2 հուլիս, 2016 08:23

Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

assemblee-nationalՖրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ներկայացրել էր կառավարությունը: Օրինագիծը կոչվում է «Հավասարություն և քաղաքացիություն»: Դրա համաձայն՝ ցեղասպանությունները հերքելու համար սահմանվում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Ֆրանսիայի կողմից ճանաչված բոլոր ցեղսպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների հերքումը ընկնում է այս օրենքի տակ: Օրենքի ուժ ստանալու համար օրինագիծը պետք է հաստատվի նաև Սենատի կողմից:

Նախագահ Ֆրանսուա Օլանդը դեռ ընտրարշավի ժամանակ խոստացել էր նման օրենք ընդունել, երբ 2012թ. փետրվարին Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների հավանությանն արժանացած նմանատիպ օրենքը՝ խոսքի ազատությանը խոչընդոտելու հիմնավորմամբ։ Ներկայում Ֆրանսիայում քրեական պատիժ է սահմանված միայն Հոլոքոսթի ժխտման համար։