6 հուլիս, 2016 11:06

Եվ կրկին Իսրայելը հերքում է Հայոց ցեղասպանությունը

yair_Auron3Հուլիսի 5­-ին Իսրայելի խորհրդարանում «Մերեց» կուսակցության նախագահ Զեհավա Գալյոնի նախաձեռնությամբ քննարկվել է Հայոց ցեղասպանության հարցը: Բանաձևը հերթական անգամ պարզապես քննարկվել է, ապա՝ ուղարկվել Կրթության և մշակույթի հանձնաժողով: Կնեսետում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քննարկման նախօրեին Haaretz պարբերականում լույս է տեսել իսրայելցի ցեղասպանագետ Յաիր Աուրոնի՝ «Եվ կրկին Իսրայելը հերքում է Հայոց ցեղասպանությունը» վերնագրով սյունակը: Աուրոնը գրում է, որ կայանալիք քննարկման արդյունքում Ցեղասպանության ճանաչման մեծ հավանականություն չկա՝ հաշվի առնելով վերջերս տեղի ունեցած Թուրքիա-Իսրայել հաշտեցումը, որը վերջ դրեց երկկողմ հարաբերություններում վեցամյա լարվածությանը: Աուրոնը անդրադառնում է նաև Ադրբեջանի հետ Իսրայելի՝ միլիարդավոր դոլարներ արժողությամբ ռազմական գործարքին՝ զենք, որը ինչպես նկատում է պրոֆեսորը, «նախատեսված է հայերի հետ բախումների համար»: Յաիր Աուրոնը հստակ հայտարարում է՝ Իսրայելը հերքում է Հայոց ցեղասպանությունը, և աշխարհում եզակի «ժողովրդավարական երկրներից է», որոնք ժխտողական քաղաքականություն են վարում՝ «պղծելով» ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Հոլոքոստի զոհերի հիշատակը: Սյունակը կրճատումներով, թարգմանաբար ներկայացված է ստորև:  

Մայիսի 31-ին՝ Գերմանիայի Բունդեսթագի կողմից հայ ժողովրդի սպանդի ճանաչումից մի քանի օր առաջ (քայլ, որն արձագանք ունեցավ ամբողջ աշխարհում), նախատեսվում էր, որ հարցը կքննարկվի Կնեսետում: Այդուհանդերձ, քննարկումը հետաձգվեց ԱԳՆ-ի ճնշման տակ (գլխավորում է վարչապետ Բենյամին Նեթանյահուն):

Սա մեծ կարևորություն ունեցող քննարկում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղված երկարամյա պայքարի տեսանկյունից: Անցյալ տարի ես հույս ունեի, որ եթե ոչ Իսրայելի կառավարությունը, առնվազն՝ Կնեսետը վերջապես կճանաչի այն: Սակայն ակնհայտորեն դա քիչ հավանական է՝ Թուրքիայի հետ հաշտեցման համաձայնագրի լույսի ներքո: Ի վերջո, ո՞վ կվտանգի այդ համաձայնագիրը այնպիսի չնչին հարցի պատճառով, որը վերաբերում է նրան, թե արդյոք մեկ այլ ազգի նկատմամբ կատարվե՞լ է, թե՞ ոչ ցեղասպանություն:

Առաջիկա օրերին կայանալիք տարեկան քննարկումը ճշմարտության պահ է. Թուրքիայի հետ հարաբերություններում ձնհալը և Իսրայելի ու Ադրբեջանի կառավարությունների միջև սպառազինությունների վաճառքի գործարքը՝ միլիարդավոր դոլարներ արժողությամբ (զենք, որը նախատեսված է հայերի հետ բախումների համար), ցեղասպանության ճանաչման ավետիս չեն:

Եթե նույնիսկ Իսրայելում մարդկանց և գերատեսչություններին դուրեկան չէ լսել այդ բառերը, դրանք պետք է արտասանել՝ Իսրայելը հերքում է Հայոց ցեղասպանությունը: Մենք աշխարհում եզակի ժողովրդավարական երկրներից ենք, եթե ոչ միակը, որն այդպես է վարվում և աջակցում է Թուրքիայի անզիջող ժխտողական քաղաքականությանը: ԱՄՆ-ը ո՛չ ճանաչում, ո՛չ հերքում է ցեղասպանությունը: Մենք հերքում ենք այն և պղծում զոհերի հիշատակը: Իմ համոզմամբ՝ այդպես անելով՝ մենք պղծում ենք նաև Հոլոքոստի զոհերի հիշատակը:

Վերջին այս նախադասության պատճառով, որը ես հրաժարվում էի հեռացնել, Յադ Վաշեմի [Հոլոքոստի թանգարան - ՍիվիլՆեթ] ղեկավարությունը մերժեց իմ գիտական հոդվածը, որը ինձ խնդրել էին գրել ինստիտուտի զեկույցի համար: Սակայն ես կշարունակեմ ասել և գրել այդ նախադասությունը այնքան ժամանակ, մինչև Իսրայել պետությունը, եթե միայն Կնեսետի միջոցով, կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Այսօր արդեն հայտնի է և ապացուցված՝ երբ մենք հերքում ենք անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունը, մենք հող ենք նախապատրաստում ապագայի ցեղասպանությունների համար:

Կնեսետի քննարկումը մեծ հետաքրքրություն պետք է առաջացնի աշխարհում, անշուշտ, Հայաստանի և Սփյուռքի հայերի շրջանում, հուսանք՝ նաև այստեղ: Նրանք, ովքեր պայքարում են ճանաչման համար, պահանջում են քվեարկություն այս պահին: Հարցի տեղափոխումը հանձնաժողով կարևոր քայլ էր տարիներ շարունակ, սակայն դա վերածվել է ճշմարտության կոծկմանը միտված ցինիկ քաղաքական քայլի: Մենք շարունակում ենք հերքել:

Իսրայելի կողմից ճանաչումը հնարավոր է՝ հանգեցնի ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Եթե Իսրայելը ճանաչի այն, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նույնպես ի վիճակի չի լինի շարունակել մնալ լուսանցքում:

Ցանկացած ոք, ով զոհերի կողմից չէ, ժխտողականների կողմից է:

Ակնարկ

Պրոֆեսոր Աուրոնը ցեղասպանագետ է, որը երկար տարիներ է՝ աշխատում է Իսրայելի և աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

2015թ. մարտի 5-ին Յաիր Աուրոնը ՍիվիլՆեթում ՝«Հայոց ցեղասպանության ճանաչումը. Իսրայելը և աշխարհը» թեմայով իր դասախոսության ընթացքում հայտարարեց, որ Իսրայելը պետք է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաջություն ունենա:

«Իսրայելը ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Մենք ոչ միայն չենք ճանաչում, մենք ավելի հեռուն ենք գնում: Ես խոսել եմ իմ երկրի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Հոլոքոստի օրվան նվիրված նրա ելույթից  առաջ:

ՄԱԿ-ում ելույթից առաջ նախագահն ինձ կանչեց իր գրասենյակ, կարդաց այն տեքստը, որ ցանկանում էր կարդալ Գլխավոր վեհաժողովում: Ես ասացի. «Պարոն նախագահ, դուք գիտեք իմ տեսակետը, և դուք ինձ կանչել եք մեկնաբանելու այդ տեքստը»: Նա մի հատված էր վերցրել իմ գրքից, ինչի համար ես հպարտ էի: Նախագահի տեքստը զգայացունց էր: Նա ասաց, որ իր հայրն ու մայրը եղել են Երուսաղեմում և տեսել են հայ փախստականների այդ ծանր պայմաններում: Բոլորը հասկացան, թե դա ինչ է նշանակում և ինչ հետևանքներ կարող է ունենալ:

Նա օգտագործել էր «ջարդ» եզրը: Ես ասացի. «Պարո՛ն նախագահ, դուք գիտեք ջարդի և ցեղասպանության տարբերությունը: Ասացի, խնդրում եմ՝ օգտագործե՛ք «ցեղասպանություն» եզրը, դա կլինի պատմական ելույթ»: Ասաց՝ ոչ: Հետո ասաց. «Ես դա չեմ կարող անել: Ես մասնավոր անձ չեմ»: Սակայն երբ նա պատգամավոր էր, խորհրդարանի խոսնակն էր (2003-2006 թթ.), մի քանի անգամ կոչ է արել, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նա ասաց, որ չի փոխել իր կարծիքը: Ես էլ վստահ եմ, որ նա չի փոխել իր կարծիքը:

Սակայն հետո նրա ելույթում եղավ Խոջալուի մասին այդ տհաճ նախադասությունը: Ճիշտ է՝ նա Խոջալուն ցեղասպանություն չանվանեց, բայց Խոջալուի մասին խոսեց Հայոց ցեղասպանության համատեքստում: Դա սարսափելի է:

Ինչո­­՞ւ նա այդպես արեց. որովհետև արտգործնախարար Լիբերմանը նրա վրա ճնշում էր գործադրել: Բայց չէ՞ որ դու նախագահ ես, ոչ թե այդ զզվելի Լիբերմանի աշխատակիցը:

Ես քաղաքական գործիչ չեմ, և պետք է ասեմ իրականությունը՝ Իսրայելը Թուրքիայի ժխտողականության ամենամեծ աջակիցներից է, նույնիսկ՝ այժմ, երբ տեղի ունեցավ Մավի Մարմարայի դեպքը, որը փչացրեց իսրայելա-թուրքական հարաբերությունները:

Մավի Մարմարայի դեպքից հետո Իսրայելում բազմաթիվ մարդիկ, անգամ՝ նախարարներ կոչ արեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- դասախոսության ժամանակ պատմել էր Աուրոնը:

Ստելլա Մեհրաբեկյան