նավթի մատակարարումների հետ: