24 հուլիս, 2016 17:04

Հերոսը և հակահերոսը

vitaly-balasanyan-(2)Վիտալի Բալասանյանի երեկվա վարքը չընկալվեց: «Սասնա ծռերի» տղաները չներեցին նրան լրագրողների հանդեպ վերաբերմունքը: Հերոսը մի քանի ժամում դարձավ հակահերոս: Արցախի հերոսը սխալվեց, երբ սկսեց հրահանգել լրագրողներին: Այդ ոճով չեն խոսում մարդկանց հետ, որոնք քո ողորմածությամբ չեն այնտեղ: Այդ ոճով ընդհանրապես չեն խոսում մարդկանց հետ, առավելեւս, հրում նրանց: Էլ չեմ ասում, որ դրա համար պահում ինչ-որ մի խնամված երիտասարդի, որն այդպիսի իրավիճակի համար համապատասխան ոչ մի բառ չունի:

Նա սխալվեց, երբ իր հրահանգներին չենթարկվող լրագրողներին ասաց՝ ուզում եք «պլե՞ն ընկնել»: Այս արտահայտությունը «Սասնա ծռերի» տղաներին միանգամից դարձրեց ահաբեկիչ: Որովհետեւ ոչ ահաբեկչին լրագրողները որպես «պլեն» պետք չեն: Նա սխալվեց, երբ հայտարարեց, որ տղաների մեծ մասը Սերժ Սարգսյանի հրաժարականը չեն պահանջում, դա հենց մի քանի րոպեում տեղում հերքվեց եւ հերքվեց շատ ագրեսիվ: Բալասանյանն, ինչպես ասում են, կորցնում էր իր առաքելության «հմայքը» ոտքի վրա: Նա տղաներին բարոյազրկեց, երբ ասաց, որ Ժիրայր Սեֆիլյանը նույնպես չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այդ դեպքում, ինչպես ասում էր վերջինիս տատիկը, ինչի՞ համար ենք հավաքվել: Հերոսը սխալվեց կապույտ վերնազգեստով եւ սպիտակ տաբատով ղարաբաղցի երիտասարդին (Բալասանյանի վստահությունը վայելող այս տղան կապավոր էր բարձրաստիճան ոստիկանության եւ «Սասնա ծռերի» միջեւ), որին զինված տղաների մեծ մասն արդեն վերաբերվում էր մեծ տհաճությամբ, վստահելով շփման ոճի մեջ ընտրություն չկատարելու գործը՝ այս երիտասարդը հոխորտում էր եւ հարձակվում ում վրա պատահի: Նա նույնպես նպաստեց Բալասանյան-հերոսի «անկմանը»: Նա սխալվեց, երբ լրագրողների ներկայությամբ վիրավորեց եւ գրեթե հողին հավասարեցրեց ՊՊԾ գունդը գրաված տղաներից մեկին, վերջիններս չափազանց շատ էին վստահում հերոսին եւ հերոսը չափազանց շատ բան թույլ տվեց իրեն:

Իսկ լրագրողների մոտ կեսը աղջիկ էր: Ոմանք, գուցե, համակրանքով էին նայում այդ տղաների արածին: Եվ քանի որ իրենք իրենց հանցագործ չէին համարում, չէին կարող կուլ տալ հերոսի այդպիսի վերաբերմունքը: Այդպիսի վերաբերմունքը գուցե մարսվեր, եւ գուցե մարսվել էր մինչեւ լրագրողների մուտքը, բայց այդպիսի վերաբերմունքը, ըստ «Սասնա ծռերի», չպետք է վկաներ ունենար: Նա սխալվեց, երբ ամբողջությամբ լրագրողների վստահության դաշտ մտած զինված տղաների ներկայութմաբ ցույց տվեց, թե ինչպես կարող է խոսել լրագրողների հետ: Տղաները տեսան, որ իրենց սիրտը բացում էին ինչ-որ քնձռոտ գրչակների մոտ: Էթիկական առումով դա դաշույնի հարված էր նրանց սրտում: Հերոսը տապալեց իր «էթիկական» առաքելությունը: Նրան բանակցություններից հեռացնելու մասին հայտարարեց նա՝ Վարուժան Ավետիսյանը, ով լրագրողների այնտեղ գտնվելու ընթացքում ոչ մի անգամ չբարձրացրեց ձայնը, ոչնչում չմերժեց լրագրողներին, ոչ մի ավելորդ արտահայտություն թույլ չտվեց իրեն եւ հայտարարեց, որ առանց լրագրողների իրենց արածը քոռ կոպեկի արժեք չունի: Տղաները որոշեցին, որ լրագրողների այստեղ գտնվելու ընթացքում հերոսն արագորեն բացահայտեց իր դեմքը: Նա սխալվեց, երբ տղաների եւ լրագրողների ներկայությամբ փորձեց զինաթափել հաշմանդամ հոր որդուն, որը երկու քարի արանքում էր եւ որին ամբողջ ձայնով խոսելու համար խանգարում էր հենց լրագրողների ներկայությունը: Զինաթափելով այդ երիտասարդին, Բալասանյանը վիրավորեց տղաներին, ՊՊԾ գնդի տարածքում ցույց տվեց իր իշխանությունը, որը նրան ոչ ոք ինքնակամ չէր զիջել: Եվ որը զիջելու մասին խոսք էլ չէր եղել: Նա սխալվեց, երբ խոսեց դատարանի առաջ այս տղաների պատասխանատվության մասին, թեպետ իրավական առումով ճիշտ էր: Նա գուցե տեղյակ չէր, որ այս քայլն անելիս «Սասնա ծռերը» ցույց է տվել, որ ոչ մի դատարան չի ճանաչում եւ չկա այդ դատարանը Հայաստանում, որի առաջ իրենք պետք է պատասխան տան: Բալասանյանը սխալվեց, ի վերջո, մտածելով, որ եթե զենքը մտել է քաղաք, դա նույնացնում է իրեն եւ տղաներին: Եվ դա ինչ-որ իմաստով նրան եւ տղաներին ի վերջո դարձրեց հակառակորդ, քանի որ լրագրողների ներկայությամբ նա ակնհայտորեն բռնեց տղաների թշնամու կողմը:

Մենք տեսանք հակահերոսին: Սակայն Վիտալի Բալասանյանին պետք է հասկանալ: Հերոսը միշտ չէ, որ ինտելեկտուալ կերպար է, եթե չասեմ, որ հերոսները երբեք այդպիսին չեն եղել: Աշխարհը գրեթե չի ճանաչում ինտելեկտուալ հերոսների: Բալասանյանն այն կերպարն է, որի հետ հաշվի էին նստում «Սասնա ծռերի» տղաները: Եվ նրա միջոցով էին հանդուրժում կապույտ վերնազգեստով եւ սպիտակ տաբատով երիտասարդին: Տղաները պատրանքներ չունեին, թե Բալասանյանը պետք է նպաստի իրենց գործի հաջողությանը: Հերոսը նույնպես դա գիտեր: Նա քաղաքական կերպար չէ, նույնիսկ ԼՂՀ նախագահի թեկնածու առաջադրվելով երբեք քաղաքական բառապաշարով աչքի չի ընկել: Բարոյականության նրա պատկերացումները հղկվելու որեւէ առիթ չեն ունեցել, նրա ամբողջ բարոյականությունը ԼՂՀ անձեռնմխելիությունն ու անվտանգությունն են, մի քանի լրագրողները նրան՝ ի՞նչ: ԼՂՀ-ի համար այդ մարդը տղել է այն ամենը, ինչ կարողացել է տալ: Հավանաբար, նրան ասել են նաեւ, որ «Սասնա ծռերի» արարքը նույնպես լավ չի անդրադառնա բանակցությունների ընթացքի վրա: Այս իմաստով նա տագնապելու տեղ ունի: Այսինքն, արդեն իսկ ունի իր շահը տղաներին համոզելու վայր դնել զենքերը: Նա, ըստ էության, հակահերոս դարձավ մի դաշտում, որ Ղարաբաղի համար կռվի դաշտ չէ, իր համար զենք վերցնելու տեղ չէ: Այնպես որ Բալասանյանը մեծ հաշվով հերոս է, որին կտրել էին իր միջավայրից:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: