1 հուլիս, 2016 16:41

Չպետք է թույլ տանք ՍԾՏՀԿ քաղաքականացումը․ Նալբանդյան

MHM92889Հայաստանը կողմնակից է միջազգային ասպարեզում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) դերի բարձրացմանը, այլ միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների հետ փոխգործակցության ընդլայնմանը, ինչպես նաև ասոցացված կազմակերպությունների, դիտորդների և ոլորտային երկխոսության գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը․ այսպիսի հայտարարություն է արել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հուլիսի 1-ին Սոչիում մասնակցելով կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 34-րդ նիստին։

Նալբանդյանը նշել է, որ այդ փոխգործակցությունը պետք է զարգանա ՍԾՏՀԿ կանոնադրության և այլ հիմնարար փաստաթղթերին համապատասխան։

Ելույթում ՀՀ արտգործնախարարը քննադատել է Ադրբեջանի պատվիրակությանը՝ կազմակեպությունը քաղաքական հարթակի վերածելու համար։

«Մենք չպետք է թույլ տանք ՍԾՏՀԿ քաղաքականացումը, նրա վերածումը քաղաքական հակադրության հարթակի։ Ցավոք, մենք ականատես դարձանք, որ այսօր նորից ադրբեջանական պատվիրակությունն, իր նեղ քարոզչական նպատակներից ելնելով, փորձեց քաղաքականացնել լիագումար նիստի քննարկումները»,- նշել է նա:

Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ Նալբանդյանը հիշեցրել է, որ «Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում անցկացված գագաթաժողովները, առաջին հերթին, նպատակ էին հետապնդում կայունացնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ապրիլին իրականացված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը»:

«Բանակցային գործընթացը շարունակելու համար պայմաններ ստեղծելու նպատակով, առաջին հերթին, անհրաժեշտ է իրականացնել այն, ինչի մասին հատուկ շեշտվել է և ինչի շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ գագաթաժողովներին՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում, հրադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնում»,- ասել է նա։

Հանդիպման արդյունքում ՍԾՏՀԿ արտգործնախարարների կողմից ընդունվել են կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք բանաձևեր, որոշումներ՝ ուղղված տարածաշրջանային համագործակցության խորացմանը։

Նիստի ավարտին ՍԾՏՀԿ-ում նախագահությունը Ռուսաստանից փոխանցվել է Սերբիային: