Մուննաթը՝ բիզնես նախագիծ

Ռեժիսոր Արտյոմ Հակոբյանը Ֆեյսբուքում գրառում էր արել, որ այլևս մեկ օր ավել չի ցանկանում ապրել Հայաստանում: Կարճ ժամանակ անց նա նշանակվեց սպորտի և երիտասարդության  հարցերի նախարարի խորհրդական: Ռեժիսոր Արտյոմ Հակոբյանը Ֆեյսբուքում գրառում էր արել, որ այլևս մեկ օր ավել չի ցանկանում ապրել Հայաստանում: Կարճ ժամանակ անց նա նշանակվեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական:

Մուննաթով արտագաղթելը բիզնես է: Դու քո գոյության հայտն ես ներկայացնում, իբր կայիր, ապրում էիր այս հողի վրա: Մուննաթով արտագաղթը շատ նման է կամրջի պռնկին կանգնելուն ու հայտարարելուն, որ` հեսա ինձ քցելու եմ: Մարդիկ, որոնք քո գոյության մասին տեղյակ չէին, հանկարծ իմանում են, որ մահվան շեմին էիր:

Ինչ-որ մի հայորդի օրերս սոցցանցի իր էջում գրեց, որ էս երկիրն ապրելու տեղ չէ, օր առաջ փախչելու եմ: Էս հրապարակային լացը արդեն ենթադրում է ողորմություն: Մի զարմացեք, որ նա պաշտոն է ձեռք գցել: Մարդը կարողացել է ողորմալ: Մուննաթով արտագաղթը զուտ հայկական բիզնես է: Ամբողջ աշխարհն է այստեղից այնտեղ տեղաշարժվում, Սիրիայից միլիոններով են փախչում, Հյուսիսային Կորեայից ուղղակի մազապուրծ են լինում: Երիտասարդը, որ պատրաստվում էր գնալ, բառացիորեն իրեն աճուրդի է հանել էն գլխից իմանալով, որ երկրից դուրս ինքը ոչ մեկին պետք չէ: Պետք չէ, որովհետև մուննաթով արտագաղթը ռազմական գաղտնիք հայտնելու նման բան է այն տարբերությամբ, որ էդ գաղտնիքն արդեն մուննաթիդ մեջ է, ինչ-որ պետք է աշխարհն իմացավ, էլ դու ոչ մեկին պետք չես: Ես իսկապես էդ տղայի գոյության մասին չգիտեի: Հնարավոր է, հայտնի անեկդոտի հերոսի պես, ոսկի մարդ է: Սակայն ի՞նչ ասաց նա իր մուննաթով, որը մենք չգիտեինք: Բոլորս գիտեինք, որ իշխանությունն ամեն ինչ արել է, որպեսզի Հայաստանն ապրելու տեղ չլինի: Ուրեմն այդ հայորդին հայտ է ներկայացրել ինքնավաճառքի: Ու բացառված չէ, որ նրանք, ովքեր այս տղային պաշտոն են առաջարկել, ինչ-որ ընդհանուր կեղտի մեջ են թաթախված: Բացառված չէ, որ պաշտոն առաջարկողներն այս տղային հետ են պահել ոչ թե արտագաղթելու մտքից, այլ պարզապես լռեցրել են նրան: Ոչինչ բացառված չէ:

Հայաստանը սիրելու մեկ ձև կա և նրան ատելու միլիարդավոր եղանակներ: Մնացողները նույնքան շռայլ են ատելու իրենց եղանակների մեջ, որքան՝ գնացողները: Ուրեմն, ապրել այստեղ, դեռևս չի նշանակում սիրել Հայաստանը: Մենք գրեթե ամեն վայրկյան ատում ենք Հայաստանը: Դա շատ ակտիվ, գործնական, գրեթե հոգևոր մասնակցություն է այս պետության կործանմանը: Երիտասարդի գնալուց Հայաստանը չէր կործանվի, ինչպես և՝ մնալուց չէր փրկվի: Պետության հանդեպ սեր, ընկերներ, մեր մեջ ասած, գոյություն չունի: Պետությունն աշխատանք է: Սերն էդ աշխատանքի մեջ է: Ինչու՞ է Հայաստանից դուրս հեշտ սիրել այս երկիրը: Որովհետև այն պետություն չէ, այլ՝ Հայրենիք: Այստեղ մանկություն ես թողել, թողել ես չարաճճիություններ, թողել ես ծանր օրեր, որոնց վրայից մաքրվել է դրանցից օր առաջ փախչելու կրքի փոշին: Այստեղ թողել ես այն ամենը, որոնք այլևս քեզ չեն պարտավորեցնում: Պարտավորության բացակայությունը պետությունը դարձնում է Հայրենիք: Էդ սիրո մեջ դու արդեն ազատ ես, որ մի քիչ էլ բզբզաս, կսիրես նաև նրանց, որոնց պատճառով ճողոպրեցիր Հայաստանից: Էդ սերն աշխատատար չէ, էդ սերն ապացույցներ չի ուզում, փոխադարձության կարիք չունի, դու Հայրենիքի վրա «սպառում» ես կարոտներդ հետևից քարշ տվող մի սեր, որը կցնդի, երբ ամբողջ մերկությամբ կանգնի քո դեմ: Բայց դա քո մերկությունն է, բարեկամ, քեզ և ինձ նմանների անխնամ մերկությունը: Հայաստանը սիրելի է մինչև պետության տեսիլքը: Իսկ էդ տեսիլքի մարմինը, Շեքսպիրի ասած, մեզ վրա է: Դու էդ ու՞մ անունից ես մուննաթ գալիս:

Մուննաթ գալ, նշանակում է պատրաստ չես ապրել այլ տեղերում, նշանակում է՝ նույնիսկ չգիտես որտեղից ես հեռանում: Անգամ չգիտես, որ քեզ հրապարակայնացնում ես մի «դեմքով», որից բոլորն են փախչում: Չէ՞ որ դու քեզ հետ ես տանում քեզ, այսինքն, մուննաթդ: Նշանակում է նաև՝ գիտես, որ ուրիշ տեղ դու ոչ մեկին պետք չես, մուննաթը կոռուպցիայի քո ձևն է, քո 5 հազար դրամ վերցնելն է, քո փայ մտնելն է, ահա ինչու այն արձագանք գտավ իշխանության մոտ: Եվ եթե ձեզ քրեական ոչ մի հանցանք չի կապում, ուրեմն դու իշխանության հետ կիսեցիր քո մուննաթը: Ուրեմն, ասում եմ քեզ, էն գլխից գիտեիր՝ ինչ ես անում: Ուրեմն էն գլխից քո խնդիրը փախչելը չէր, ուրեմն անձամբ դու փախչելու ոչ մի պատճառ չունես, քանի որ արանքում բազարի մեթոդներն են եղել: Ուրեմն, դու էն գլխից Հայաստանը սարքել ես քո մուննաթի բիզնես-նախագիծ, սիրելի «Օստապ Իբրահիմովիչ»: Գուցե էդ մուննաթը խոսքի ազատության շրջանակներում էր, ի վերջո մուննաթը նունպես խոսքի ոլորտից է: Բայց լրիվ նորարարություն էր այն բիզնես-նախագիծ ներկայացնելը: Այսպիսի տաղանդները չպետք է կորչեն: Բայց շառլատանները նույնպես ունեն իրենց know-how-ն: Այս դեպքում վարպետությունն այն է, որ հեղինակը,- պարզ երևում է,- սերտել է քրեական օրենսգիրքը: Եթե մինչ այդ չի պլստացել այնտեղից: Եվ ամենակարևորը՝ այս մուննաթի թիկունքում երևում են իշխանությունների ականջները: Մեր երիտասարդն ուղղակի լավ է մտածել՝ նրա մուննաթի մեջ ինքնասպանության հայտ կա այն տարբերությամբ, որ ինքը կամուրջներ և բարձրահարկեր չի վազում, ինքը պետք է տեսնի իր «ինքնասպանության» պտուղները, ինքը պիտի վայելի դրանք: Լրիվ արդյունաբերություն չունեցող երկրի զավակի զբաղմունք՝ ի՞նչ անեմ, որ անձամբ ինձ համար լավ լինի: Հիշու՞մ եք մարդամեկի նախընտրական կարգախոսը՝ սա Հայաստանն է և վերջ: Սարսափելի է, երբ դու այդպիսին ես Հայաստանի անունից: Որովհետև սա էլի լինելու է Հայաստանը: Բայց դու, բարեկամ, կարող էիր բարձրացնել այդ Հայաստանը և բարձրանալ նրա հետ և ոչ թե այն դարձնել «տեղավորվելու» օբյեկտ:

Մեկնաբանել