Պավլիկի տղաներն ահաբեկիչներ չեն

6Իշխանությունն այնքան իր հագով հարմարեցրեց օրենքի ցանկացած կետ, որ հիմա դրա հերթը ժողովրդինն է: Ահաբեկչությու՞ն է արդյոք «Պավլիկյան շարժման» (հեղինակային իրավունքը՝ Դերենիկ Մալխասյանի) տղաների արածը:

Լեոնիդ Անդրեեւի «Միտքը» վիպակի հերոսը՝ բժիշկ Կրժենցեւը, մարդ է սպանել: Եվ հիմա հոգեբուժարանի իր սենյակից փորձագետներին փորձում է հասկացնել, որ առանց վերին դատավորի ամեն ինչ հարաբերական է. «Եթե ապացուցելու լինեք, թե ես ցնորված եմ, ապա ես ձեզ կապացուցեմ, որ առողջ եմ: Կասեք, թե չի կարելի գողանալ, սպանել ու խաբել, զի դրանք անբարո արարք են ու հանցանք, իսկ ես ձեզ կապացուցեմ, որ կարելի է սպանել ու թալանել, եւ որ դա շատ էլ բարոյական է: Դուք կասեք ձեր մտածածը, ես կասեմ իմ մտքինը, եւ երկուստեք ճիշտ կլինենք, եւ մեզնից ոչ ոք էլ ճիշտ չի լինի: Ո՞ւր է այն դատավորը, որը կարող է դատել մեզ եւ գտնել ճիշտը» (թարգմ. Լեռնիկ Դալլաքյանի): Եվ, ուրեմն, երբ ոչ ոք ճիշտ չէ կամ բոլորը ճիշտ են, դա քաոս է: Քաոսի կարգավորման համար գոյություն ունեն օրենքները՝ աշխարհիկ կյանքի «գրավիտացիան»: Օրենքներն այն բանի համար են, որպեսզի պետությունը չապավինի մարդու եւ նույնիսկ բոլոր մարդկանց ողջախոհությանը: Մարդիկ տարբեր են, մինչ օրենքը «հավասարեցնում» է բոլորին: Հենց սկզբից օրենքի տառով ապրող եւ բոլոր ինստիտուտներով լեգիտիմ ցանկացած պետության մեջ «Պավլիկյան շարժման» տղաների արածը ահաբեկչություն է, բայց այդպիսի պետության մեջ ահաբեկիչները կլինեին ոչ իրենք:

Կարելի է ասել, որ ինքնին ահաբեկչությունը հնարավոր է կերցնել ճշմարտության էն դրվագով, որը չի հերիքում նույնիսկ լեգիտիմ իշխանությամբ պետությանը, ասենք, Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը չի սիրում իր կնոջը: Ես՝ ահաբեկիչս, այսինքն, քաղաքակրթական ոչ մի արգելակ չունեցողս, զենքը վերցնում եմ ու գնում նախարարի մոտ՝ իր կնգան չսիրողը ինչպե՞ս պիտի սիրի իր պետությունը, գնամ իմ սեփական ուժերով հեռացնեմ դրան իշխանությունից: Բայց ոչ, լեգիտիմ պետության մեջ քաղաքացու ողջախոհությունը հուշում է իր «ահաբեկչությունն» իրականացնել փողոցում բողոքի ձայնը բարձրացնելով կամ էթիկայի հանձնաժողովի պարզաբանումը խնդրելով: Ինքը զենք վերցնելու կարիք չունի, որովհետեւ ողջախոհ մարդը բողոքում է, որպեսզի ինքը շարունակվի համընդհանուր բարոյականության զուլալ միջավայրում, մինչդեռ ահաբեկիչն ինքն իր վրա խաչ է քաշում: Ողջախոհ մարդուն իր բարոյականությունը զուլալ պահելու պետական երաշխիքներ են պետք, որովհետեւ զենք վերցնելն արդեն այդ ամենը կյանքի շրջանակներում ունենալու հայտ չէ: Վատագույն դեպքում, ընտրություններին նա կգնա ընտրատեղամաս եւ ֆինանսների նախարարի կուսակցության դեմ կքվեարկի: Այսինքն, լեգիտիմ պետության մեջ սեփական էմոցիաներդ արտահայտելու լավագույն տեղը փողոցն է, որն այդ պահի իրական «քվեատեղամասն» է, երբ ընտրություններ չկան, եւ ընտրություններն են, որը փողոցային միջոցառում չէ: Այսպիսի երկրներում ահաբեկչությունը միշտ պետության եւ քաղաքացու դեմ ուղղված սպառնալիք է, նույնիսկ եթե այն թելադրված է ներսից: Սակայն այն երկրներում, որտեղ դու մեկուսացված ես քաղաքացու քո իրավունքներից, որտեղ փողոցը ոստիկանությանն է, իսկ ընտրատեղամասը՝ խուժանինը, որտեղ քաղաքական գրեթե բոլոր ուժերը Հանրապետականին (կոմկուսին, Հյուսիսային Կորեայի Բանվորական իշխանությանը) առընթեր են, որտեղ բիզնեսները քվոտավորված են 3-4 ընտանիքների միջեւ, կարճ ասած, որտեղ ապրողն ահաբեկված է իշխանության անպատժելիությամբ, ահաբեկչություն չկա:

Իշխանության բռնի ուժը ահաբեկչություն չէ, որովհետեւ այն խաղի կանոնի մաս չէ՝ կուզեն հրապարակավ կմորթեն, կուզեն հրապարակավ կքերթեն, կուզեն կբավարարվեն ոտքերը ջարդելով, սպանելով, այս ամենը ահաբեկչություն չէ, եթե այն հենց պետական կառավարումն է: Երբ ընտանիքում խաղի կանոներ կան, որոնցում, ասենք, բարձր ձայնը դատապարտելի վարք է, կնոջդ բղավոցը ահաբեկչություն է երեխայի եւ ամուսնու հանդեպ: Իսկ երբ չկան այդ խաղի կանոնները, կնոջդ բղավոցը կարող է ավարտվել նրան քացու տակ քցելով, որը նույնն է, թե՝ ես քեզ սիրում եմ կամ՝ գնա, տիրոջ… (հազար ներողություն): Ահաբեկչության դեմ պայքարը ձեւակերպվում է օրենքով, հետո այն դառնում է մշակույթ: Ահա ինչու, ժողովրդավարական երկրներում ահաբեկիչները «խոսում» են մի լեզվով, որն այդ երկրներում չեն սովորել: Եթե ահաբեկչությունը տարընթերցում չունի, սակայն այս իշխանությունը դեռ կա, ուրեմն բացարձակապես այլ Հայաստանում ենք, որի օգտին նույնիսկ կեղծիքներով չենք քվեարկել: Ուրեմն, ինչու՞ առկա մահով հանդերձ «Պավլիկյան շարժման» տղաների արածն ահաբեկչություն չէ: Որովհետեւ մտավորականը մտավորական չէ, բանտարկյալը հանցագործ չէ, նախարարը գրագետ չէ, վարչապետը մի ուրիշ ձեւի կոռումպացված է, նախագահը՝ մարդասպան: Դու չես կարող քվե կեղծել եւ ՊՊԾ շենքի գրավումը համարել ահաբեկչություն: Կամ երկուսն էլ դատապարտելի են, կամ երկուսն էլ գոյության ստույգ իրավունք ունեն: Ինչ վերաբերվում է ոստիկանի մահվանը, նա, որոշ տեղեկություններով, փոխհրաձգության մեջ է եղել, այսինքն, դիմադրել է: Դիմադրության հանդիպած ահաբեկչություն չկա: Անպայման պետք է անակընկալի գաս: Արթուր Վանոյանն անակընկալի չի եկել մյուսների նման: Փորձել է իրականացնել իր պարտականությունները: Այսօրվա ոստիկանությունը դիմադրողականություն ունի պետական ահաբեկչության հանդեպ, որովհետեւ դա արվում է իր ձեռամբ, ինքն իրենից չի ահաբեկվի: Առաջին անգամ նա գործ ունեցավ նրանց հետ, որոնք նույնպես ահաբեկված չեն: Իսկ նրանք Նրա արյունը «փայատերեր» ունի Սերժ Սարգսյանից սկսած: Միայն բոլոր փայատերերի դատարանի առաջ կանգնեցնելուց հետո շարժման տղաները պետք է ուղղակի պատմեն, թե ինչպես զոհվեց ոստիկանը:

Մեկնաբանել