Պավլիկ Մանուկյանից մինչեւ Պավլիկ Մորոզով

Պավլիկ Մորոզովը խորհրդային պիոներ էր, որը ստալինականներին մատնեց իր «հարստահարիչ» հորը, ինչի համար սպանվեց:

Սերժ Սարգսյանը չի խոսում է: Ամբողջ իշխանությունն չի խոսում: Փոխարենը արդեն խոսում են «Սասնա ծռերի» տղաների ծնողները եւ պահանջում են, որ որդիները վերադառնան իրենց մոտ: Էսպիսի բաներ Հյուսիսային Կորեայում են պատահում: Էս ծնողները Սերժ Սարգսյանի պատանդն են: Որովհետեւ ինքը ասելու ոչինչ չունի:

Երկուսի՝ Էդգար Սողոմոնյանի եւ Գառնիկ Հովակիմյանի, ծնողները բաց տեքստով ասում են, որ Ռուսաստանից էին եկել: Այսինքն, Հայաստանը մեզ չի վերաբերվում, իրենց որդիներին չի վերաբերվում: Հասկանու՞մ եք: Սերժ Սարգսյանը չի խոսելու, քանի դեռ իր պատանդներն ավելի շատ են, քան՝ «Սասնա ծռեր» խմբի տղաների: Եվ իր պատանդներին տնօրինելու գործունեության ավելի լայն դաշտ ունի Սերժ Սարգսյանը, քան՝ էդ խմբի տղաները: Թող էդ տղաներն իսկապես ողջ ու առողջ վերադառնան իրենց ծնողների մոտ: Թող առանց շոշափելի արդյունքի վերադառնան: Նրանք, միեւնույն է, եթե քրեական գործ էլ չհարուցվի, վերադառնալու են Ռուսաստան, որտեղից եկել էին: Նրանց ծնողների վարքը գուցե հասկանալի է, որովհետեւ իրենք նույնպես պատանդ են: Հասկանալի է, որովհետեւ գուցե նրանց ասել են, որ եթե չխոսեք, կսպանենք նրանց: Եվ ծնողներն այնքան պիտի խոսեն, մինչեւ «վաստակեն» որդիներին կենդանի տեսնելու «իրավունքը»: Ծնողները խոսում են, որպեսզի իրենց որդիներին դարձնեն Պավլիկ Մանուկյանի եւ Վարուժան Ավետիսյանի զոհ: Իսկ տղաներն, ի դեպ, ասում են, որ իրենց կամքով են զենք վերցրել եւ ոչ մի տեղ չեն պատրաստվում գնալ:

Սերժ Սարգսյանն, ի տարբերություն տղաների, կրակում է «խոլոստոյ» փամփուշտներով: Միայն թե ոչ մի բան չասի: Նրան թվում է, թե «Սասնա ծռերի» տղաները «Էլեկտրիկ Երեւանի» տղաներն են ու խելքները գնում է իր մի նախադասությունից: Սա այդ դեպքը չէ: Նրանց միայն հրաժարականի խոսք է պետք: Ամբողջ Հայաստանը գիտի, որ այդ խոսքն ասելն այդքան հեշտ չէ, ամբողջ Հայաստանը գիտի, որ այդ աթոռի համար ինքը 10 հոգու է սպանել եւ, եթե պետք լինի, գուցե կրկին սպանի: Եվ ամբողջ Հայաստանը գիտի, որ ինքը «գործի» մարդ է, ոչ թե՝ խոսքի: Բայց սա այդ դեպքը չի: Չխոսելը խոսքի արժեքը չիմացող մարդու ամենալեգիտիմ վիճակն է: Մենք հիշում ենք խիյարի թարս աճելու, «եկել ես էստեղ մեր տոնը փչացնում ես» կարգի արտահայտությունները: Այո, չխոսելը նախանձելի վիճակ է: Եվ ինքը այսուհետեւ նույնպես չի խոսելու, քանի դեռ իր զինանոցում ունի խմբի տղաների ծնողներին մարդամեջ գցելու տիպի «թատրոններ»: Պավլիկ Մանուկյանը որդու հետ դիրքերում է, իսկ նրա տղաների ծնողներից փորձում են ստանալ Պավլիկ Մորոզով: Դեռ լավ է, որ ծնողները տղաներին չեն դատապարտում: Բայց եթե նրանց սպանելու սպառնալիքն ավելի հավանական լինի, գուցե ծնողները դրան էլ գնան: Խորենացու փողոցում տեղի ունեցողից հետո այսպիսի քստմնելի ասուլիս նախաձեռնելն այն մասին է, որ Խորենացու հռչակավոր ողբը Մենդելեեւի աղյուսակի նման դեռ չլրացված տեղեր ունի: Մենք դեռ ողբալու թեմաներ ունենք եւ ողբալու դեմքեր, որոնք այդ տղաների ծնողները չեն, համենայնդեպս: Մենք դեռ մինչեւ վերջ չենք իջեցրել հակապետության սանդղակը, որպեսզի հասկանանք, թե որտեղից է պետք սկսել բարձրացնել:

Մարդը, այսինքն, Սերժ Սարգսյանը, չի խոսում, կարծում է, թե լռում է: Իսկ այդ մարդուց ու իր ընտանիքից բացի ո՞վ է երազել այսպիսի Հայաստանի մասին: Այս ամենն իրենց չի վերաբերու՞մ: Ուրիշի արժանապատվության զգացումն իրենցը չէ՞, երբ այսպիսի Հայաստանը մտնի պատմության էջ եւ դասավանդվի դպրոցներում: Դուք Ադրբեջանում նման դեպք հիշու՞մ եք: Թե՞ սա չխոսելու նանոտեխնոլոգիան է: Մի մարդու հրաժարական է պետք: Էդ տղաները, համենայնդեպս Հայաստանի քաղաքացիների մեծ մասի պատկերացմամբ, նաեւ իրենց ծնողների համար են նաեւ գնացել այդպիսի քայլի, նրանք Սերժ Սարգսյանին համարում են մեզ իրենից ազատելու գործոն: Որպեսզի փրկենք պատմության էջերը առանց Հայաստանի թերթվելուց: Որպեսզի դպրոց ունենանք, որպեսզի թատրոնը լինի թատրոնի շենքում, ոստիկանը միայն հանցագործներով զբաղվի, ԱԱԾ-ն կանխի պետության դեմ իրականացվելիք հանցանքը: Այսպիսի բաները ոչ մեկի առանձին վերցրած ընտանիքի շահերը հաշվի չեն առնում, նրանք ամբողջ պետությունն են ընդգրկում: Օգնեք բոլորին, նաեւ էդ ծնողներին, որ չդառնան դերասան ոստիկանությունում: Որ չդառնան ԿԳԲ-ի գործակալ իրենց տանը: Որ չդառնան հանցագործ հանուն որդիների: Որ չդառնան պատանդ հաջորդ իշխանության ձեռքը: Նրանք իրենցը «խաղացին»: Ընդամենը օգնեք: Եթե չեք կարող, ասում եմ ձեզ, դուք «Սասնա ծռերի» տղաներին լիազորում եք որպեսզի սպանեն արդեն առանց պետության ընկալման: Որովհետեւ սպանության «դաբրոն» ձեր ներկայությունն է: Ձեզ առ այսօր ոչինչ չի ներվել, որովհետեւ պետության բռնած գիծը չներելու ուղղությամբ է, բայց ինքս ինձ չեմ ների, երբեք չեմ ների, եթե ձեր թոռնիկը ամաչի ասել, որ «իմ պապը Սերժ Սարգսյանն է»:

Մեկնաբանել