15 հուլիս, 2016 12:33

Նիսում ահաբեկչության հետևանքով երկու ՀՀ քաղաքացի է զոհվել

Նիսում տեղի ունեցած հարձակման արդյունքում զոհված ՀՀ քաղաքացիների թիվը ավելացել է ևս մեկով, այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն:

Ավելի վաղ գերատեսչությունը հաղորդել էր մեկ ՀՀ քաղաքացու զոհվելու մասին:

Հուլիսի 14-ի երեկոյան ֆրանսիական Նիս քաղաքում՝ Ազգային օրվա առթիվ տոնակատարության ժամանակ, բեռնատար մեքենան մխրճվել է բազմության մեջ՝ սպանելով ավելի քան ութ տասնյակ մարդու:

Ըստ BBC-ի՝ հարձակումը տեղի է ունեցել Անգլիական առափնյա փողոցում, երբ տասնյակ հազարավոր մարդիկ դիտում էին տոնական հրավառությունը: Բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել է բազմության մեջ և անցել մոտ երկու կմ: Ոստիկանությունը կրակ է բացել և չեզոքացրել վարորդին, ավելի ուշ բեռնատարի մեջ հայտնաբերվել են նռնակներ և հրազեն:

Ֆրանսիայի նախագահը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն:

«Չի կարելի հերքել, որ Նիսի հարձակումը կապված է ահաբեկչության հետ,- հայտարարել է Ֆրանսուա Օլանդը հատուկ տեսաուղերձում, որով հանդես է եկել գիշերը:- Ֆրանսիայի գլխին կախվել է իսլամական ահաբեկչության վտանգը: Այս պայմաններում մենք պետք է դրսևորենք բացարձակ զգոնություն և տոկունություն»:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում խստորեն դատապարտել է Նիսում իրականացված հարձակումը և ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին: