6 հուլիս, 2016 14:13

Մի քանի միլիոն թիզ հող

serzh sargsyan army bako sahakyanՂարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվացմանը զուգահեռ մի շարք հարցերի պատասխանելու անհրաժեշտություն է առաջանում թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղում:

Մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած բանակցությունները և դրանցից հետո պաշտոնական ու ոչ պաշտոնական հայտարարությունները թույլ են տալիս եզրակացնել, որ լուրջ գործընթացներ են տեղի ունենում հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Բանակցային սեղանի վրա գտնվող այսպես կոչված Կազանյան աշխատանքային փաստաթղթի գաղտնազերծումը, տարբեր տրամաչափի չինովնիկների կողմից փոխզիջումների մասին հայտարարությունները մի շարք հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները հասարակությունը թերևս չունի: Մենք պարզապես չգիտենք՝ ինչ ենք ուզում:

Ղարաբաղի խնդրի շուրջ քննարկումները՝ լինի սոցցանցերում, մամուլում, թե հրապարակային այլ հարթակներում, տեղի են ունենում հիմնականում ռազմահայրենասիրական տրամաբանությամբ ու ոճով: Այլ մոտեցում ունեցողները միանգամից խարանվում են դավաճանի ու հող հանձնողի պիտակով: Նույն խարանավորողները միաժամանակ պաշտպանում են մի իշխանության, որը համաձայնություն է տվել ոչ թե մեկ, այլ «մի քանի միլիոն թիզ» հող հանձնելուն:

Ռազմահայրենասիրական պաթոսով հատկապես տառապում են մերձիշխանական քաղաքական և փորձագիտական շրջանակները: Այդպիսի քննարկումները կողքից լսելիս տպավորություն է ստեղծվում, որ հայերի կողմից առավելագույն փոխզիջում Ադրբեջանին կարող է ընկալվել այն, որ հայկական ուժերը չեն վերցնի Բաքուն: Իրականում, սակայն, պաշտոնական Երևանը բանակցությունների սեղանի շուրջ Ադրբեջանի հետ քննարկում է մի փաստաթուղթ, որը սկզբունքորեն հիմնված է հայկական կողմի լրջագույն զիջումների վրա:

Օրինակ, վերջերս արտահոսքի միջոցով հրապարակված Կազանյան կոչվող աշխատանքային փաստաթուղթը ենթադրում է տարածքային զիջումներ 5+2 ձևաչափով (Ադրբեջանին է զիջվում Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Ղուբաթլիի, Զանգելանի շրջանները, հետագայում էլ զիջվում են Քելբաջարի և Լաչինի շրջանները), որի դիմաց հայկական կողմը գրեթե ոչինչ չի ստանում, հատկապես ամենաառանցքային հարցի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասով: Բանակցային ողջ գործընթացը՝ սկսած 1994-ից, հիմնված է եղել տարածքային նման զիջումներ ենթադրող սկզբունքների վրա, պարզապես ժամանակ առ ժամանակ փոխվել են Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ մոտեցումները:

Մի կողմից լրջագույն զիջումների գնալու պատրաստակամությունը, մյուս կողմից ոչ «մի թիզ հող թշնամուն» կարգախոսը հասարակության մոտ կոգնիտիվ դիսոնանս են առաջացնում: Մեկընդմեջ  ռազմահայրենասիրական քարոզn ընդհատվում է Հայաստանի և Արցախի իշխանությունների կողմից փոխզիջումների վերաբերյալ հայտարարություններով, իսկ թե կոնկրետ ինչն են նրանք փոխզիջում դիտարկում, խուսափում են հստակեցնել:

Հրապարակային քննարկումներ են անհրաժեշտ հասկանալու և կողմնորոշվելու, թե մեր հասարակության համար ինչ է նշանակում փոխզիջում կամ ընդունելի է արդյոք այդ տերմինն ընդհանրապես: Պատրա՞ստ է արդյոք ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը տարածք զիջելուն: Եթե պատրաստ է, ապա որտեղով են անցնում զիջումների կանաչ, դեղին ու կարմիր գծերը:

Եթե մենք պատրաստ չենք ոչ մի կարգի տարածքային զիջումների, այդ դեպքում ինչ լուծում ենք առաջարկում և ինչպես: Արդյոք Աղդամը համարո՞ւմ ենք մեր հայրենիքը, թե՞ ճիշտ էր Սերժ Սարգսյանը, որ ասում էր՝ Աղդամը իր հայրենիքը չէ: Հարցերի այս շարքին կարելի է բազմաթիվ այլ հարցեր ավելացնել, որոնց մասին խուսափում ենք խոսել: Հարցեր, որոնց պատասխանները քսան տարուց ավելի է՝ չեն տրվում: Պատասխանների բացակայության հանգամանքը տարիներ շարունակ օգտագործվել ու օգտագործվում է Հայաստանում ներքաղաքական խնդիրներ լուծելու, իշխանություն վերցնելու, պահելու կամ հանձնելու համար:

Սրանք հարցեր են, որոնք շահարկվելու են այնքան, քանի դեռ պատասխանների շուրջ չի ձևավորվել հասարակական ու քաղաքական կոնսենսուս: Ի վերջո, մենք պետք է կողմնորոշվենք՝ ինչ ենք ուզում ու ինչքան:

Քաղաքական դաշտում գործող բոլոր կուսակցություններն ու շահագրգիռ կազմակերպությունները պետք է հստակ տեսակետ հայտնեն, թե ինչպես են պատկերացնում հակամարտության հանգուցալուծումը: Կողմ են ստատուս քվոյի պահպանմա՞նը, թե՞ դիտարկում են տարածքային զիջումների հավանականությունը: Եթե այո, ապա ինչքան ու ինչի դիմաց: «Կհամաձայնենք այն տարբերակին, որին կողմ կլինի Արցախի ժողովուրդը» հայտարարությունը շատ լղոզված, դեմագոգիկ ու ոչինչ չասող պատասխան է: Մեզ անհրաժեշտ են հնարավորինս հստակ մոտեցումներ ու պատասխաններ:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: