28 հունիս, 2016 16:59

Ղարաբաղյան կարգավորման թեման լռության կարիք ունի․ Զախարովա

ZakharovaՂարաբաղյան հակամարտության կարգավորման թեման լռություն է պահանջում, դրա շուրջ պետք է աշխատեն դիվանագետներն ու փորձագետները։ Ինչպես հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, հունիսի 28-ի ճեպազրույցին այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների վերաբերյալ հարցին։

«Կարևոր է ձեռք բերված դրականը չփոշիացնել հրապարկային հռետորաբանությամբ, այն հարկ է պահպանել՝ իրացնելու հստակ քայլերի ընթացքում։ Կան թեմաներ, որոնք լռություն են պահանջում, քանի որ այստեղ պետք է գործեն դիվանագետներն ու փորձագետները»,- ասել է Զախարովան։

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ հասկանում է լրատվամիջոցների հետաքրքրությունը թեմայի նկատմամբ, սակայն նշել է, որ «տարբերություն կա տեղեկացնելու և հանրային տարածությունը ուժերը չափելու նպատակով օգտագործելու մեջ»։

«Կարևոր է այնպես անել, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը տեղափոխվի կոնկրետ իրական հարթություն»,- ասել է Զախարովան։