Ադրբեջանը և ադրբեջանցի լրագրողները՝ ԵԱՀԿ թբիլիսյան խորհրդաժողովի կենտրոնում

Վրաստանի արտգործնախարարը  ելույթի պահինՀուլիսի 6-7-ը Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող ԵԱՀԿ հարավկովկասյան լրատվամիջոցների 13-րդ խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումների կենտրոնում Ադրբեջանում լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ շարունակական ճնշումների թեման էր:

Քանի որ բանտից վերջերս ազատված լրագրող Խադիջա Իսմայիլովային թույլ չի տրվում դուրս գալ երկրից, խորհրդաժողովի կազմակերպիչները նրա հետ հաստատեցին skype կապ: Ադրբեջանցի ամենահայտնի լրագրողի հետ զրույցը վարեց ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:

Իսմայիլովան շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնն են բարձրացրել Ադրբեջանի բանտերում գտնվող լրագրողների և նրանց համար, ովքեր հետապնդվում են ազատ խոսքի արտահայտման համար:

“Ես մեկն եմ այն լրագրողներից, ովքեր իրավունք չունեն դուրս գալ Ադրբեջանից: Այսօր Ադրբեջանում յուրաքանչյուր անկախ լրագրող ստիպված է աշխատել ընդհատակից: Ազատություն ռադիոկայանը չի կարող նորմալ գործել, քանի որ նրա Բաքվի բյուրոն փակված է: Նույնը վերաբերում է Մեյդան հեռուստատեսությանը և այլ գործակալությունների: Իշխանությունները ճնշում են ոչ միայն տեղական լրատվամիջոցներին և լրագրողներին, այլ նրանց, ոքվեր համագործակցում են արտասահմանյան լրատվամիջոցների հետ”,- ասաց Իսմայիլովան:

Նա նշեց դեպք, երբ ադրբեջանցի քաղաքական գործիչը՝ ընդդիմադիր Ժողճակատի նախագահի տեղակալը, բանտարկվել է Ֆեյսբուքում մեկ ստատուս գրելու համար: Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն զրպարտում են լրագրողներին, սպառնում, բանտարկում, թաքուն տեսանյութերով ներխուժում լրագրողների անձնական կյանք, այլև չեն ուզում, որ լրագրողները խոսեն առկա խնդիրների մասին, ասաց Իսմայիլովան:

Մինչ այդ ադրբեջանական իշխանությունների քննադատությամբ ելույթներ էին ունեցել Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի (Բաքու) տնօրեն Էմին Հուսեյնովը, Թուրան (Բաքու) գործակալության տնօրեն Մեհման Ալիևը, Ենի Նեսիլ (Բաքու) լրագրողական կազմակերպության նախագահ Արիֆ Ալիևը: Շեֆֆիլդի (Մեծ Բրիտանիա) համալսարանի լրատվամիջոցների ազատության կենտրոնի տնօրեն Ուիլյամ Հորսլին ընդգծեց, որ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ կան բանտարկված լրագրողներ:

Հնչող քննադատությունները անընդունելի համարեցին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ավագ խորհրդական Քյամրան Հասանովը և մի քանի իշխանամետ լրագրողներ: Հասանովը, մասնավորապես, բողոքեց, որ ԵԱՀԿ խորհրդաժողովը վերածվել է Ադրբեջանի հասցեին քննադատությունների: Կրքերը հանդարտեցրեց Դունյա Միյատովիչը:

ԵԱՀԿ հարավկովկասյան լրատվամիջոցների 13-րդ խորհրդաժողովը բացվեց Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի և ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի ելույթներով:

Խորհրդաժողովում որպես խոսնակներ հաջորդաբար զեկույցներ ներկայացրեցին Շեֆֆիլդի (Մեծ Բրիտանիա) համալսարանի լրատվամիջոցների ազատության կենտրոնի տնօրեն Ուիլյամ Հորսլին, Բաքվի Ենի Նեսիլ լրագրողական կազմակերպության նախագահ Արիֆ Ալիևը, Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Տարածաշրջանային հեռարձակողների ասոցիացիայի (Թբիլիսի) նախագահ Նատիա Կուպրաշվիլին, Բոսնիա-Հերցեգովինայից Էմիր Պովլակիչն ու Լիլիանա Զուրովիչը, Ռուսաստանից Անտոն Մերկուրովը:

ԵԱՀԿ հարավկովկասյան լրատվամիջոցների 13-րդ խորհրդաժողովում ՍիվիլՆեթը ներկայացնում է Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան, լրագրող Թաթուլ Հակոբյանը: ԵԱՀԿ այս և նախորդ խորհրդաժողովները հետաքրքրական են նաև նրանով, որ հրավիրվում են ինչպես անկախ լրատվամիջոցների, լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ խորհրդարանի ներկայացուցիչներ և պաշտոնական գերատեսչությունների խոսնակներ Հայաստանից, Ադրբեջանից և Վրաստանից:

Թաթուլ Հակոբյան

Թբիլիսի

Մեկնաբանել