18 հուլիս, 2016 08:45

Զինված բախում Երևանում. օր 2, թարմացվող

Հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» զինված խումբը հարձակվել է Երևանի Էրեբունի թաղամասում գտնվող Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա, այն վերցրել իր հսկողության տակ: Զինված բախման արդյունքում զոհվել է մեկ ոստիկան: Չորս հոգի վիրավորում է ստացել: Զինված խումբը պատանդ է վերցրել վեց ոստիկանի: Նրանք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, մյուս քաղբանտարկյալներին և Սերժ Սարգսյանի հրաժարականը: Հուլիսի 17-ի իրադարձություններին ծանոթացեք այստեղ: Հուլիսի 18-ին ՍիվիլՆեթը շարունակում է ուղիղ ռեժիմով հետևել իրադարձությունների զարգացմանը:

***

7:40, 19.07.2016

Կեսգիշերին հայտարարություն է տարածել Նոր Հայաստան շարժումը:

Անցած րոպեների ընթացքում ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Սասնա Ծռեր» խմբի անդամներից տեղեկություն է ստացվել , որ տարածքի ուղղությամբ և տարածքի շուրջ նկատվում է ռազմատեխնիկայի շարժ: Ըստ տեղեկությունների, Ազատության հրապարակի վերևում նկատվել է ոչ քաղաքացիական տիպի անօդաչու սարքի թռիչք: Այս զարգացումները հուշում են , որ վարչախումբը, խախտելով «Սասնա Ծռեր» խմբի հետ տարվող բանակցությունների գործընթացը, մտադիր է մարտական գործողություններ իրականացնել ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա Ծռեր» խմբի անդամների նկատմամբ: Հավանական արյունահեղության ամբողջական պատասխանատվությունն ընկնում է ՀՀ վարչախմբի ուսերին:

23:17

Էրեբունու ոստիկանության գնդի մոտից ՍիվիլՆեթի թղթակիցը հայտնում է, որ «ՊԱԶ» մակնիշի չորս ավտոբուս՝ լի ոստիկաններով` զրահներով պատ են կազմել իրենց կողմից վերահսկվող տարածքի և քաղաքացիների միջև: Հիշեցնենք, որ Ազատության հրապարակից մարդկանց հոսքը այս պահին շարժվում է դեպի Էրեբունու ՊՊԾ գունդ:

22:53

Օպերայի շրջակայքում հավաքվածները շարժվեցին դեպի Էրեբունի՝ ՊՊԾ գունդ: Սասնա ծռեր խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը ցույցի ղեկավարներին հեռախոսով ասել է, որ նրանց ներկայությունը Էրեբունիում ավելի կարևոր է:

22:50

Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է ոստիկանների կողմից ծեծված քաղաքացի Անդրանիկի նկարը:

22:20

Ցուցարարները հայտնում են, որ համաձայն իրենց պահանջի՝ բերման ենթարկված քաղաքացիները ազատ են արձակվել, նրանցից երկուսը, ում ոստիկանները ծեծի են ենթարկվել, տեղափոխվում են հիվանդանոց՝ զննման:  http://civilnet.am/live

21:45

Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիները երթով շարժվում են Երևանի փողոցներով` կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց շարժմանը, սատարել Ժիրայր Սեֆիլյանի մարտական ընկերներին, ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին: Մաշտոց-Թումանյան խաչմերուկում նրանք նստացույց սկսեցին:

20:40

Ազատության հրապարակից բերման ենթարկված քաղաքացիներ Արտուշ Չիբուխչյանն ու Լևոն Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 1-ին հիվանդանոց:

20:31

Ազատության հրապարակում շարունակվում է ցույցը: Ելույթ ունեցողների թվում է նաև Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: ՈՒՂԻՂ միացմանը

19:58

Ժամը 19:00-ին Ազատության հրապարակում սկսված հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի Կարապի լիճ՝ չնայած Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը նրանց ասաց, որ թույլ չի տալիս քայլերթ անել: Մի քանի հոգի, այդ թվում Դավիթ Սանասարյանը, բերման ենթարկվեցին: Ցուցարարների դիմաց ոստիկանները պատ կազմեցին Կարապի լճի մոտ և ստիպեցին ուղղությունը փոխել: Հանրահավաքի մասնակիցները, վանկարկելով «Ազատ, անկախ Հայաստան» քայլեցին դեպի Հյուսիսային պողոտա: Ոստիկանները կրկին պատ կազմեցին նրանց առջև, տեղի ունեցավ բախում: Ցուցարարները ճեղքեցին պատը և շարժվեցին առաջ: Ոստիկանները նրանց առջև կանգնեցրին երկրորդ պատը: Հետևեք ՍիվիլՆեթի ՈՒՂԻՂ միացմանը

17:44

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ մեկ պատանդ «բանակցությունների արդյունքում ազատ է արձակվել»:

»Հուլիսի 18-ի ընթացքում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքով: ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված համալիր գործողությունների, այդ թվում՝ բանակցությունների  արդյունքում բռնազավթված տարածքից դուրս է բերվել ևս մեկ պատանդ: Այդուհանդերձ, նման հուսադրող դրվագները դեռ չեն երաշխավորում ցանկալի վերջնարդյունքը ու չեն բացառում հնարավոր ողբերգական հետևանքները, որոնց համար պատասխանատվությունը կրելու են բացառապես այս հարձակման նախաձեռնողները: Ահաբեկիչները պետք է գիտակցեն, որ չունեն այլընտրանք, քան ժամ առաջ անվերապահորեն կատարել իշխանությունների բոլոր պահանջները: ՀՀ իրավապահ մարմինները դեռ հույս ունեն, որ զինված խմբի անդամները որոշումներ կայացնելիս կառաջնորդվեն միայն ողջախոհությամբ»

17:13

Զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, որ քիչ առաջ տարածքից ազատ է արձակվել ևս մեկ ոստիկան՝ Դավիթ անունով: Ավետիսյանը դա համարել է բարի կամքի դրսևորում իրենց կողմից, քանի որ հուլիսի 23-ին կայանալու է նրա նշանդրեքը: Ներկայում ՊՊԾ գնդի տարածքում պահվում է ոստիկանության չորս ներկայացուցիչ:

16:33

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը բացել են թեժ գծեր, որոնցով քաղաքացիներին հորդորում են հաղորդել տեղեկություններ բաժին տարված անձանց վերաբերյալ: «Իրազեկ քաղաքացիների միավորման» թեժ գծի հեռախոսահամարներն են՝ 011 355042 և 041 355042:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի թեժ գծի հեռախոսահամարներն են՝ 080 00 12 11 (անվճար), 0322 4 22 68, 094 04 22 68 և 010 53 61 72: «Իրազեկ քաղաքացիների միավորում» նշում է, որ տեղեկությունների փաստագրումը խիստ կարևոր է թե անօրինական գործողությունների մեղավորներին պատասխանատվության կանչելու և թե առաջիկայում նման գործողությունները կանխարգելելու համար:

16:12

Զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հեռախոսով ՍիվիլՆեթին տեղեկացրեց, որ ոստիկանները սնունդ են տրամադրել պատանդներին, այժմ սնունդի պակաս չկա ներսում: Զինված խումբն ու պատանդները միասին ճաշում են:

15:11

Հուլիսի 17-ին բերման ենթարկված ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից: ՍիվիլՆեթի հետ զրույցում նա ասաց, որ իրեն ծեծելիս ասել են, որ ծեծում են, որովհետև ինքը նրանց վերադասին էր հայհոյել: Ըստ Շուշանյանի՝ իրեն ծեծողը եղել է Գեղամ Խաչատրյանի «հրեշտակներից» մեկը: Շուշանյանն ասում է, որ այնտեղ, որտեղ իրեն բերման էին ենթարկել, կար ոչ թե 50, այլ մոտ 200 հոգի, բոլորն էլ ինչ-որ վնասվածքներով: ՍիվիլՆեթի տեսանյութը՝ շուտով:

14:56

Ոստիկանները բերման են ենթարկել ինը քաղաքացիների, այդ թվում ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանին, Կարո Եղնուկյանին, Անտոն Իվչենկոյին, որը ձեռնափայտերով: Քիչ առաջ բերման են ենթարկել նաև զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի կնոջը: ՍիվիլՆեթի թղթակցի փոխանցմամբ՝ ոստիկանները չեն ասում, թե ինչ հիմքով են բերման ենթարկում, և խորհուրդ են տալիս դիմել ոստիկանության լրատվական ծառայությանը:

13:20

Երևանում տեղի ունեցող աննախադեպ զարգացումների և ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության հայտարարությունը

1. ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը ցավակցում է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հարազատներին, մերձավորներին, ընկերներին։ Մենք սգում ենք հայ սպայի կորուստը։ Կուսակցությունը շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորվածներին։

2. Կոչ ենք անում կողմերին բացառել իրավիճակի ուժային լուծումը։ Չի կարելի թույլ տալ նոր արյունահեղություն, նոր զոհեր։ Պետք է գտնվեն ելքեր, լուծումներ, որքան էլ դրանք դժվար լինեն։ Կուսակցությունը պատրաստակամություն է հայտնում անհրաժեշտության դեպքում ներգրավվել այդ գործընթացին։

3. ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունն առաջարկում է ստեղծել տարբեր քաղաքական ուժերից կազմված խումբ, որի վրա կդրվի լիազորություն՝ բանակցելու երկու կողմերի հետ՝ հարցին քաղաքական ու անարյուն լուծում տալու նպատակով։

4. Մենք համոզված ենք, որ այս ամենի պատճառը երկրում ստեղծված մթնոլորտն է, տարիների ընթացքում կուտակված և լուծում չստացող լրջագույն խնդիրները, քաղաքական մենաշնորհը։ Նեղ իշխանական խմբի ամենաթողության խաղի կանոնն է այն պարարտ միջավայրը, որի պայմաններում հնարավոր են դառնում ընդվզման նման ծայրահեղ դրսևորումները։

5. ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը փաստում է, որ երկրում հասունացած է խորքային փոփոխությունների անհրաժեշտությունը։ Հայաստանի քաղաքացիներին, հասարակության տարբեր խմբերին պետք է օր առաջ վերադարձնել սեփական երկրում արժանապատիվ ապրելու իրավունքն ու հավատը։

12:55

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հայտարարությունը՝ ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ.

1. Հայաստանի Հանրապետությունում գործող վարչախմբի կողմից օրենքի կամայական մեկնաբանումը, արդարության բացակայությունը, մարդու իրավունքների զանգվածային սահմանափակումները, աղմկահարույց հանցագործությունների, այդ թվում՝ Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների չբացահայտումը, կոռուպցիան, հովանավորչությունը և բազմաթիվ այլ ապօրինություններ ՀՀ քաղաքացիներին ստիպում են ավելի ու ավելի հաճախ մտածել արդարություն հաստատման զինված միջոցների մասին:

2. Ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման պատասխանատվությունը կրում են ՀՀ գործող իշխանություններն ու իրավապահ մարմինները։ ՀՀ իրավապահ մարմիններին և «Սասնա ծռեր» խմբի անդամներին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, բացառել ուժային գործողությունները՝ հետագա զոհերից խուսափելու համար։

3. Դատապարտում ենք իշխանությունների կողմից Հայաստանի տարբեր մարզերում եւ Երեւանում քաղաքացիների զանգվածային ձերբակալությունների փաստերը, որոնց մասին վկայում են մամուլում տեղ գտած բազմաթիվ հրապարակումները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդ ձերբակակությունները որակում է որպես ՀՀ օրենսդրության և մարդու իրավունքների կոպիտ խախտում:

4. ՀՀ պատկան մարմիններից պահանջում ենք բացատրություն «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի տեսակցությունը արգելելու վերաբերյալ:

5. Անհրաժեշտ է անցկացնել հետաքննություն և պարզել համացանցային ռեսուրսների, այդ թվում՝ սոցիալական ցանցերի և էլեկտրոնային լրատվամիջոցների անջատումների մասին տեղեկություններն ու հանգամանքները, որոնք կարող են դիտվել որպես տեղեկատվության ազատ տարածման և ստանալու իրավունքի կոպիտ խախտում։ Դատապարտում ենք ՊՊԾ գնդի մերձակա տարածքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեության արհեստական սահմանափակումները։

6. Կուսակցությունը վերահաստատում է հավատարմությունը ներքաղաքական հարցերի ոչ բռնի լուծման ռազմավարությանը եւ շարունակում է համոզված մնալ, որ երկրում հաստատված վստահության խորը ճգնաժամը պետք է հաղթահարվի քաղաքական ճանապարհով:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ցավակցում է ՀՀ Ոստիկանության զոհված գնդապետ Արթուր Վանոյանի հարազատներին, մտերիմներին, ծառայակիցներին: ՔՊԿ-ն շուտափույթ ապաքինում է մաղթում նույն իրադարձությունների ժամանակ վիրավորումներ ստացած բոլոր անձանց:

12:41

ԱԱԾ հայտարարությունը.

Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը տևական բանակցությունների և իրականացված հատուկ միջոցառումների արդյունքում հաջողվել է ազատ արձակել ՀՀ ոստիկանության պարեկապահակային  ծառայության գնդի տարածքում զենքի սպառնալիքով պատանդ պահվող ոստիկանության մեկ ծառայողի, ինչպես նաև մեկ քաղաքացիական անձի՝ շտապօգնության մեքենայի վարորդին: Այդուհանդերձ, զինված խումբը հրաժարվում է ազատ     արձակել բռնությամբ պահվող այլ անձանց, այդ թվում՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, վայր դնել զենքերը և հանձնվել իշխանություններին: Կատարված հարձակման հետևանքով ապօրինի ազատազրկված անձանց կյանքը և առողջությունը շարունակում է վտանգված մնալ: Արդեն իսկ մի քանի հանցանք կատարած և իրենց տրամադրության տակ մեծ քանակի զենք ու ռազմամթերք ունեցող ահաբեկիչներն ակնհայտ և անմիջական վտանգ են ներկայացնում ոչ միայն պատանդների, այլև հանրության համար: ՀՀ իրավապահ մարմինները ձեռնարկում են հնարավոր և հասանելի բոլոր միջոցները իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու համար, սակայն ստեղծված պայմաններում դա կարող է բավարար չլինել: Ուստի մեկ անգամ ևս հորդորում ենք զինված խմբի անդամներին ձեռնպահ մնալ նոր զոհերի և այլ ծանր հետևանքների հանգեցնող հանցավոր գործողություններից և դադարեցնել զինված դիմադրությունը: Դրա համար դեռ կա ժամանակ և հնարավորություն:

12:38

hunan poghosyanՓոխոստիկանապետ Հունան Պողոսյանը ՊՊԾ գնդի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իրավիճակը մնում է նույնը. «Օպերատիվ հետախուզական և կանխարգելիչ միջոցառումները իրավապահ մարմիններին կողմից շարունակվում են, պատշաճ ժամկետներում կտրվի ինֆորմացիա: Ներկայում կա հինգ պատանդ ոստիկան, մեկ հոգի ազատ է արձակվել բանակցությունների արդյունքում: Մեր պահանջը նույնն է՝ ազատ արձակել բոլոր պատանդներին, հանձնվել, չսրել իրավիճակը»:

Պողոսյանն ասաց, որ ունի պատշաճ ինֆորմացիա վիրավորվածների մասին, բայց խորհուրդ տվեց դիմել առողջապահության նախարարությանը: Բանակցությունները, ըստ նրա, շարունակվում են. «Ոստիկանությունը, և ոչ միայն ոստիկանությունը, այլև ողջ իրավապահ համակարգը ի վիճակի է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ»,- ասաց նա:

12:16

Screen Shot 2016-07-18 at 12.12.46Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ ՄԻՊ-ը բերման ենթարկված անձանց մասով գնահատականներ տալ դեռ չի կարող: «Երեկ ողջ օրվա ընթացքում շուրջ 50 քաղաքացիների բերման ենթարկելու իրավական հիմքերը առանձին ուսումնասիրության առարկա են, և մենք համապատասխան պարզաբանումներ բնականաբար կպահանջենք»,- նշեց նա: Եգանյանը հայտնեց, որ համագործակցություն կա նաև ոստիկանության հետ՝ պարզվում են բերման ենթարկվածների հստակ թվերը: Երեկ բերման ենթարկվելուց հետո շուրջ 50 քաղաքացի ազատ է արձակվել:

11:41

pavlik-nkarԶինված խմբի ղեկավար Պավել Մանուկյանը ՍիվիլՆեթի հետ հեռախոսազրույցում ասաց, որ պատանդ վեց ոստիկաններից մեկը՝ Արամայիս անունով, ազատ է արձակվել: Հարցին, որ Ժիրայր Սեֆիլյանը առաջարկել է իրավիճակի հանգուցալուծման երրորդ տարբերակ, Մանուկյանը պատասխանեց, որ այն դեռ քննարկվում է:

10:55

garegin chugaszyanՀիմնադիր խորհրդարանի անդամ Գարեգին Չուգասզյանը տարածել է հետևյալ հայտարարությունը.

«Ես ճակատագրին շնորհակալ եմ, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի ապագայի համար այսքան վճռորոշ ժամանակաշրջանում պատիվ ունեմ ճանաչելու և ընկերը լինելու Ժիրայր Սեֆիլյանի և Սասնա Ծռեր ջոկատի բոլոր ապստամբ տղաների … Լիազորված եմ զգուշացնել երկրի այսօվա «կառավարիչներին», որ եթե լինի գրոհ, ապա այն նոր անպատիժ Մարտի 1-ով չի ավարտվելու, և պայքարը չի դադարելու: Իշխանությունների համար անցնցում հեռացման հնարավորությունների պատուհանը վերջնականապես կփակվի և իրենք ստիպված են լինելու գործ ունենալ համազգային ամենօրյա պայքարի այլ տրամաբանության հետ, որը նման է լինելու ֆրանսիական Դիմադրության շարժման ազատագրական պայքարին»…

10:07

Ոստիկանությունը երեկ բերման է ենթարկել նաև «Հայազն» կուսակցության անդամների: Ալեքսանդր Քանանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի բարեկամներ։ Իմ մասին բոլորովին մի՛ անհանգստացեք․ մի ժամ առաջ ինձ, գաղափարակից ընկերներիս և այսօր առավոտյան Երևանի փողոցներից ապօրինաբար բերման ենթարկված այլ անձանց 15 ժամ Ոստիկանության ակադեմիայում արգելափակելուց հետո ազատ են արձակել։ Իմ դեմ որևէ բիրտ ուժ չի կիրառվել։ Ելնելով պահի ծանրությունից՝ իրադարձություններն այժմ չեմ մեկնաբանելու․ ընդամենն ասեմ, որ Ինքնիշխան Հայոց պետությունն ի հեճուկս ամեն արտաքին չկամության և ներքին թշվառությունների կայանալու է, թուրքին տարածք չի հանձնվելու, իսկ վարչագաղափարական ժառանգականությամբ միմյանցից ածանցված երեք ապապետական վարչախմբերի հանցագործ ստահակներն իրենց արժանի տեղը կգտնեն պատմության աղբանոցում»։

8:44

Գիշերը խաղաղ է անցել, կրակոցներ չեն հնչել: