Մենք Ադրբեջան դարձնելու Հայաստան չունենք

Պարտվեք մի անգամ և կտեսնեք, թե ի՜նչ գեղեցիկ է կյանքը։

Տիգրան Պասկևիչյան

Էրեբունու ՊՊԾ գնդի գրավմանը զուգահեռ ծավալվող ժողովրդական շարժումը պետք է հեռու պահել «Էլեկտրիկ Երևանի» առաջնորդներից: Նրանց ատամները իշխանությունները հաշվել են մինչև ամենաանշան կարիեսը:

Երեկ իրիկունը այդ շարժումը, որն առաջնորդում էր տխրահռչակ Մաքսիմ Սարգսյանը, արդեն թույլ տվեց «Էլեկտրիկ Երևանի» առաջին և հետագա օրերի սխալը: Նրանք գնացին ու լռվեցին Խորենացու փողոցում: Այս շարժումը «լռվել» չի ուզում: Այս շարժումը չպետք է ասի՝ բա ի՞նչ եք ուզում՝ ջարդե՞լ, փշրե՞լ: Կարիք չկա ջարդել, փշրել, պետք է Երևանի փողոցներ դուրս գալ և պահանջել հրաժարականներ: Ավելի ճիշտ՝ մեկ հրաժարական, մեկի հրաժարականը: Այս շարժումը պետք է դիմադրության այնպիսի կամք ձևավորի, որ կարողանա ծավալվել իր վրա բռնացողների աչքի առաջ: Երեկ այդպիսի բան չկար: Երեկ փողոց դուրս եկածները միաբերան գոռում էին «Սերժիկ, հեռացիր», Մաքսիմ Սարգսյանը խոսում է Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումից: Սեֆիլյանի ազատ արձակումը Սերժ Սարգսյանի հեռացումից հետո նույնիսկ գրչի մեկ շարժում չի պահանջի, և Մաքսիմը դա գիտի: Վաղն էլի են գալու մարդիկ, որոնք այլ օրակարգեր են թելադրելու, ասելու են, որ էս պահին հրաժարականն իրատեսական չէ, եկեք Ապարանի կոյուղաջրերի հարցը բարձրացնենք, նա խուդոյ կանեց՝ պահանջենք ժողովրդին հանձնել Սամվել Ալեքսանյանի «Փարվանա» ռեստորանը: Նման «նվաճումների» խոսափողներ իշխանությունն իր պահեստում ունի: Ինքը միայն ջլատողների ինստիտուտ է ձևավորել էս տարիների ընթացքում: Որովհետև երբեք չի մոռանում՝ ազատագրված կամ գրավյալ տարածքներն անցավ զիջելու խնդիր ունի:

Եվ քանի դեռ «ապաքաղաքական» դեմքեր են մարդկանց փողոց դուրս բերում, Սերժ Սարգսյանը կարիք չունի իմիտացնելու իր կողմնակիցների հակաակցիան ի պաշտպանություն իրեն, իր կողմնակիցներն առանց այն էլ իր ընդդիմախոսների շարժման մեջ են: Մի քանի օր իշխանությունը կարող է իմիտացնել փողոցային բողոքի խաղաղ գործողություններ, մինչև ժողովուրդը տեսնի, որ էս շոգին դրանից էլ «խեր» չկա: Իշխանությունն էդ համբերությունը ունի: Ինքը, հիշեք, էսօրվա հարց չի լուծում: Քաղաքական ուժերի հետ նրա խաղերը մինչև վերջ խաղացվել են, և քաղաքական ուժերը այս ամենում չկան: Մինչդեռ բողոքի շարժումն առանց արյունահեղության ծավալելու համար քաղաքական դեմքեր են պետք: Եթե քաղաքական դեմքեր չլինեն, ցանկացած շարժում ջլատելու համար մեզանից յուրաքանչյուրը բավարար է: Չէ՞ որ, ըստ էության ցանկացած բողոքի գործողության մեջ միշտ կա մի կետ, որտեղ մեզանից յուրաքանչյուրը մի քիչ այլ պատկերացում ունի: Որովհետև բոլորի մեկ կետում հավաքվելը մեկ տեսիլք է ուզում, և եթե այդ տեսիլքը ձևակերպող չկա, իշխանությունն ազատ է նրանց պարտադրել իր «դանթեականը»: Ինչու՞: Որովհետև մենք ուրիշի պարտության մղման «տեսլականը» չունենք: Մենք մեր մարզաձևը վաղուց չունենք, ծանրամարտում տապալվում ենք դոպինգ ստուգումների «ստուգատեսում», շախմատում զիջել ենք դիրքերը, իսկ ֆուտբոլում ընդհանրապես չկանք: Բոլոր ընտրություններում ապահովել ենք ՈՒՐԻՇԻ հաղթանակը: Որովհետև մենք սեփական պարտության ընկալումը չունենք: Եվ, ինչպես բանաստեղծ Տիգրան Պասկևիչյանն է ակնարկում, այդպիսի ընկալումով էլ վարակել ենք իշխանություններին: Մեր վերջին հաղթողը Մոնթեն էր, որը «պարտվել» բառը չգիտեր: Չգիտեր, որովհետև դեռ չկար էն կենսատարածքը, որտեղ պարտությունը նույնպես պետական քայլ է: Բոլորս գիտենք, թե որտեղ է նստած այսօրվա պարտվել չիմացողը: Նա Բաղրամյան-26-ում է: Հայաստանը որպես պետական միավոր գրեթե չկա, իսկ նա դեռ պարտվել չգիտի: Հետևաբար նա գիտի միայն իր հաղթանակը: Հետևաբար այդպիսի հաղթանակը պետության հետ կապ չունի: Ուրեմն, պետք է գա մեկը, որն իրեն կնույնացնի պետության հետ, ոչ թե՝ պետությունն իր հետ: Երբ դու քեզ դնում ես պետության տեղը, Մաքսիմ Սարգսյանը պետություն չէ, այլ քո ծառան: Իսկ երբ պետությունն ես նույնացնում քեզ, մուրացկանն անգամ դառնում է պետական միավոր: Ամբողջ Հայաստանը չգիտի պարտվել, որովհետև երբեք ինքնակամ չի պարտվել: Ամբողջ Հայաստանը առ այսօր պարտվում է ուրիշի հաղթանակների օրակարգով: Սրա համար ո՞վ պետք է պատասխան տա՝ Մաքսիմ Սարգսյա՞նը: Ոչ: Սրա համար պատասխան տվողը այսօր մենք ենք, վաղը ազատագրված տարածքների բնակիչը, մյուս օրը, գուցե, ղարաբաղցին:

Իսկ ոստիկանի մահը, ընկերներ, Սերժ Սարգսյանի խղճին է: Պետք չէր ընտրություններ կեղծել, պետք չէր ամեն փողոց դուրս եկողին ձերբակալել ու տանել բաժին: Պետք չէր լրատվամիջոցներ բացել միայն սեփական հագով, որոնք այդպես էլ որևէ մեկիդ գլխի տկլորությունը չծածկեցին: Եթե «սա Հայաստանը չէ», գնացեք ձեր Ադրբեջանը: Մենք, ձեր իսկ բառերով ասած, Ադրբեջան դարձնելու Հայաստան չունենք:

Մեկնաբանել