15 հուլիս, 2016 10:15

Հարձակում Ֆրանսիայում, ավելի քան ութ տասնյակ զոհ

France Day10:20

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ճշտում է Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվածների և տուժածների շրջանում հայերի առկայությունը։ Հաստատված տեղեկություններ դեռ չկան։

10:10

Նիս քաղաքում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 84-ի, հայտարարել է Ֆրանսիայի ՆԳՆ ներկայացուցիչ Պիեր Անրի Բրանդեն:

10:00

Հուլիսի 14-ի երեկոյան ֆրանսիական Նիս քաղաքում՝ Ազգային օրվա առթիվ տոնակատարության ժամանակ, բեռնատար մեքենան մխրճվել է բազմության մեջ՝ սպանելով մոտ 80 մարդու. այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր 77 զոհվածի մասին:

«Այս ողբերգության զոհերի թիվը չափազանց բարձր է՝ զոհվել է 80 մարդ, 18-ը կրիտիկական վիճակում են, շատերը վիրավորված են»,- հայտարարել է Կազնևը դեպքի վայրից:

Ըստ BBC-ի՝ հարձակումը տեղի է ունեցել Անգլիական առափնյա փողոցում, երբ տասնյակ հազարավոր մարդիկ դիտում էին տոնական հրավառությունը: Բեռնատարը մեծ արագությամբ մխրճվել է բազմության մեջ և անցել մոտ երկու կմ: Ոստիկանությունը կրակ է բացել և չեզոքացրել վարորդին, ավելի ուշ բեռնատարի մեջ հայտնաբերվել են նռնակներ և հրազեն:

Ֆրանսիայի նախագահը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն:

«Չի կարելի հերքել, որ Նիսի հարձակումը կապված է ահաբեկչության հետ,- հայտարարել է Ֆրանսուա Օլանդը հատուկ տեսաուղերձում, որով հանդես է եկել գիշերը:- Ֆրանսիայի գլխին կախվել է իսլամական ահաբեկչության վտանգը: Այս պայմաններում մենք պետք է դրսևորենք բացարձակ զգոնություն և տոկունություն»:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում խստորեն դատապարտել է Նիսում իրականացված հարձակումը և ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին: