Թուրքիայի արտաքին քաղաքական շրջադարձի պատճառները. Petrostrategies

putin erdoganՆավթագազային ոլորտի հետազոտություններով զբաղվող ֆրանսիական Petrostrategies ընկերությունը հոդված է հրապարակել է՝ վերլուծելով Թուրքիայի արտաքին քաղաքական վերջին շրջադարձի՝ Ռուսաստանի ու Իսրայելի հետ հարաբերությունների բարելավման պատճառները: Հոդվածը, որը տպագրվել է ընկերության World Energy Weekly շաբաթագրի հուլիսի 4-ի համարում, թարգմանաբար ներկայացված է ստորև:

Իսրայելի և Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների ակտիվացումը, ինչի մասին Թուրքիան հայտարարեց հունիսի 27-ին, առնվազն երկու նոր գազատարի տարբերակներ է բացում Եվրոպայի առաջ՝ իսրայելական գազի արտահանման խողովակաշարի և Ռուսաստանի «Թուրքական հոսք» նախագծի։ Սա բխում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած տարածաշրջանային քաղաքականության շրջադարձից: Նա ցանկանում է վերջ դնել իր երկրի՝ վերջին տարիներին խորացած մեկուսացմանը։

2003թ. մարտին իշխանության գալուն հաջորդած տարիների ընթացքում «Զրո խնդիր հարևանների հետ» կարգախոսն արտաքին քաղաքականության կարգախոս հռչակելուց հետո Էրդողանը աստիճանաբար փոխեց իր տոնը՝ սկսելով ավելի շատ տպավորություն թողնել, որ խոսում է ուժի դիրքերից և ձգտում է իր տեսակետները պարտադրել ուրիշներին: 2009թ. հունվարին դա դրսևորվեց Դավոսում, երբ Էրդողանը, Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի վրա բարկացած, հանկարծակի լքեց համաժողովը, մինչդեռ Իսրայելն ու Թուրքիան համարվում հին ռազմավարական դաշնակիցներ:

Թուրք-իսրայելական հարաբերություններն ավելի վատթարացան 2010թ. մայիսին, երբ իսրայելական ուժերը Մավի Մարմարա նավի վրա սպանեցին թուրք տասը ակտիվիստների, որոնք փորձում էին ճեղքել Գազայի հատվածի իսրայելական շրջափակումը և օգնություն հասցնել։ Անկարան պահանջեց ներողություն (որը և ստացավ 2013թ. մարտին՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի կողմից), 20 մլն դոլար փոխհատուցում զոհվածների ընտանիքներին (ինչը Իսրայելը համաձայնել է վճարել) և Գազայի հատվածի ապաշրջափակում:

Իսրայելցիները վճռականորեն հրաժարվեցին կատարել վերջին պահանջը, փոխարենը Թուրքիային առաջարկելով օգնություն տրամադրել Գազային՝ վերջինից 50 կմ հյուսիս ընկած Աշդոդ նավահանգստի միջոցով։ Այս տարբերակը թուրքերը հրաժարվում էին ընդունել մինչ վերջերս, սակայն համաձայնեցին հունիսի 27-ին, քանի որ այլևս ուժի դիրքերում չեն:

Էրդողանի քաղաքական և տարածաշրջանային դիրքերը սկսեցին թուլանալ 2015թ. հունիսից։ Թուրքիայում հունսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին նա ականատես եղավ ոչ միայն իր կուսակցության՝ մեծամասնությունը կորցնելուն, այլև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խոշոր առաջընթացին և խորհրդարան մտնելուն։ Թուրքիայի առաջնորդը չեղյալ հայտարարեց այդ ընտրությունները և նոր ընտրություններ նշանակեց։ Այնուհետև նա ռազմական արշավ սկսեց Թուրքիայի քրդերի դեմ, դրա շնորհիվ ստացավ ազգայնականների ձայները, ինչն անհրաժեշտ էր նրան 2015թ. նոյեմբերի ընտրություններին իր Արդարություն և զարգացում կուսակցության մեծամասնությունը վերականգնելու համար:

Այդուհանդերձ, 2015թ. սեպտեմբերին ռուսական ռազմական միջամտությունը Սիրիայում ամբողջությամբ շրջեց իրավիճակը։ Մի կողմից այդ միջամտությունն ամրապնդեց Բաշար Ասադի վարչակարգը, որը Էրդողանը երդվել էր տապալել, մյուս կողմից՝ այն (ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան երկրների կոալիցիայի օգնությամբ) հնարավորություն տվեց Սիրիայի քրդերին առաջանալու դեպի թուրքական սահմանի հարավային կողմ՝ Հալեպ: Սիրիայի քրդերը շատ մոտ են Քրդական աշխատավորական կուսակցությանը (PKK), որի հետ Անկարան կենաց ու մահու պայքար է մղում Թուրքիայում։

Արդեն մի քանի տարի է՝ Թուրքիան աչք էր փակում այն փաստի վրա, որ Իսլամական պետությունն իր տարածքն օգտագործում էր Սիրիա ներթափանցելու համար, որտեղ ավելացնում է իր զինված ներկայությունը: Թուրքերն այդպիսով Իսլամական պետության նավթի համար մուտք էին ապահովում և թույլ տալիս նրան թուրքական սահմանով ներգրավելու զենք և զինյալներ։ Սակայն միջազգային ճնշման տակ Անկարան ստիպված է աստիճանաբար դադարեցնել բարի կամքի այս դրսևորումը:

Սրան հետևեց Իսլամական պետության կողմից իրականացված ահաբեկչական հարձակումների ալիքը հենց Թուրքիայում, որոնցից վերջինը տեղի ունեցավ հունիսի 29-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում՝ հանգեցնելով ավելի քան 200 զոհերի ու վիրավորների: 2015թ. դեկտեմբերից Ռուսաստանի կողմից ծանր պատժամիջոցները ևս նպաստեցին Թուրքիայում սոցիալ-տնտեսական իրավիճակի լարվածության ուժգնացմանը։ Այսպիսով, 2015թ. հունիսի տվյալներով՝ 10-12 ամիսների ընթացքում, Էրդողանի դիրքերը զգալիորեն թուլացել էին, ինչը, սակայն, չխանգարեց նրան Եվրոպային փախստականների ներհոսքի շուրջ գործարք առաջարկելուց, որը վերջինս որակեց «շանտաժ»։

Մայիսին վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հեռացնելով՝ Էրդողանը տարածաշրջանային նոր քաղաքականություն սկսեց: Առաջընթացն արագ էր. ընդամենը երկու ամիս անց Անկարան հայտարարեց, որ վերականգնում է դիվանագիտական կապերը Իսրայելի և Ռուսաստանի հետ: Երկու դեպքում էլ, սակայն, ինչպես թուրք սյունակագիրներն են բնութագրում, կլինի «սառը խաղաղություն»: Բացի ռազմավարական նկատառումներից՝ օրակարգում կարևոր տեղ են զբաղեցնում նաև գազային շահերը։ Մինչ ռուսները խոսում են իրենց «Թուրքական հոսք» գազամուղի նախագծի շուրջ բանակցությունների վերսկսման մասին, իսրայելցիները վերահաստատում են իրենց Լևիաթան հանքավայրից դեպի Թուրքիա, ապա Եվրոպա գազի հնարավոր արտահանման նպատակը։

Իսրայելական գազամուղի կառուցումը կարող է շատ ավելի երկար ժամանակ պահանջել, քան ռուսական գազամուղինը: Դեռ շատ գործ կա առևտրային, տեխնիկական և քաղաքական ճակատներում: Իսրայելին հարկավոր է շուկաներ գտնել տարեկան կտրվածքով 8-10 մլրդ խմ գազի համար, որը նա Թուրքիայի վրայով ցանկանում է արտահանել Եվրոպա: Պետք է ֆինանսական պլան մշակվի և կայացվի ներդրումային որոշում։ Եվս չորս-հինգ տարի կտևի, մինչև իսրայելական գազը հասնի Թուրքիա։ Միևնույն ժամանակ, հարկավոր կլինի գտնել Կիպրոսյան խնդրի լուծումը։

Դեպի Թուրքիա գազամուղը պետք է անցնի Կիպրոսին ջրային տարածքով, ինչի համար Նիկոսիայի թույլտվությունն է հարկավոր: Կիպրացիները խիստ դժգոհ են Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական կապերի ջերմացումից և իսրայելական գազը Թուրքիայով արտահանելու նոր հետաքրքրությունից։ Կիպրացիների դժգոհության պատճառն այն է, որ 2016թ. հունվարին նրանք Իսրայելի և Հունաստանի հետ ստորագրել էին «եռակողմ դաշինք», որը նախատեսում էր կիպրական և իսրայելական գազի արտահանումը Հունաստան և Եվրոպա: Նիկոսիան այժմ իրեն խաբված է զգում։ Ներկայիս իրավիճակից ելնելով՝ խիստ հավանական է, որ նա թույլ չի տա, որ իր տարածքով անցնի իսրայելական գազամուղը դեպի Թուրքիա։

***

Հունիսի 27-ին Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական կապերի ջերմացման հայտարարությունից ժամեր անց Կրեմլը հայտարարեց, որ Վլադիմիր Պուտինն իր թուրք պաշտոնակցից նամակ է ստացել, որով վերջինս արտահայտում է իր կառավարության ցանկությունը՝ վերականգնելու Մոսկվայի հետ հարաբերությունները։ Վերջին շաբաթներին ի հայտ են եկել նշաններ, որ թուրք-ռուսական բանակցություններն իսկապես երկու երկրների միջև հարաբերությունների վերականգնման ճիշտ ուղու վրա էին։ Վլադիմիր Պուտինը այսպիսով հայտարարել է, որ «Հարավային հոսք» և «Թուրքական հոսք» գազամուղերի նախագծերը վերջնականապես դադարեցված չեն։ Չնայած, որ 2014թ. դեկտեմբերին «Հարավային հոսքը» չեղյալ էր հայտարարվել ռուսների կողմից, քանի որ նրանք հրաժարվել էին ընդունել ԵՄ կանոններն ու կանոնակարգերը, (տարանջատում և երրորդ կողմի մուտք), «Թուրքական հոսքը» չի առնչվում Եվրոպայի, այլ առնչվում է Թուրքիայի տարածքի հետ։

2015թ. դեկտեմբերին Մոսկվան հայտարարեց «Թուրքական հոսք» նախագիծը դադարեցնելու մասին՝ նոյեմբերին թուրքական օդուժի կողմից ռուսական SU-24 օդանավի խոցումից հետո։ Ռուսները Թուրքիային մեկ այլ դրական ազդանշան ուղարկեցին հունիսի կեսերին՝ հայտարարելով, որ Ռուսաստանում Թուրքիայի քաղաքացիների աշխատանքային թույլտվությունները կերկարաձգվեն, չնայած մինչ այդ հակառակն էին պնդում։ Հունիսի 27-ին «Գազպրոմի» մամուլի քարտուղարը հայտարարեց, որ իրենք «պատրաստ են և միշտ պատրաստ են եղել «Թուրքական հոսքի» շուրջ երկխոսությանը»:

Իր հերթին Անկարան հայտարարեց, որ դատական գործ է վերաբացվել Թուրքիայի քաղաքացի Ալփարսլան Չելիքի դեմ, որը գնդակահարել էր SU 24-ի փրկված ռուս օդաչուին։ Այն ժամանակ Չելիքը հպարտորեն հանդես էր եկել հեռուստատեսությունների առաջ, իսկ թուրքական դատարանը հայտարարել էր, որ նրա դեմ բավարար ապացույցներ չկան։ Ռուսները չափազանց վրդովված էին այս դեպքերից: Պուտինը Թուրքիային մեղադրեց Ռուսաստանին «մեջքից հարված հասցնելու մեջ»՝ պահանջելով ներողություն խնդրել։ Կրեմլը պնդում է, որ Էրդողանը ներողություն է խնդրել իր նամակում, սակայն Անկարան հերքում է՝ ասելով, որ Թուրքիայի նախագահը պարզապես ափսոսանք է հայտնել:

Այս միջադեպերի պատճառով առաջացած խորը թշնամությունը, հատկապես՝ Ռուսաստանում, և այն փաստը, որ Թուրքիան չի պատրաստվում փոխել Ուկրաինայի, Ղրիմի և Սիրիայի հարցում Մոսկվայի դեմ իր դիրքորոշումը (ինչպես վերջերս Անկարան հայտարարել էր), նշանակում է, որ հարաբերությունների նորմալացման գործընթացը կլինի երկար ու աստիճանական։ Երկու երկրները ձեռնամուխ եղան այս գործընթացին միայն այն պատճառով, որ այլընտրանք չունեին։

Ավելին, Ռուսաստանը արգելք էր սահմանել թուրքական գյուղատնտեսական արտադրանքի և սննդամթերքի վրա, իսկ Թուրքիայի քաղաքացիների համար սահմանել վիզային ռեժիմ:

Թուրքիայի տնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկը՝ զբոսաշրջությունը, նույնպես մեծ հարված է ստացել, երբ արևմտյան զբոսաշրջային հոսքերի կրճատումից հետո Ռուսաստանն իր քաղաքացիների համար փակեց զբոսաշրջային դուռը դեպի Թուրքիա: Ռուս զբոսաշրջիկներին բաժին էր ընկնում Թուրքիայի ընդհանուր զբսաշրջային հոսքերի 40 տոկոսը:

Ի լրումն Անկարայի առջև ծառացած խնդիրների շարքի (խորհրդարանական վերջին երկու ընտրություններին սկիզբ առած Թուրքիայի քրդերի դեմ պատերազմի շարունակությունը, պատերազմը Սիրիայում և դրա անհամար հետևանքները, Իսլամական պետության հետ հարաբերությունների բռնի առճակատման վերածվելը, լարված հարաբերությունները Եվրամիության հետ և այլն)՝ Ռուսաստանի հետ կապերի խզումը հանգեցրել են Թուրքիայում սոցիալական և տնտեսական լարվածության սրացման։

Իր հերթին, Ռուսաստանն իր կամքին հակառակ սառեցրել էր «Թուրքական հոսք» նախագիծը։ «Գազպրոմի» համար ժամանակն անցնում է, և նա ամեն գնով ցանկանում է իրականացնել առնվազն մեկ, եթե հնարավոր է՝ գազատարի երկու պահեստային տարբերակներ մինչև 2019-ի տարեվերջ (այդ տարի լրանում է Ուկրաինայում նրա տարանցիկ պայմանագրի ժամկետը): Չնայած, որ իրական է «Հյուսիսային հոսք» գազատարի նախագծի առաջխաղացման հնարավորությունը,- և դա նույնիսկ կբարելավվի Բրէքզիտի արդյունքում, քանի որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ում այս ծրագրի հիմնական հակառակորդներից էր,- նույնը չի կարելի ասել «Թուրքական հոսքի» մասին, քանի դեռ Անկարայի հետ հարաբերությունները չեն կարգավորվել։

Խողովակաշարերը, որոնք պետք է ծառայեին «Հարավային հոսք» գազամուղին և որոնք այնուհետև նախատեսվել էին «Թուրքական հոսքի» համար, «Գազպրոմի» տրամադրության տակ են: Եթե կանաչ լույս տրվի, «Թուրքական հոսք» նախագիծը կարող է բավական արագ առաջ ընթանալ։ Դրանով Մոսկվան կարող է նաև գոհացնել հարավեվրոպացիներին, որոնք, Իտալիայի գլխավորությամբ, բողոքում են գազատարների ճանապարհներից դուրս մնալուց, այն դեպքում, երբ հյուսիսային Եվրոպան շարունակում է նոր գազատարներ կառուցել։ «Թուրքական հոսքն» ունենալու է չորս զուգահեռ գծեր՝ տարեկան 63 մլրդ խմ ընդհանուր հզորությամբ: Տարեկան 16 մլրդ խմ-ից մի քիչ ավելի նախատեսված է Թուրքիայի համար: Մնացած գազը (47 մլրդ խմ) հասնելու է թուրք-հունական սահման, այնտեղից մատակարարվելու հարավային Եվրոպա, ներառյալ՝ Իտալիա:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Read the article in English.

Մեկնաբանել